Բաժիններ՝

Հայաստանում գիտությունը ֆինանսավորվում է մնացորդային սկզբունքով, դա նշանակում է, որ գիտությունը «չի ֆինանսավորվում»

Գիտության ոլորտում մեր հարցերն ինքնուրույն ենք լուծում, առանձնապես սպասելիքներ չունենք: Այդ պատճառով երիտասարդների մի մասը կայուն գնում է Հայաստանից: Եթե բոլորը չթողնեն գնան, ապա մենք կդառնանք տարածաշրջանային ամենահզոր գիտական կենտրոններից մեկը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը՝ նշելով, որ իրենք պետության աջակցության հետ կապված հեռանկարներ չեն տեսնում:

Ըստ Ա. Սաղաթելյանի՝ Հայաստանում գիտական երիտասարդ ներուժի արտահոսք կա, ու եթե առաջիկա 5 տարում երիտասարդ բոլոր գիտնականները չգնան, օրինակ, իրենց կենտրոնից, ապա ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը տարածաշրջանում լուրջ դերակատարում կունենա, թեև այսօր էլ կենտրոնը լուրջ դերակատարում ունի: Շրջակա միջավայրի հետազոտությունների բնագավառում կենտրոնի իրականացրած հետազոտական աշխատանքի շնորհիվ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում այս տարի UNESCO-ն ստեղծեց իր՝ «Կրթություն՝ հանուն կայուն զարգացման» ամբիոնը, որտեղ երիտասարդ կադրեր են պատրաստվում: Ըստ Ա. Սաղաթելյանի՝ ընդհանրապես աշխարհում հազվագյուտ հանդիպող երևույթ է, երբ նման ամբիոնը ստեղծվում է հենց գիտական հաստատությունում:

«Որպես կանոն՝ նման ամբիոնները ստեղծվում են համալսարաններում, սակայն, հաշվի առնելով մեր փորձառությունն ու իրականացրած հետազոտությունների կարևորությունը, UNESCO-ն հարմար գտավ ստեղծել այն հենց մեզ մոտ»,- ասաց Ա. Սաղաթելյանը՝ ավելացնելով , որ իրենց հավակնոտ (ամբիցիոզ) նախագծերի համար ինքը որևէ խոչընդոտ չի տեսնում, քանի որ երիտասարդ և որակյալ բազմաթիվ գիտնականներ ունեն, որոնք միջազգային գնահատականներով՝ միջինից բարձր են գնահատվում, ու եթե ամեն ինչ լավ լինի, և բոլորը չգնան Հայաստանից, ապա հենց նրանց հետ էլ կարող են իրենց ծրագրերն իրականացնել:

Ա. Սաղաթելյանը պատմում է, որ շուրջ 20 տարի առաջ, երբ իրենք նախաձեռնեցին կենտրոնի շինությունը, որտեղ այժմ տեղակայված է Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, ավերակ վիճակում էր, առաջին հարկում նույնիսկ ճահիճ էր գոյացել:

Կարդացեք նաև

«Այս շենքը բավական հին է, սա պատմական հուշարձան էր, որը կառուցվել էր դեռևս 1895թ.-ին՝ Նուբար փաշայի կողմից: Չկար նույնիսկ այն գեղեցիկ մուտքը, այստեղ փոս էր՝ երկաթներով փակված: Մենք այդ դժվար տարիներին փրկեցինք շենքը՝ այն ամբողջովին վերանորոգելով, ստեղծեցինք գերհզոր գիտատեխնիկական բազա, քանի որ գիտության համար սարքավորումներ են անհրաժեշտ:

Պետությունն այդ ժամանակ փող չէր տրամադրում, 90-ականների կեսերն էին, երբ նույնիսկ նորմալ ինտերնետ չկար»,- ասաց Ա. Սաղաթելյանը՝ նշելով, սակայն, որ այդ տարիներին իրենք ինչ-որ կերպ կարողացել են հոգեբանական մի արգելք ջարդել և մուտք գործել միջազգային համագործակցության ասպարեզ: Արդյունքում՝ սկսեցին բազմաթիվ դրամաշնորհներ ստանալ, որոնց շնորհիվ կարողացան բավական արժեքավոր սարքավորումներ ձեռք բերել:

Այսօր արդեն կենտրոնը, ըստ Ա. Սաղաթելյանի՝ ունի սարքավորումներ, որով կարող են ցանկացած տիպի հետազոտություններ իրականացնել: Կենտրոնի 50 գիտաշխատողներից յուրաքանչյուրի սեղանին դրված է ժամանակակից համակարգիչ՝ համապատասխան ծրագրերով, տպիչներով, և այլն: Այսինքն՝  ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները: Այդ ամենից հետո, ըստ Ա. Սաղաթելյանի՝ հաջորդ խնդիրն այդ դժվարին տարիներին՝ սերնդափոխության ապահովումն էր:

«Այն ժամանակ, երբ կենտրոնը ստեղծվեց, մեզ մոտ բոլորը շատ մեծ էին, ամենաերիտասարդը ես էի՝ 40 տարեկան էի ու լուրջ խնդրի առջև էի կանգնած: Ցավոք, մեր գիտության մեջ շատ լուրջ ճեղքվածք կար, և որպես այդպիսին՝ միջին սերունդը չկար, պետք էր սերնդափոխություն ապահովել: Եվ մենք գրեթե բոլոր ուղղություններով սերնդափոխություն ապահովեցինք»,- ասաց Ա. Սաղաթելյանը՝ նշելով, որ այսօր կենտրոնի շուրջ 60%-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են, որոնք ինքնուրույն ստանում են միջազգային դրամաշնորհներ, հրատարակվում են արտասահմանյան հարգված ամսագրերում, գրքեր են հրատարակում արտերկրում, ելույթներով մասնակցում են բավականին շատ միջազգային տարբեր կոնֆերանսների»,- ասաց Ա. Սաղաթելյանը՝ նշելով, որ միայն նախորդ տարի 20 գիտաշխատող է մեկնել արտասահման՝ տարբեր գիտական կոնֆերանսների մասնակցելու համար:

Ըստ մեր զրուցակցի՝ երիտասարդները խելամիտ են  ու ակտիվ, սակայն դա քիչ է, երիտասարդին պետք է սովորեցնել և հենարան լինել, քանի որ, եթե երիտասարդը տեսնում է, որ չի կարողանում իրեն դրսևորել իր ոլորտում, ապա պարզապես թողնում-հեռանում է:

«Երիտասարդների համար մենք փորձում ենք ոչ միայն հետաքրքիր աշխատանք ապահովել, այլև սոցիալական հնարավորինս լավ պայմաններ, տարբեր միջոցառումներ կազմակերպել, երիտասարդներին էքսկուրսիաների տանել, և այլն»,- ասաց Ա. Սաղաթելյանը: Օրինակ՝ կենտրոնը Սևանում «Յախտ- կլուբ» ունի, որտեղ կենտրոնի երիտասարդ գիտաշխատողները հնարավորություն  ունեն ամռանը հանգստանալու: Ըստ Ա. Սաղաթելյանի՝ պետք է նախ՝ գիտնականների կյանքը  հետաքրքիր լինի: Իսկ հետո, երբ արդեն մեծանում են, 30- 35տարեկանում նրանց մի մասն արդեն բաժնի ղեկավար է դառնում, ու այլևս «քիթ սրբելու» ժամանակ անգամ չեն ունենում, օր ու գիշեր  աշխատում են, որպեսզի կարողանան բարեկեցիկ կյանք ունենալ:

Ըստ Ա. Սաղաթելյանի՝  այն փաստը, որ Հայաստանում գիտությունը ֆինանսավորվում է մնացորդային սկզբունքով, նշանակում է, որ գիտությունը  «չի ֆինանսավորվում»:

