Բժեզինսկին չի հավատում Ռուսաստանի կողմից Եվրասիական միություն ստեղծելու հաջողությանը
Polskatimes.pl-ին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին հայտարարել է, որ չի հավատում Ռուսաստանի կողմից Եվրասիական միություն ստեղծելու գաղափարին՝ ընդգծելով «լայն Արևմուտքի» ստեղծման անհրաժեշտությունը.
«Ասել, թե Ռուսաստանը ներկայումս ստեղծում է Եվրասիական միություն, կլիներ մեծ չափազանցում: Այն առաջին հերթին ցանկանում է ստեղծել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն ներկայումս դա միայն ցանկություն է և ոչ թե կատարված փաստ:
Կրեմլը փորձելու է հետխորհրդային երկրներին համոզել միանալ համագործակցության ամրագրման ընդհանուր հայեցակարգի շուրջ: Սակայն բավական է այցելել այդ երկրներ՝ գիտակցելու համար, որ տեղի քաղաքական ընտրանիները բավական հակված են իրենց ինքնիշխանության գաղափարին և իրենց դուր է գալիս սեփական անկախ պետությունը ղեկավարելու փաստը: Դա կատարելապես զարմանալի չէ:
Յուրաքանչյուրը ցանկանում է լինել սեփական երկրի նախագահ, վարչապետ, նախարար, գեներալ կամ դեսպան և ոչ թե գլոբալ բյուրոկրատիայի անդամ, որը կփորձի կառուցել ազգային նոր կայսրություն՝ ընդ որում, հենված էթնոսի սեփական հասկացության վրա:
Ես դժվարությամբ եմ հավատում, որ Եվրասիական միություն ստեղծելու ռուսական գաղափարը կունենա հաջող ավարտ: Ի թիվս այլ բաների, այնպիսի իրավիճակում, երբ Արևմուտքը կարող է ամրապնդել իր ուժերը, իսկ Չինաստանը կկարողանա պահպանել զարգացման ներկայիս տեմպերը, Ռուսաստանի վիճակը նրանց միջև կլինի բավական անհարմար:
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը պետք է ավելի նուրբ և մտածված ռազմավարություն ունենա Մերձավոր Արևելքի նկատմամբ: Այդ պատճառով էլ ես ընդգծում եմ «լայն Արևմուտքի» ստեղծման անհրաժեշտությունը, որն իրենում կներառեր եվրաատլանտյան տիրույթը, ինչպես նաև Ռուսաստանը, Ուկրաինան կամ Թուրքիան»: