Թուրք նախարարը ներկայացրել է 2015 թվականին ընդառաջ իրենց հակահայկական հնարավոր քայլերը

Թուրքական Yeni Asır թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը ներկայացրել է 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թուրքական կողմի հակաքայլերի մասին իր առաջարկը:

Նախարարը, մասնավորապես, առաջարկել է Իզմիրում կառուցել այն թուրք դիվանագետների հուշարձանը, որոնք 1973-1984 թվականին սպանվել են ASALA-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ` Armenian Secret Army for the Liberation of Armenia) կողմից: Չելիքն այդ հուշարձանի կառուցումը որակել է որպես «ազգային նախագիծ»:

Չելիքն անհրաժեշտ է համարել 2015 թվականին ընդառաջ Ստամբուլում ու Անկարայում երկու առանձին հուշարձանի կառուցումը, որոնք նվիրված կլինեն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ «հայերի կողմից թուրքերին կոտորելուն»:

Նախարարը ներկայացրել է 6 կետանոց մի պլան՝ կապված Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ Հայկական լոբբիի դեմ պայքարելու հետ: Վերապատրաստվելու են օտարազգի զբոսաշրջիկների հետ աշխատող «զբոսավարները»: Այդ նպատակով օգտագործվելու է Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ, հայտնի հայատյաց Յուսուֆ Հալաչօղլուի «1915 թվականի իրադարձությունները» գիրքը, որը պետք է թարգմանվի անգլերեն և տարածվի ողջ Թուրքիայում:

Նախատեսվում է նաև աշխարհի տարբեր երկրներից Թուրքիա հրավիրել 120 մագիստրոսի ու դոկտորի, որոնք «ակադեմիական մակարդակով» տեղեկություններ կհաղորդեն 1915 թվականի իրադարձությունների մասին:

Հիշեցնենք , որ 2011 թվականի մարտի վերջին թուրքական Taraf թերթը գրել էր, որ 1996 թվականի նոյեմբերի 3-ին տեղի ունեցած «Սուսուրլուքի վթարի» գործով կասկածյալ Այհան Չարքընը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ.

«Ես կոչ եմ անում բացել «ԱՍԱԼԱ»-ի գործի արխիվները: Եթե դուք դա անեք, ապա կտեսնեք, որ մեր դեսպանների մի մասին սպանել է ոչ թե «ԱՍԱԼԱ»-ն, այլ` Թուրքիայի «խորքային պետությունը»»:

Թուրքիայում «խորքային պետության» գոյության մասին առաջին անգամ պաշտոնապես հայտարարվել է 1974 թվականի սեպտեմբերի 26-ին` տվյալ ժամանակվա վարչապետ Բյուլենթ Էջևիթի կողմից, Գիրեսունում:

Մեկ այլ տեսության համաձայն` «խորքային պետության» արմատները ձգվում են մինչև Օսմանյան կայսրության անկման դարաշրջան` Teşkilât-ı Mahsusa: Այս տեսակետի աջակիցների թվում է նաև Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Խորքային պետությունը» իրականում երկրում հեղաշրջման հիմք նախապատրաստելուն ուղղված մի մեխանիզմ է, որում ընդգրկված են կուլիսներում համապատասխան աշխատանքին լծված զինվորական, դատական ու բյուրոկրատական ընտրանու ներկայացուցիչները:

Նրանք տարբեր ոլորտներում կողմնակիցներ են հավաքագրում և փորձում են ազդել երկրի ներքաղաքական ու արտաքաղաքական իրադարձությունների վրա: Այդ ամենն իրականացվում է ապօրինի կերպով. շատ դեպքերում գործի է դրվում շանտաժն ու վախի մթնոլորտ ստեղծելը: «Խորքային պետության» կողմնակիցները նման եղանակներով իրենց կարծիքը փաթաթում են մյուսների վզին:

Տեսանյութեր

Լրահոս