«Այս 20 տարվա գիտության բյուջեն չի կարելի կոչել նույնիսկ պահպանողական, դա դեգրադացման բյուջե էր, քանի որ գիտության զարգացման համար պահանջվում են լուրջ ներդրումներ: Այդ պակասը մենք կարողացել ենք լրացնել միջազգային դրամաշնորհներով, իսկ վերջին տարիներին, ինչը շատ ավելի եմ կարևորում, նաև շուկայական աշխատանքներով, այսինքն՝ մենք գիտությունով մտել ենք շուկա, ինչը շատ կարևոր հանգամանք է»,- ասաց Ա. Սաղաթելյանը: Այս տարի կենտրոնի եկամուտների շուրջ 40%-ը  ստացվել են տնտեսական պայմանագրերից, ինչը,  ըստ մեր զրուցակցի,  նշանակում է, որ իրենք արդեն Հայաստանի  տնտեսության մեջ կարողանում են գտնել գիտության կիրառման կետերը: «Սա ավելի շատ եմ կարևորում, քան ցանկացած միջազգային դրամաշնորհ, քանի որ դրամաշնորհները որոշ ժամկետով են տալիս՝ 1-2 տարով, իսկ երբ դու սկսում ես աշխատել տնտեսական պայմանագրերով, սա արդեն ավելի ստաբիլ է, հատկապես, երբ դու բարի համբավ ես ունենում»,- ասաց Ա. Սաղաթելյանը: Նրա խոսքով՝ հայ գործարարները, իհարկե, դեռևս չեն պատկերացնում, թե որքանո՞վ գիտական մշակումները կարող են օգտակար լինել իրենց համար: «Այս ամենի համար մարքետինգ է պետք իրականացնել, որպեսզի գործարարները  ոչ միայն իմանան քո մասին, այլ նաև հասկանան, որ դու իրենցից ոչ թե փող ես ուզում, այլ, ընդհակառակը, դու նրանց ծառայություն ես մատուցում, որն իրենց գործը կարող է հեշտացնել»,-ասաց Ա. Սաղաթելյանը: Կենտրոնի ուսումնասիրությունների և եզրակացությունների շնորհիվ՝ հայ ձկնաբույծները, օրինակ, կարողացել են դուրս գալ միջազգային շուկա: «Ներկայումս բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, վերջերս պահանջեց, որպեսզի ձկան, կերերի,  ջրի մասին և այլ հարցերի մասին եզրակացությունները համապատասխանեն միջազգային ստանդարտներին: Այսպիսով, մեր տված եզրակացությունների հիման վրա հայ ձկնաբույծները կարողացան իրենց ապրանքը նաև արտահանել»,- պատմեց Ա. Սաղաթելյանը:  Նրա խոսքով՝  կենտրոնն ունի յուրահատուկ տեխնոլոգիաներ, որոնց միջոցով կարելի է, օրինակ, մեծացնել հանքանյութի պաշարները, մինչդեռ ներկայումս ոչ մի ընկերություն շահագրգռված չէ նոր պաշարներ գտնելու հարցում.  «Նրանք նախընտրում են մինչև վերջ քամել Սովետից մնացածը, իսկ արդեն նոր տարածքների ուսումնասիրությամբ հետաքրքրված չեն: Իհարկե, դրա համար նախ պետք է ներդրումներ կատարել և հարակից տարածքների ուսումնասիրություն իրականացնել, որը, սակայն, գործարարներին չի հետաքրքրում: Իսկ օրինակ, ի տարբերություն արդյունաբերական ընկերությունների, գյուղատնտեսական ոլորտում հետաքրքրված են մեր ուսումնասիրություններով, ու անհատ ֆերմերներ շատ են դիմում՝ որոշելու և հասկանալու համար, թե ինչո՞ւ լավ բերք չի ստացվում իրենց հողից»,- ասաց կենտրոնի ղեկավարը:

Ներկայումս ՀՀ ԳԱԱ  Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի եկամտի 40%-ը տնտեսական պայմանագրերից է գոյանում: Կենտրոնը մեկն է այն քիչ թվով գիտական հաստատություններից, որն ունի FP7 (եվրոպական շրջանակային գիտական ծրագրերն են):

«Դու շատ բարձր որակավորում պետք է ունենաս, որպեսզի շահես նման ծրագիր, քանի որ մրցում ես ամենաառաջատար միջազգային գիտական կազմակերպությունների հետ: Մենք ոչ միայն շահել ենք այդ ծրագիրը, այլ նաև մեր բաժինը, որը շահել է այս ծրագիրը, հանդիսանում է ամբողջ ծրագրի կոորդինատորը: Իսկ այդ ծրագրի մասնակից է  Իռլանդիան, Շվեյցարիան, այսինքն՝  շատ հզոր երկրներ»,- ասաց Ա. Սաղաթելյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս