Բանակում հիվանդ զինվորներ պետք չեն
«Կան հիվանդություններ, որոնց առկայության դեպքում զորակոչիկը պետք է գնա բանակ, սակայն ծնողներին թվում է, որ իրենց երեխան չպետք է ծառայի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Զինվոր-համակարգող խորհրդի» նախագահ Մարգարիտա Խաչատրյանը՝ հավելելով, որ իրենք բացատրական աշխատանքներ են տանում զինակոչիկների ծնողների հետ:
Համապատասխան բժշկական հետազոտություններ անցնելուց հետո ծնողին պարզ է դառնում է, որ իր երեխան զինակոչի պիտանի է և պետք է ծառայի բանակում:
Սակայն սա ամենևին չի նշանակում, որ հիվանդ երեխաները պետք է զորակոչվեն բանակ: «Հիվանդ զինվորներ պետք չեն բանակում»,- ասել է տիկին Մարգարիտան:
Արդեն 10-ը օր է, ինչ մեկնարկել է աշնանային զորակոչը: Այդ ընթացքում պաշտպանության նախարարին առընթեր հասարական խորհրդին դիմել են 75 քաղաքացիներ:
Դիմումներից 60-ն արդեն քննության են առնվել: Պարզվել է, որ ծնողները մեծամասամբ պահանջում են, որպեսզի բժշկական հանձնաժողովի որոշումները վերանայվեն: Հասցեագրված դիմումների մեծ մասը վերաբերում են մաշկային հիվանդություններին:
«Ցանկացած զինակոչիկ հետազոտման փուլն անցնում է անվճար»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ եթե բուժհաստատություններում ծնողից զորակոչիկի հետազոտման համար գումար պահանջեն, իրենք պատրաստ են կանխել ապօրինությունը: Ամբողջ հետազոտությունը պետք է իրականացվի պետպատվերի շրջանակներում, լինի բուժում, թե վիրահատություն:
Իսկ եթե զինակոչիկի իրավունքները ոտնահարվել են, ապա կարող եք դիմել հասարական խորհրդին, զանգահարելով 52-34-82 հեռախոսահամարին, իսկ եթե զինակոչիկն ունի հոգեբանական խնդիրներ, կարող է զանգահարել 26-35-43՝ հոգեբանական աջակցություն ստանալու համար: