
2013 թվականի մարտը ճանաչվել է սիրիական հակամարտության ամենաարյունալի ամիս

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի մարտը ճանաչվել է որպես Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի ամենաարյունալի ամիս:
Այսպիսի եզրահանգման է եկել Լոնդոնում բազավորված Syrian Observatory for Human Rights (SOHR) իրավապաշտպան կազմակերպությունը, ով հետևում է Սիրիայում մարդու իրավունքների խախտմանը:
SOHR-ը Facebook-ի իր էջում հրապարակել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների ու հակառակորդների բախումների ժամանակ գրանցված զոհերի մասին հաշվետվությունը:
Իրավապաշտպանների տվյալներով՝ մարտին Սիրիայում սպանվել է 6005 մարդ: Դա գերազանցում է սիրիական հակամարտության առաջին 9 ամիսներին գրանցված զոհերի քանակը: Նախորդ ամիս զոհվածների մեծ մասը հանդիսացել են խաղաղ քաղաքացիները:
Զոհվածներից ավելի քան 1/3-ը հասարակ սիրիացիներ են (մոտ 300 կանայք ու երեխաներ): Հակամարտող կողմերի կորուստները գործնականում հավասար են՝ 1400-ական զինվոր: 600 սպանվածի ինքնությունը չի հաջողվել պարզել:
SOHR-ի տվյալներով՝ ավելի քան երկու տարի շարունակվող հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է 62.500 մարդ, որոնց մոտ կեսը խաղաղ քաղաքացիներ են, ավելի քան 11.000-ն ապստամբներն են, իսկ ավելի քան 15.000-ը՝ Բաշար Ասադի բանակի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության հետևանքով ավելի քան 2 տարում զոհվել է ավելի քան 70.000 մարդ: