«Մեր անվանի նկարիչներից նավթալինի հոտ է գալիս, իսկ նորածիններից` «Թոմ ընդ Ջերիի», «Տուրբոյի ու Ռեմբոյի» ազդեցություն». Արա Ասլանյան

Եթե կարողանում ես թղթի վրա մի քանի բան խզբզել, դեռ չի նշանակում, թե դու նկարիչ ես կամ էլ` դիզայներ: Դիզայներ լինելու համար կրթություն, փորձ, եռանդ ու կրեատիվություն է անհրաժեշտ:

Դիզայներ մասնագիտության դժվարությունների, հայկական դիզայնի և Երևանի շինությունների դիզայնի մասին 168.am-ը զրուցել է դիզայներ Արա Ասլանյանի հետ:

– Արա, ինչո՞ւ որոշեցիր ընտրել դիզայների մասնագիտությունը: Նկարե՞լ, գծագրե՞լ էիր սիրում, թե՞ ինչ-որ մեկի պարտադրանքով դիզայներ դարձար:

– Հոսքի ազդեցության մեջ ընկա: Փոքրուց նկարում էի ու այդպես քոլեջից՝ ուսումնարան, ուսումնարանից՝ ակադեմիա… ինքնաբերաբար ստացվեց:

Կարդացեք նաև

– Հայաստանում դժվա՞ր է դիզայներ լինելը: Ի՞նչ խոչընդոտների կարող ես հանդիպել:

– Կարծում եմ` թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում խնդիրները նույնատիպ են, գուցե մի բացառությամբ. Հայաստանի` թերզարգացած երկիր լինելու հանգամանքը, դրսևորվում է նաև այս ոլորտում: Դժվարությունները նույնն են, ինչպես ամեն տեղ` պատվերի կատարման ընթացք, պատվիրատուի ու կատարողի հարաբերություններ, և այլն: Տեղի դիզայնում ոչ մի արտասովոր բան չկա, նույնն է` մի քիչ ավելի հետամնաց:

– Որպես դիզայներ` ո՞ր ընկերության դիզայնն է քեզ ամենաշատը դուր գալիս:

– Պետք է նշեմ, որ ընկերությունների դիզայնն ավելի շատ ոչ թե դիզայների, այլ գովազդի արդյունքն է, այսինքն` տարատեսակ շուկայավարման խնդիրների լուծումների արդյունքն է: Կան շատ ընկերություններ, որոնց աշխատանքն արժանի է գնահատականի: Դրանք համարյա բոլոր մեծ ու ակտիվ գովազդվող ընկերություններն են, որոնք իրենց խնդիրները լուծում են շատ լավ. նրանցից կարելի է միմիայն սովորել: Իսկ եթե որևէ ընկերություն առանձնացնեմ, ապա այս պահին կուզենայի նշել «Դայզլ» ընկերությունը: Այն մեծ մասամբ ոչ ստանդարտ ռազմավարություն ունի, որի արդյունքում «փախած» գովազդներ է պատրաստում, որոնք առանձնանում են իրենց ինքնատիպ ոճով:

– Կա՞ն աշխատանքներ, որոնցից ոգեշնչվում ես:

– Այո կան, դրանք հիմնականում ֆիլմերն են: Կարծում եմ` ֆիլմերից և երաժշտական հոլովակներից շատ մեծ ազդեցություն եմ ստանում:

– Հայկական դիզայն գոյություն ունի՞, թե՞ ոչ:

– Լեզուս չի պտտվի ասել, բայց հայկական ոչ մի ուղղություն, որի առջև կարող եմ դնել «հայկական» բառը, յուրահատկություն չունի` հայկական երաժշտություն, հայկական նկարչություն, հայկական ճարտարապետություն, փիլիսոփայություն, բժշկություն, կրթություն…:

– Կա՞ն ինչ-որ նախագծեր, որոնք չես կարողանում այստեղ իրականացնել:

– Ւմ խորին համոզմամբ` չկա մի նախագիծ, որը հնարավոր չլինի իրականացնել: Ամեն ինչ իրականացնողից է կախված: Ինքս չունեմ նախագծեր, քանի որ ես չունեմ մեծ փորձ, եռանդ, էնտուզիազմ ու փող: Ես ինքս ինձ եմ խոչընդոտում:

– Հայաստանում դիզայներները լա՞վ են վարձատրվում:

– Հայաստանում կա դիզայներ, ում աշխատավարձը կազմում է 80 հազար դրամ, բայց կա նաև այնպիսի դիզայներ, ով մի պատվերի համար վարձատրվում է 1.000.000 դրամով: Դիզայները, եթե համեմատենք հաշվապահի, տնտեսագետի, բժիշկի ու կառավարական ատկատչիկի հետ, ինչպես բոլոր ժամանակներում, քիչ է ստանում:

– Որպես դիզայներ` բավարարո՞ւմ է քեզ Երևանի ներկայիս տեսքը:

– Ինձ չի բավարարում երևանցիների ընդհանուր ճաշակի արժեհամակարգը, որը ստիպում է նման արժեքների թագավորներին իշխել ու ստեղծել «վույ, ինչ պուպուշն ա» մակարդակի անիմաստ բաներ: Ես շատ եմ ցավում, որ մեր երկիրը հիմա այն վիճակում է, որ հիմնովին փոփոխություններ անելու կարիք կա, իսկ այն մարդիկ, ովքեր ի վիճակի են դա անել, իրականում չկան: Եթե լինեին, մի բան կանեին, թեկուզ՝ փոքր-փոքր կամ կամաց-կամաց: Բայց նրանք չկան, ես Հայաստանում ոչ մեկին չգիտեմ, ով այնքան ուժեղ է, որ կարող է իր հետևից մի ամբողջ ազգ տանել:

Մեր անվանի նկարիչներից նավթալինի հոտ է գալիս, իսկ նորածիններից` «Թոմ ընդ Ջերիի», «Տուրբոյի ու Ռեմբոյի» ազդեցություն: Չկա ժառանգաբար փոխանցված ոչ մի ուղղություն ու մտածելակերպ և ոչ էլ այն ստեղծելու «նամյոկ» կա:

– Ի՞նչ շինություններ կան, որոնց դիզայնը մեր քաղաքին համահունչ չէ:

– Ես այս հարցին հարցով կպատասխանեմ` իսկ մեր քաղաքը ունի՞ ինչ-որ «հունչ»:

– Բայց, այնուամենայնիվ, Երևանում կան ինչ-որ կառույցներ, որոնց դիզայնը քեզ դուր է գալիս:

– Կինո «Մոսկվայի» ամառային դահլիճը:

– Արա, դու նաև շապիկների դիզայնով ես զբաղվում: Ինչո՞ւ ես հենց անվանի մարդկանց անդրադառնում:

– Նրանց անդրադառնալը երևի ինչ-որ ներքին պոռթկում էր, յուրովի հարգանքի տուրք, նաև նրանց արդի լեզվով «թարգմանելու» նպատակ: Այսինքն` իրենց նկարում եմ ժամանակակից ոճով ու հոգով` վիզուալ ավելի գրավիչ լինելու համար: Կարելի է ասել, որ ես ուղղակի որդեգրել եմ դրսում արվող տենդենցը:

– Նման շապիկների պահանջարկը մե՞ծ է:

– Այդ «թարգմանության» պահանջարկը կա ու շատ մեծ է: Դեռ բումը չի էլ եղել: Եթե ես լինեի լավ գործարար, ապա գուցե հայերի 60 տոկոսը այդպիսի շապիկներ կհագնեին:

Տեսանյութեր

Լրահոս