«Չի կարելի ապրել ընտրությունից ընտրություն»

Ասում է գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը

– Ի՞նչ սցենարի մեջ, այսպես ասած՝ կտեղավորեք մեր իրականությունը:

– Վերջին 15-17 տարիներին քաղաքական դաշտը գրավել են կուսակցություններ, որոնք չունեն այն հեղինակությունը, կշիռը, և չեն ստացել այն ձայները, որոնք համապատասխանեին իրենց զբաղեցրած դիրքերին: Եվ հակառակը՝ կենսագրություն ունեցող կուսակցությունները՝ իրենց տասնյակ ու հարյուր-հազարավոր հետևորդներով ու համակիրներով, մնացել են ձեռնունայն: Ստեղծվել են «փուչիկ» կուսակցություններ, որոնց բանուգործն իշխանության բարիքներից օգտվելն է: Տարիներ շարունակ ընդդիմությանն «անկյուն քշելը» բերել է նրան, որ այսօր գործնականում չկա ուժ, որն առաջիկա ընտրություններին կարողանա մրցակցել իշխանության թեկնածուի հետ:

– Իսկ ինչո՞ւ թուլացավ ընդդիմությունը:

– Ընտրությունների կեղծման, լրատվամիջոցներով, այդ թվում և՝ Հանրային, շարունակական վարկաբեկման, ձերբակալությունների ու բռնությունների արդյունքում: Ընդդիմությունն առնվազն երկու անգամ հաղթել է նախագահական ընտրություններում, բայց պալատին տիրացել են ուրիշները: Դա չէր կարող անցնել անհետևանք՝ մարդիկ հիասթափվում են, սկսվում է ապատիա, երիտասարդությունը կորցնում է հետաքրքրությունը քաղաքականության հանդեպ, և հայտնվում ենք փակուղում: Այսինքն՝ վատ իշխանություն, որը վերարտադրվելու մեծ հնարավորություններ է ապահովել իր համար:

– Ի դեպ, Ձեր նշած «փուչիկ» կուսակցությունների մե՞ջ են մտնում ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն:

– Այո:

– Վերջերս ՀԱԿ-ը սկսել է ակտիվ բանակցել ԲՀԿ-ի հետ: Չե՞ք կարծում, որ դա անդրադարձել է ՀԱԿ-ի վարկանիշի նվազմանը: Եվ ինչպե՞ս կգնահատեք ԲՀԿ-ՀԱԿ բանակցությունները:

– Ընդհանրապես հազվադեպ է, երբ ինչ-որ վերապահումներ եմ անում խոսքիս մեջ՝ համարեք, որ սա այդ պահն է, որ ես լիովին անկեղծ չեմ: Չեմ ուզում քննադատել ընդդիմությանը նախընտրական ժամանակաշրջանում, որովհետև քարոզչական հնարավորությունների առումով` ոչ թե տոկոսներով, այլ անգամներով զիջում է իշխանությանը: Քաղաքականության մեջ, ցավոք, հարկ է լինում գնալ փոխզիջումների, որոնք 5 րոպե առաջ կարող էին թվալ անընդունելի:

Կրկնակի ցավալի է, երբ զիջումներն արդյունք չեն տալիս: Մի տարի Ֆրանսիայում էի, երբ «ձախերը» չունեին ուժեղ թեկնածու: Սրտներից արյուն էր կաթում, բայց ստիպված եղան քվեարկել «աջերի» օգտին, որպեսզի ազգայնական Լը Պենը չդառնա նախագահ: Այսինքն՝ նույնիսկ Ֆրանսիայի նման ժողովրդավարական հզոր հաստատություններ ունեցող երկրում կարող է ստեղծվել այդպիսի իրավիճակ… Բանակցությունների առթիվ կանցկացնեմ միայն այս զուգահեռը:

Ընդդիմությունը կարող է հաղթել, եթե միավորվի: Խորհրդարանում ներկայացված կուսակցությունների թեկնածուներից մեկի շուրջ համախմբումն իրատեսական չէ ինձ համար:

Ես կառաջարկեի, որ արտախորհրդարանական գործիչներից` որպես ընդդիմության միասնական թեկնածու, ընտրվեր Պարույր Հայրիկյանը: Նրա սեփական ձայները շատ չեն, դրանց համապատասխան էլ` նա կարող է լինել ընդդիմության «համակարգողը»: Մեծ հավանականություն չեմ տեսնում, որ իմ գաղափարն այնպիսի տարածում գտնի մինչև նախագահական ընտրությունները, որ Հայրիկյանը ստանձնի այդ դերը, որովհետև մեր քաղաքական ուժերը, ցավոք, հասարակության ներուժի հետ հարաբերվելու մշակույթ չունեն:

Բայց ասում եմ, քանի որ պետք է ելք գտնել իրավիճակից: Մարդը սխալական է՝ կարելի է սևեռվել թեկնածուի թերությունների վրա, առիթ-անառիթ հիշեցնել դրանք (Հայրիկյանի պարագայում, ասենք, համագործակցությունը Քոչարյանի հետ), մյուս ճանապարհն էլ այն է, որ տեսնենք նրա առավելությունները, որ թույլ կտան որոշել տվյալ պահի խնդիրը: Երբ սովետական տարիներին այլախոհությունն ինքնասպանություն էր, Պարույր Հայրիկյանը տեր է կանգնել իր գաղափարներին՝ 17 տարի անցկացնելով բանտում: Նա համոզված ժողովրդավար, համոզված ազատական է, ունի ստեղծագործ միտք և ոչ սովորական լուծումներ կարող է գտնել բարդ իրավիճակներում:

Այսինքն՝ դա այն հատկանիշների ամբողջությունն է, որն ինձ թույլ է տալիս մտածել, որ այս պահին Պարույր Հայրիկյանն ամենահարմար թեկնածուն է:

– Քաղաքացիական հասարակության որոշակի շրջանակ նախագահի այլընտրանքային թեկնածու է տեսնում «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին: Ինչո՞ւ հավանական չեք համարում Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը:

– Խորհրդարանում ներկայացված ուժերը, իմ տպավորությամբ, զգուշանում են իրարից, վախենում իշխանության հետ թաքուն գործարքից: Խորհրդարանական ընտրությունները վերջերս էին: «ժառանգություն» կուսակցությունը քիչ ձայն ստացավ, իսկ նրա խմբակցության կազմում էլ հայտնվեցին մարդիկ, որոնց ցուցակը քաղաքացիական հասարակության որոշակի շրջանակների համար անհասկանալի պայմանավորվածությունների արդյունք է:

Հայրիկյանը կամ մեկ ուրիշը, որ խորհրդարանական քառյակից դուրս են, չունեն իշխանության հետ առևտուր անելու կապիտալ: Նրան կամ որևէ այլ անկախ թեկնածուի տրվելու է ոչ թե լրացուցիչ ուժ, այլ ընդդիմադիր կուսակցությունների քվոտաների երաշխավորի և համակարգողի դերակատարություն:

– Ըստ Ձեզ, քաղաքականության մեջ բարոյականություն պե՞տք է լինի:

– Քաղաքականության մեջ պետք է լինի բարոյականություն, բայց իրականությունն է որոշում նրա չափը: Հայտնի արտահայտությունը, թե քաղաքականությունը հնարավորի արվեստն է՝ արդեն պարունակում է թողտվություն, որ ինչ-որ պարագայում բարոյական սկզբունքները զիջվեն. դրանք հարվածի տակ են ընկնում հատկապես վատի ու վատթարագույնի ընտրության պարագայում:

– Նշեցիք, որ հասարակությունն ապատիկ վիճակում է: Տպավորություն է, որ մեր հասարակությունը կտրվել է ներքաղաքական բոլոր զարգացումներից: Ո՞ւր ենք գնում:

– Մենք հետընթացի մեջ ենք: Հայաստանին պետք է ոչ թե լավ, այլ տաղանդավոր իշխանություն, քանի որ ունենք 2 փակ սահման, չունենք երկաթուղային հաղորդակցություն: Բացի օբյեկտիվ դժվարություններից, տնտեսությունը խեղդում են մենաշնորհայնացումը, կաշառասունությունը:

Չեմ ուզում «բայղուշություն» անել, դա էլ է, կարծես, մոդա դարձել, ու ասել, թե մի երկու տարուց մեր երկիրը կկործանվի: Հիմա պատերազմ չկա, և այս վիճակը կձգվի, լճացումը կխորանա, կկորցնենք տեմպ, ժամանակ, բնակչություն, երիտասարդական ոգին, որի ամենամեծ թշնամին ինքնադրսևորման անհավասար հնարավորություններն են:

– Եվ դրա հետևանքով է, որ մարդը սկսում է միայնակ զգալ այս երկրում: Համամի՞տ եք այն կարծիքին, որ մեր երկրում միայնության սինդրոմ է առաջացել:

– Դա հարաբերական է, որոհետև, եթե նայենք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցին՝ կտեսնենք աշխույժ քննարկումներ, տարբեր խմբերի ակտիվություն: Զարգացած հասարակություններում էլ այնպես չէ, որ մարդ տնից դուրս գալով՝ միանգամից հայտնվում է տոնի մեջ:

Արևմուտքում մարդու միայնությունը լրջագույն խնդիրներից է, որը բնորոշ է հետարդյունաբերական, անհատապաշտական հասարակությանը: Ինձ այնտեղ հանդիպած տասը հոգուց հինգը խոստովանել է, որ հիվանդանոց է պառկել հոգեբանական խնդիրների պատճառով… Հայաստանում կա երիտասարդություն, որ հիանալի է դրսևորել իրեն նախորդ նախագահական ընտրություններին, կան արվեստագետներ, ովքեր պահպանել են իրենց անկախությունը:

Չի կարելի ապրել ընտրությունից ընտրություն: Յուրաքանչյուրը պետք է անի իր գործը, պետք է կարողանա ստեղծել իր փոքրիկ տոները, այդ դեպքում` հասարակությանը կպահենք տոնուսի մեջ: Մեր լիարժեք կյանքը հարված է հետադիմական իշխանությանը, որ կտեսնի, որ չի կարողանում սպանել մեր ոգին, տրամադրությունը, մարդավարի ապրելու կամքը:

– Ինչպե՞ս անել դա: Վերացական չի՞ հնչում Ձեր լավատեսությունը:

– Ոչ մի ձևով վերացական չի: Ամեն տեղ ոստիկան չկա կանգնած, որ գա-բռնի ձեռքդ: Մի լավ գիրքը տոն է, լավ ֆիլմը, ցուցահանդեսը: Երբ մարդը կարդում է, դիտում է, հոգևոր հաճույք է վայելում, նաև դրանով մասնակցում է մշակույթի զարգացմանը: Պետք է կարողանալ իրադարձություն «սարքել» խմբային, անձնական թեկուզ փոքր հաջողություններից: Կա փայլուն օրինակ՝ բարոն Մյունհաուզենը, ով իր մազերից բռնում ու բարձրացնում է ճահճից: Միգուցե վաղը ավելի լավ վիճակում լինենք, և այդքան ջանք չպահանջվի, բայց այսօր նրանք, ովքեր ուզում են, որ մի բան փոխվի, իրենց մազերից բռնած պետք է բարձրացնեն ճահճից… որ կարողանան թթվածին շնչել, իրենց օրինակով էլ ոգևորեն մյուսներին:

– Իսկ մի՞թե ապատիկ վիճակում գտնվող հասարակությունն ընկալում է Ձեր նշած լավ գիրքը կամ ֆիլմը: Արդյո՞ք մենք գաղափարական ճգնաժամի մեջ չենք:

– Շատ մեծ ճգնաժամի մեջ ենք, բայց ո՞վ է փոխելու իրավիճակը մեր փոխարեն: Իշխող համակարգը կարող է կլանել ցանկացած, նույնիսկ ամենապայծառ գործչի, եթե հասարակության դիմադրությունը չլինի: Ինչ խոսք, եթե այնպիսի կարևոր լծակներ, ինչպես հեռուստատեսություններն են, ծառայեին ոչ թե իշխանության փառաբանմանն ու հասարակության որակազրկմանը, այլ մշակեին ապագային ուղղված դրական, ժողովրդավարական ուղերձներ, երկրում ավելի տանելի մթնոլորտ կլիներ: Բայց եթե դա չկա, չի կարելի տանը նստել ու սպասել, որ ինչ-որ մեկը գա-հանի իրեն ապատիայից:

– Սպասում նկատո՞ւմ եք:

– Եթե դրախտը չլիներ, դժոխքը կթվար միակ կենսաձևը: Բայց կան երկրներ, որտեղ չկա կաշառք, կաշառասունություն, կա խոսքի ազատություն, հասարակությունն ապրում է լիարժեք կյանքով: Առաջընթացն անխուսափելի է, և խոսքը զոհեր չտալու, կորուստներ քիչ ունենալու մասին է՝ լինի դա հինգ տարի՞ մեր կյանքից, որ ապրելու ենք՝ որպես պատիժ, թե՞ մի ողջ սերնդի չապրած կյանք: Պալատական հեղաշրջման, հեղափոխության, դրսի ճնշման միջոցով` առաջընթացը լինելու է:

Ինչպես Սովետական Միությունը փլուզվեց, թեև նույնիսկ ամենալավատեսները, այդ թվում՝ և ես, նույնիսկ երազել չէինք կարող այդ մասին: Ինչպես 2007թ. ոչ մեկի մտքով չէր անցնի, որ ընդդիմությունն այդպիսի թափ կհավաքեր, և հրաշալի երիտասարդություն կմիանար շարժմանը: Դեռևս այն ժամանակ, երբ ինձ հարցնում էին, թե ինչին եմ հավատում՝ ասում էի՝ հրաշքին: Նկատի ունենալով հենց նա, ինչ տեղի ունեցավ այս նույն ժողովրդի շնորհիվ… ավելի ճիշտ, բռնի մեթոդներով չթողեցին, որ տեղի ունենար:

– Ի՞նչ հերոսների կարիք ունենք:

– Չեմ սիրում մեջբերել աֆորիզմներ, քանի որ դրանք սահմանափակում են մտքի ընթացքը: Բայց, կարծեմ, Բրեխտն է ասել, որ՝ վայ այն ժողովրդին, որի հույսը հերոսներն են: Այսինքն՝ երբ մարդիկ ասում են՝ հերոս, ուզում են գտնել մեկին, որ իրենց հարցերը լուծի: Ամեն օր հերոսություններ են կատարվում: 100-ից ավելի ընդդիմադիր գործիչներ նստեցին բանտում, բայց մեղա չեկան: Դա հիանալի դաս է հասարակությանը: Մեկ ուրիշը ճշմարտությունն է ասում հրապարակայնորեն, թեև գիտի, որ համարձակ խոսքերի պատճառով տուժելու է: Պետք է նկատել ամեն օր կատարվող հերոսությունները, ամեն օրվա հերոսներին, բայց չփնտրել մեկին, որը, որպես Հունան Ավետիսյան, մարմնով փակի թշնամու գնդացիրն ու դառնա պաշտամունքի առարկա, կուռք: Եթե ամեն ինչ այդքան պարզ լիներ, շատերը կանեին այդպիսի հերոսություն, հակառակ մեր ժողովրդի հատուկ ծայրահեղ ողջամտությանը:

– Իսկ մի՞թե հերոսն այն բարոյական արժեհամակարգի կրողը չէ, ում հավատում է մարդը:

– Երկրորդ Աշխարհամարտի կամ Արցախյան պատերազմի ընթացքում ինչքա՛ն հերոսներ ենք ունեցել: Առօրյա կյանքը՝ ընտանիքը, աշխատանքը, կենցաղը, կարող են այնպես կոտրել շատերին, որ հետքերն էլ չմնան: Էլ չասենք, թե քանիսը, որ գնացել-կռվել են, դարձել են հրեշներ՝ իրենք իրենց համար որպես փոխհատուցում սահմանելով հարստություն և իշխանիկի, զոռբայի լիազորություններ: Դրա համար պետք չէ հերոսներ փնտրել: Առանց դրա էլ պարզ է՝ որն է լավ, որն է վատ:

– Ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում:

– Ամեն տեղ կան մարտահրավերներ, որոնք պետք է ընդունել, որոնց պետք է նայել ուղիղ: Ցանկացած երկիր, որտեղ գնացել եմ՝ լինի Հնդկաստան, որտեղ ականատես ես դառնում աղքատության սարսափելի տեսարանների, թե Ֆրանսիա կամ Շվեյցարիա՝ ամենաուշը երկրորդ օրից հանում եմ իմ համակարգիչն ու սկսում եմ աշխատել: Եվ ինձ լավ եմ զգում ամեն տեղ՝ մտածելով, որ արեցի, ինչ ինձնից կախված էր, ինչը որ ամենալավն եմ կարողանում անել:

Հայաստանում էլ ինձ լավ եմ զգում էն բոլորի «ինադու», որ մարդկանց ընկալում են որպես ճորտերի, որոնց շնորհիվ պետք է էլ ավելի հարստանան ու ճոխանան: Թող հույս չունենան՝ իմ ոգին պահելու եմ և աշխատելու եմ, որ իմ շրջապատում էլ բոլորի ոգին բարձր լինի:

– Դա համարո՞ւմ եք մարտահրավեր Ձեր առջև:

– Ո՞րը:

– Ճորտացողների պայքարն` ընդդեմ ճոխացողների:

– Սովետական բութ քարոզչությունը հասել էր այն բանին, որ իր ոչ մի ասածին չէինք հավատում ու միայն դրական բաներ էինք տեսնում կապիտալիզմի մեջ: Հետո, երբ Հայաստանում սկսվեց վայրի կապիտալիզմը, ես ու իմ ընկերներից շատերը հասկացանք (բավականին ուշ), թե ինչքան բացասական կողմեր ունի: Այսինքն՝ պետք է պայքարել, որպեսզի երկիրը լինի բոլորինը: Հարուստների համար իրենց ունեցվածքն` ինչքան որ վայելքների հնարավորություն, երկու այդքան պատասխանատվություն պետք է լինի չունևորների, խեղճերի, երկրի ինքնությունը հաստատող, բայց շահույթ չունեցող ու չհետապնդող արվեստի, մի խոսքով՝ երկրի հանդեպ: Եվ ես ամեն ինչ անելու եմ, որ հարուստների առաջ խոնարհումն ու քծնանքը փոխարինվեն այդ գիտակցությամբ:

– Ձեր գրքերո՞վ:

– Իմ գրքերով, հոդվածներով, ելույթներովգ իմ կովբոյի գլխարկով:

– Ուզում էի հենց դա հարցնել՝ մի՞շտ եք գլխարկ կրել: Ի՞նչ է գլխարկը Ձեզ համար:

– Միշտ չեմ կրել, բայց շուտով քսան տարի կլինի, որ տարբեր գլխարկների փուլեր եմ ունենում: Կատակով ասեմ՝ մի կողմից` տեքստ, ուղերձ: Եվ շատ ուզում եմ, որ ամեն մեկն ունենա իր անհատական ոճը, ուղերձը, որովհետև մենք արժեքավոր ենք մեր տարբերություններով, այլ ոչ թե զոմբիական նմանությամբ… Իսկ իմ կովբոյի գլխարկով, հա, ուզում եմ ասել՝ դուք ձեր թանկ ու ագրեսիվ «Համմեր»-ներն եք քշում՝ մարդկանց ահաբեկելով, ես էլ իմ ձին կապել եմ ու մենակ, նույնիսկ կողքերիցս «Կոլտ» ատրճանակներ չկախած, ման եմ գալիս քաղաքի կենտրոնում, որովհետև սա իմ քաղաքն է, ձերը չէ (ուրախ ժպտում է.- Մ.Մ.):

Տեսանյութեր

Լրահոս