Բաժիններ՝

Աշխատավայրից կեսժամյա բացակայությունը 200 հազար դրամ արժեցավ

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ, շինարարական ընկերության անբարեխիղճ պահակ Վարդան Կարապետյանին դատապարտեց տուգանքի 200.000 ՀՀ դրամի չափով: Այսպիսով, դատարանը նրան մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 186 պրիմ 1 հոդվածով՝ Գույքի պահպանության պարտականություններն անփույթ կամ անբարեխիղճ կատարելը:

Վարդենիս քաղաքի 40-ամյա բնակիչ Վ. Կարապետյանը աշխատանքի է ընդունվել «ՎարդենիսՇին-5» ԲԲԸ՝ ընկերության կողմից իրականացվող Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում շինարարական աշխատանքների ընթացքում որպես գիշերային պահակ գույքի պահպանություն իրականացնելու համար՝ ժամը 18:00-ից մինչև հաջորդ օրը ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում: Ըստ մեղադրանքի՝ 2011 թվականի հոկտեմբերի 28-ին Վարդան Կարապետյանն իր պարտականություններն անբարեխիղճ է կատարել, այն է՝ նշված օրը, ժամը 19:40-ից մինչև ժամը 20:11-ն ընկած ժամանակահատվածում բացակայել է աշխատանքային տարածքից, որի ընթացքում անհայտ անձի կողմից դիտավորությամբ կատարված գործողությունների հետևանքով Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի առաջին հարկի նախասրահում հրդեհ է առաջացել, որի արդյունքում վնասվել և ոչնչացվել է տեղում առկա շինանյութը, մետաղապլաստե դռները, պատուհանները, մետաղապլաստե խողովակները, նախասրահի պատերն ու առաստաղը: Դրա հետևանքով «ՎարդենիսՇին-5» ԲԲԸ-ին պատճառվել է 2.700.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել էր դատական քննությունն անցկացնել արագացված կարգով ու հայտարարել, որ համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում: Արագացված դատաքննության կարգ սահմանելու դեմ մեղադրողը և տուժողի ներկայացուցիչը չեն առարկել, ուստի դատարանը բավարարել է ամբաստանյալի միջնորդությունը:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս