Սահմանադրական հեղաշրջում
Վերջին օրերին քաղաքական շրջանակներում քննարկվող հիմնական հարցերից մեկն այն է, թե ինչ տրամաբանություն կամ իմաստ կա ԲՀԿ-ի` 100 տոկոս համամասնական ընտրակարգին և կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու շուրջ քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու նախաձեռնության մեջ, այն դեպքում, երբ առջևում ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական ընտրություններ են:
Որոշ ակնարկներ հնչեցին այն մասին, որ այս նախաձեռնության հետևում կանգնած է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով չի ցանկանում կամ չի կարող հանդես գալ սեփական դեմքով: Հիմնականում ՀՀԿ-ական շրջանակներից տարածվող այդ ակնարկների ու նույն շրջանակներում պտտվող խոսակցությունների համաձայն, ԲՀԿ-ականները ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին և «Ժառանգությանն» առաջարկում են հետևյալ տարբերակը. նախագահական ընտրություններում հանդես գալ միասնական թեկնածուով, ով կլինի ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, բայց նախագահական ընտրություններից հետո կանցկացվեն սահմանադրական փոփոխություններ, որոնց համաձայն Հայաստանն անցնում է խորհրդարանական ընտրությունների անցկացման 100 տոկոս համամասնական ընտրակարգի և կառավարման խորհրդարանական համակարգի:
Այդ դեպքում նախագահի անձը դառնում է խիստ խորհրդանշական, և իրական իշխանությունն անցնում է կառավարությանը: Ըստ այդ տարբերակի, նոր նախագահը ցրում է գործող խորհրդարանը և նոր սկզբունքով անցկացնում խորհրդարանական ընտրություններ, որից հետո դաշնակից չորս կուսակցությունները ձևավորում են ազգային համաձայնության կառավարություն, այսինքն` ստանում են իշխանության իրենց մասնաբաժինն` այսօր ԲՀԿ թեկնածուին սատարելու դիմաց:
Ընդդիմադիր կուսակցություններից յուրաքանչյուրին այս սցենարը կարող է գրավիչ թվալ, քանի որ ընտրություններին առանձին մասնակցությունը որևէ լուրջ հաջողություն նրանց չի խոստանում, իսկ այս տարբերակի դեպքում նրանք կարող են իշխանություն ձեռք բերելու հեռանկար ունենալ: Իսկ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Բանն այն է, որ այս սցենարի իրականացման դեպքում նա վարչապետի, այսինքն` երկրի իրական ղեկավարի ԲՀԿ-ական թեկնածուն է համարվում: Այս վարկածը, կրկնում ենք, հիմնականում տարածվում է ՀՀԿ-ական շրջանակներում կամ նրանց կողմից, ինչը նշանակում է, որ այս նախաձեռնությունը` հնարավոր է այլ` թաքնված նպատակ ունի, որից իշխանությունն առժամանակ ցանկանում է շեղել ուշադրությունը:
Անկախ նրանից` ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում, կդառնա՞ ԲՀԿ-ի այս նախաձեռնությունը քաղաքական գործընթացներն ուղղորդող ու համախմբող գործոն, թե՞ ոչ, այս քայլով ԲՀԿ-ն քաղաքականացրել է իր` մինչ այդ, ըստ էության, ապաքաղաքական գործունեությունը` ընտրություններից առաջ իշխանության հետ ոչ թե անձնական կամ տնտեսական, այլ հենց «քաղաքական տարաձայնությունների» տպավորություն թողնելով: ԲՀԿ-ի նախաձեռնությանը դրական են արձագանքել քաղաքական դաշտի գրեթե բոլոր հիմնական խաղացողները, բացառությամբ` ՀՀԿ-ի, որը կարող է կանխել վերը նշված սցենարի իրականացումը` մնացած ուժերի փոխարեն ԲՀԿ-ի առաջարկությանը «փայ մտնելու» միջոցով: