
Ադրբեջանում ձերբակալվել է NIDA-ի 7-րդ անդամը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ձերբակալվել է NIDA շարժման 7-րդ ակտիվիստը: Խոսքը գնում է բլոգեր Զաուր Գուրբանլըի մասին, ով երեկ ձերբակալվել և բերվել է Գլխավոր դատախազության՝ ծանր հանցագործությունները քննող հետաքննական վարչություն:
Նրա նկատմամբ որպես նախնական խափանման միջոց է ընտրվել եռամսյա կալանքը: Գուրբանլըի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել 228-րդ հոդվածի 3-րդ կետով (կազմակերպված հանցավոր խմբի կազմում պայթուցիկ նյութերի ապօրինի պահպանում):
Նույն հոդվածով և ապօրինի եղանակով թմրանյութեր պահելու մեղադրանքով ավելի վաղ ձերբակալվել է NIDA-ի 6 անդամ, որոնք մեղադրվել են պայթուցիկ նյութերի ու թմրանյութերի ապօրինի պահպանման մեջ: NIDA-ն հայտարարել է, որ իշխանությունները չեն կարող ձերբակալություններով վախեցնել իրեն: