ՀԱԿ-ը կլոնավորում են. կլինի երեք ՀԱԿ
28 անհատների կողմից Արդարադատության նախարարությանն ուղղված դիմումը՝ ՀԱԿ կուսակցություն ստեղծելու վերաբերյալ, չափազանց տարօրինակ էր: Դեռ ՀԱԿ-ին անդամակցող կուսակցություններից որևէ մեկը որոշում չի կայացրել՝ միանալ ՀԱԿ-ին, նույնիսկ այդ հարցով ՀՀՇ համագումարն է տեղի ունենալու տասն օրից, ուրեմն ինչո՞ւ չսպասել, որ տեղի ունենա համագումար, ընդունվի կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, որից հետո կդիմեին Արդարադատության նախարարություն՝ գրանցելու նորաստեղծ կուսակցությունը: Ո՞րն է այս շտապողականության պատճառը, ինչի՞ց են զգուշանում այս 28 անհատները, որ առանց համագումարի, առանց կուսակցությունների դիրքորոշման հստակեցման՝ դիմում են Արդարադատության նախարարություն:
Պատճառն առավել քան պարզ է. պայքար է գնում ՀԱԿ անվան համար, այսինքն՝ ՀԱԿ-ին անդամակցող կուսակցությունները կիսվել են երկու մասի, և նրանց միջև պայքար է գնում, թե նրանցից ով իրավունք ունի հանդես գալ ՀԱԿ-ի անունից, ասել, որ՝ ՀԱԿ-ը մենք ենք: Լևոն Տեր-Պետրոսյանը և Լևոն Զուրաբյանը որոշել են առաջ ընկնել մյուսներից և առաջինը դիմել Արդարադատության նախարարություն, որպեսզի իրենց ընդդիմախոսներին զրկեն ՀԱԿ անունով այլ կազմակերպություն գրանցել:
Ինչպես հայտնի է՝ 2008թ. 18 կուսակցություններ ստորագրեցին հռչակագիր՝ Հայ ազգային կոնգրես անվանումով կուսակցությունների դաշինք ստեղծելու մասին: Հետո որոշ կուսակցություններ դուրս եկան ՀԱԿ-ից, մի քանիսը մնացին այնտեղ՝ շարունակելով տարաձայնություններ ունենալ Տեր-Պետրոսյանի և նրա կողմից իրականացվող քաղաքականության հետ: Մեկ շաբաթ առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով այլևս ՀԱԿ-ին անդամակցող ոչ բոլոր կուսակցությունների ղեկավարների կողմից էր ճանաչվում առաջնորդ, իր հարցազրույցում հայտարարեց, որ ՀԱԿ-ը կուսակցությունների դաշինքից վերածվելու է կուսակցության:
Արդյո՞ք Տեր-Պետրոսյանը նման որոշում կայացնելու իրավունք ուներ: Իհա՛րկե ոչ: Նման որոշում կայացնելու համար նախ՝ պետք է հրավիրվեր ՀԱԿ-ին անդամակցող կուսակցությունների համաժողով, որտեղ Տեր-Պետրոսյանը կարող էր նման առաջարկ ներկայացնել, որը կարող էր ընդունվել կամ մերժվել: Բայց քանի որ Տեր-Պետրոսյանը մեծ հաշվով թքած ունի ՀԱԿ-ին անդամակցող կուսակցությունների և նրանց դիրքորոշման վրա, նա որոշեց միայնակ լուծել հարցը:
ՀԱԿ-ին անդամակցող որոշ կուսակցությունների նախագահներ ամենևին էլ մտադիր չեն հանձնվել: Մեր ունեցած տեղեկություններով՝ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը և «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը փորձում են համոզել ՀԱԿ-ին անդամակցող և ՀԱԿ-ից դուրս եկած մյուս կուսակցությունների ներկայացուցիչներին, որ պահպանեն դաշինքը: Նրանց մոտեցումը շատ պարզ է. եթե ՀՀՇ-ն և էլի ինչ-որ կուսակցություններ ցանկանում են դուրս գալ ՀԱԿ-ից և համատեղ կուսակցություն ստեղծել, դա իրենց գործն է, թող դուրս գան և ստեղծեն, ինչպես որ դուրս են եկել բազմաթիվ այլ կուսակցություններ: Իսկ այն կուսակցությունները, որոնք ցանկություն չունեն միանալ նորաստեղծ կուսակցությանը, կշարունակեն ներկայանալ՝ որպես ՀԱԿ դաշինք: Գիմիշյանը և Մակեյանն առաջարկում են, որ ՀՀՇ-ից ազատված ՀԱԿ-ը կղեկավարվի ավելի ժողովրդավարական մոդելով, այնտեղ չի լինի առաջնորդ և նրա ներկայացուցիչ, այլ յուրաքանչյուր ամիս, ռոտացիոն կարգով, դաշինքը կղեկավարի ՀԱԿ-ին անդամակցող կուսակցություններից մեկը:
Տեսականորեն սա միանգամայն հնարավոր տարբերակ է. եթե Գիմիշյանին և Մակեյանին հաջողվի այս ծրագրի շուրջ համախմբել գոնե 7-8 կուսակցությունների: Այդ դեպքում նրանք կարող են իրենց համարել ՀԱԿ իրավահաջորդը և հասնել նրան, որ հանրային գիտակցության մեջ հենց իրենք ասոցիացվեն ՀԱԿ-ի հետ:
Մյուս կողմից՝ իրավական առումով Տեր-Պետրոսյանի համախոհները կստեղծեն և կգրանցեն ՀԱԿ անվանումով կուսակցություն`ՀԱԿԿ: Չնայած չի բացառվում, որ Տեր-Պետրոսյանը ստեղծի ևս մեկ դաշինք՝ ՀԱԿԿ, ՍԴՀԿ և ՀԺԿ մասնակցությամբ, որը կարող է դարձյալ ունենալ ՀԱԿ անունը:
Արդյունքում՝ Հայաստանում կարող է միաժամանակ լինել երեք ՀԱԿ. այսօրվա ՀԱԿ-՝ը հանած ՀՀՇ-ն և նրան տարրալուծված ուժերը, ՀԱԿ կուսակցությունը`ՀԱԿԿ-ն և ՀԱԿԿ-ն, և նրա հետ դաշինք կազմած ՀԺԿ-ն և ՍԴՀԿ-ն: