Բաժիններ՝

Ամենաարտասովոր հավաքածուները

Աշխարհում բազմաթիվ մարդիկ կան, ովքեր անսովոր իրերի հավաքածուներ ունեն: Նույնիսկ միջազգային մամուլում կազմվել էր արտասովոր հավաքածուների թոփ-տասնյակը: Այդպիսի հավաքածուների տերերից է, օրինակ, Դիմիտրիս Պիստոլաս Աֆինսը, ով աշխարհում կինոտեսախցիկների ամենամեծ հավաքածուն ունի` թվով 937 հին մոդել:

2003 թվականից սկսած չինացի կոլեկցիոներ Վանգ Գուոհուան ծխախոտների տուփեր է հավաքում: Նա արդեն ունի ավելի քան 100 արտադրողների 30.000 ծխախոտների տուփեր:

21-ամյա Լայզա Քորթնին իր 12.113 կտորից բաղկացած Pokemon-ների հավաքածուով 2010թ. Գինեսի ռեկորդակիր է դարձել:

Գերմանացի ֆերմեր Հենրի Կատը 1997 թվականից սկսած գարեջրի բաժակներ է հավաքում: Նա ունի մոտ 20.000 բաժակ:

Իսկ Ռոն Հուդը հավաքում է PEZ կոնֆետներ: Նա ունի ավելի քանի 3000 կոնֆետ-խաղալիքներ: Վալլի Համմերը ռետինե՝ թվով 2470 բադիկների հավաքածու ունի:

Պեմ Բարկերը 18.000 բու-խաղալիքներ է հավաքել: Ռոն Թիլերը բրելոկներ է հավաքում: Շերոն Բեդգլին թվով 6000 տիկնիկ Սանտա Կլաուսներ է հավաքել:

 

Այսպիսի մարդիկ կան նաև Հայաստանում: Օրինակ` Արսեն Եղիազարյանը մանկուց հետաքրքրվել է նամականիշերով. «Նամականիշեր մորեղբայրս էր հավաքում և ամեն անգամ նրա տուն գնալուց, բացում և նայում էի նրա հավաքածուն: Հետո որոշեցի սեփական հավաքածուն ունենալ: Հայաստանում նամականիշեր հավաքելն այնքան էլ տարածված չէ»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Արսենը: Նա դժվարանում է ասել` կդադարի՞ հավաքել նամականիշեր, թե՞ ոչ, բայց նույնիսկ դադարեցնելու դեպքում, նա վստահ է, որ դրանք ոչ մի դեպքում չի վաճառի:

Մարիաննա Աճեմյանը մոտ 250 հատ տարբեր երկրներից բերված գրիչներ ունի` ԱՄՆ-ից, Եգիպտոսից, Սոչիից և այլ տեղերից: Նա գրիչներ սկսել է հավաքել դպրոցական տարիներից, երբ ծնողները ԱՄՆ-ից հետաքրքիր գրիչներ էին բերում: «Դա 1996-1997 թվականներն էին: Ինձ դուր էր գալիս այն, որ ես տարբերվում էի դպրոցական իմ ընկերներից. նրանց գրիչները միանման էին»,- պատմեց Մարիաննան:

Դպրոցական տարիներին նա սիրում էր մի քանի հատ գրիչ դպրոց տանել: Նա և իր գրիչները դասարանցիների կողմից արժանանում էին գովասանքի. «Հետաքրքրություն կար նաև ինստիտուտի տարիներին: Անգամ եղբայրս, երբ զինծառայության մեջ էր, ինձ բանակից գրիչ էր նվեր ուղարկել: Հետո, ցավոք, այդ գրիչս գողացան: Երևի դա էր պատճառը, որ մեջս մի տեսակ դատարկությամբ լցվեց: Բացի դրանից` գրիչ հավաքողները շատացան, իսկ ես չեմ սիրում, երբ մի բան եմ անում, սկսում են բոլորն անել: Ժամանակները փոխվեցին, հետաքրքրություններս նույնպես»:

Գրիչների մեծ հավաքածու ունի նաև Սեգ Կիրակոսյանը: Նա սկսել է գրիչներ հավաքել 2004 թվականից. «Տանը հին ժամանակներից մնացած մի քանի գրիչ կար. շատ էի սիրում, բայց հին էին` չգրող ու մոռացված էին: Անգլիայից ընկերներիցս մեկն այդ ժամանակ ուղարկեց Աֆրիկայի բնական փայտից պատրաստած գրիչ: Հավանաբար այդ գրիչը պատճառ հանդիսացավ, որ միացնեմ մեր տան մի քանի հին գրիչներին ու դարձնեմ հավաքածու»,- ասաց Սեգը:

 

 

 

 

 

Սկզբում նա հավաքում էր ամեն ինչ, բացի, ինչպես ինքն է ասում` «ճտիկով գրիչից»: «Շուրջ 2 տարի անց հասկացա, որ եթե գրիչի խանութ բացեմ ու ունեցածս գրիչները 20 դրամով վաճառեմ`առանձնապես չեմ տխրի: Քանակը շատ էր, ու կարող էի արդեն աշխատել որակի վրա: Բաժանեցի նրանց 3 խմբի` «արտասովոր տեսքով, բայց շատ տարածված», «խորհրդանիշեր» ու «ձեռագործ»: Վերջինը հատկապես կարևորում եմ, որովհետև հավաքածուի արժեքը հենց նրանք են որոշում, իսկ գործարանում արտադրվածները ով էլ ուզի՝ կունենա: Արժեք ասելով, իհարկե, նկատի չունեմ փողը:

Օրինակ, մի ձեռագործ գրիչ ունեմ, որը պատրաստել է Արցախյան կռվում զոհված ազատամարտիկը: Որդին կուրսեցիս էր ու շատ երկար մտածելուց հետո որոշեց գրիչը նվիրել ինձ: Մի գրիչն էլ պատրաստել է ինչ-որ բանտարկյալ`1960-ականներին: Մանրամասները չգիտեմ, բայց շատ բարդ աշխատանք է, զարմանում եմ, թե ոնց են կալանավայրում ձեռքով նման բան պատրաստել»,- պատմեց Սեգը: Նա ասում է` եթե որևէ տարածքում դրանք ցուցադրելու հնարավորություն ունենա և կարողանան ապահովել գրիչների անվտանգությունը, ապա սիրով դրանք կցուցադրի. «Տանը դրած` շատ մարդ չի տեսնում»:

Մեր մյուս զրուցակիցը`Ռիտա Ղազարյանը, անձեռոցիկների մեծ հավաքածու ունի, որոնց թիվն անցնում է 200-ը. «Անձեռոցիկներ սկսել եմ հավաքել ութ տարեկանից; Քույրս հավաքում էր: Նրա հավաքածուից մի քանի անձեռոցիկներ հավանեցի, նա նվիրեց ինձ, և հենց դրանք էլ եղան իմ առաջին անձեռոցիկները: Ընկերներս և ծանոթներս արդեն տեղեկացված են, որ ես ունեմ նման հոբբի, ու ամեն առիթին նվիրում են: Նույնիսկ դասախոսներս գիտեն, որ սիրում եմ անձեռոցիկներ հավաքել, և մի անգամ էլ նրանցից մեկը Իսպանիայից բերված մի շատ գեղեցիկ անձեռոցիկ նվիրեց: Փոքր ժամանակ մտածում էի` այնքան հավաքեմ, որ հարսանիքիս բոլոր հյուրերին բաժին հասնի, իսկ հիմա արդեն սովորություն է դարձել և չեմ կարողանում հրաժարվել դրանից»:

Ռիտան ունի նաև գրիչների և պատկերազարդ մագնիսների հավաքածու:

Դժվար է ասել, թե ինչն է մարդկանց դրդում տարիներ շարունակ հավաքել ինչ-որ իրերի հավաքածուներ` տվյալ առարկայի նկատմամբ սե՞րը, կապվածությու՞նը, թե՞ շրջապատի մարդկանցից տարբերվելու ցանկությունը: Ամեն դեպքում հետաքրքիր է, որ կան այսպիսի մարդիկ, ովքեր տարիներ շարունակ նվիրվում են այս գործին և հավաքում են հետաքրքիր առարկաների հավաքածուներ:

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս