Ցուցահանդեսները նույնիսկ արվեստագետների համար են անհետաքրքիր դարձել

Հոկտեմբերի 4-9 Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի է ունեցել Տաշքենդի 6-րդ միջազգային ֆոտոբիենալեն: Ներկայացված վեց անվանակարգերից «Լավագույն փորձարարական լուսանկար» անվանակարգում ոսկե մեդալ է շահել Տաթև Մնացականյանը՝ առաջ անցնելով Ուզբեկստանի, Լատվիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներից: Լուսանկարչուհին հաղթանակ էր տարել իր «Ազատազրկում» լուսանկարով: Տաթևի հետ մենք զրուցեցինք ցուցահանդեսի, լուսանկարչության և իր մասին:

– Տաթև, ի՞նչ ես սիրում նկարել:

– Չեմ սիրում գեղեցիկ աղջիկներ, բնություն և ծաղիկներ լուսանկարել, որովհետև իրենք ինքնին գեղեցիկ են: Իհարկե, շատ հայտնի լուսանկարիչներ կան, որ այսպիսի գործերով են հանրահայտ  դարձել, բայց ես սիրում եմ դոկումենտալ լուսանկարներ անել: Ֆրանսահայ լուսանկարիչ ընկերներիցս մեկը` Մաքսը, ինձ միշտ ասում էր` դու աղջիկ ես, գեղեցիկ աղջիկներ լուսանկարելու փոխարեն` ամենաազդեցիկ բաներն ես նկարում, ինչո՞ւ:

Ես ասում էի` ծաղիկն ինքնին գեղեցիկ է, ինչպե՞ս կարող եմ դա նկարել: Ինձ համար կարևոր է ներկայացնել այն, ինչը չի երևում: Իսկ այն, ինչը երևում է, գեղեցիկ է և փայլում է, ինչո՞ւ նկարել. չէ՞ որ բնությունն արդեն արարել է, և պետք չէ կրկնօրինակել:

Կարդացեք նաև

– Պատմիր «Ազատազրկում» լուսանկարի մասին:

– Լուսանկարն արել էի Ուզբեկստանում՝ մի ցուցահանդեսի ժամանակ: Շատ պատահական մի կնոջ էի լուսանկարել: Նկարում այդ կինն է և եղնիկը: Նրա և եղնիկի միջև ինչ-որ երկխոսություն է տեղի ունենում, բայց նա, կարծեք, տեղյակ չէ դրա մասին: Իր դեմքը, գլխաշորի փաթաթելու ձևը, տխրությունը, փակվածությունը լուսանկարում երևում են և տրամադրություն ստեղծում: Եղնիկը կարծես նրան համբուրում է, բայց կինը տեղյակ չէ այդ մասին:

– Հայկական լրատվամիջոցները գրեթե միշտ լուսաբանում են մեր մարզիկների հաղթանակները, բայց մյուս ոլորտներում ունեցած մեր հաջողությունները քիչ են լուսաբանվում: Ինչո՞ւ է այդպես:

– Չեմ կարող ասել, թե ինչու է այդպես, հատուկ մտածվա՞ծ է, թե՞ ոչ: Չեմ կարծում, որ մյուս հաջողությունները լավ են լուսաբանվում: Եթե նույն ոսկե մեդալներն ունենային ադրբեջանցիները, այնտեղ այնքան շատ կխոսեին այդ մասին, իսկ այստեղ… Ես ցուցահանդեսի փակման արարողությունից հետո համացանցում փորձում էի գտնել, թե լրատվական կայքերում ինչ անդրադարձ է եղել: Ադրբեջանական բոլոր կայքերն անդրադարձել էին իրենց` իմ հաղթած անվանակարգում երրորդ տեղը զբաղեցրած լուսանկարչին, իսկ մեզ մոտ…

Ադրբեջանցիները բոլոր մրցույթներում մասնակցում են: Այս մրցույթին մասնակցելը խիզախության հարց էր, քանի որ դու գտնվում ես, քո թշնամիների հետ միասին, նույն մրցույթում: Բայց պետք է մասնակցել… Ես իմ ընկերներին հաճախ ասում եմ` եկեք միասին մասնակցենք նմանատիպ մրցույթների: Նրանք ինձ ասում են` ինչի՞ համար, ո՞ւմ է պետք: Այո, շատերը հիասթափված են, բայց պետք է հիշել, որ արվեստը քաղաքականությունից էլ հզոր զենք է:

Եթե դու չունես արվեստ, ուրեմն դու չունես ինտելեկտ, չունես ձայն, դու չունես գեղեցիկը, չունես պատմություն: Մենք, ճիշտ է, չունենք նավթ և գազ, բայց ունենք շատ հզոր արվեստ: Եթե առիթ լինում է, ապա պետք է մասնակցել:

Դրսում մեր արվեստագետները գնահատվում են, բայց այստեղ նույն մարդիկ չեն գնահատվում, որովհետև այստեղ արվեստի արժեքը չեն գնահատում: Ես հաճախ լինում եմ այնպիսի երկրներում, որոնք միգուցե պետք է ֆոտոթանգարան չունենային, բայց ունեն: Հետ ես վերադառնում ու ինքդ քեզ ասում` դու  ունես այդքան կարևոր պատմության աղբյուրներ, որոնք ո՛չ գնահատվում են, ո՛չ էլ նրանց տեղ են տալիս: Ինչո՞ւ… Նույնը կարելի է ասել իմ ոսկե մեդալի մասին… Թերևս, եթե սպանություն տեղի ունենար` այն ավելի կկարևորվեր, քան այս մրցույթում հաղթելը…

– Ինչո՞ւ լուսանկարչությանը տեղ չեն հատկացնում:

–  Մի օրինակ բերեմ. իմ այս հաղթանակի մասին գրել էի բոլոր լրատվամիջոցներին և գրեթե բոլորից ստացել եմ «շնորհավորում ենք» հաղորդագրությունը: Ես հիմա մի շատ կարևոր նախագիծ եմ անում, դիմել եմ հովանավորներին: Ինձ պատասխանել են. «Մեզ լուսանկարչությունը չի հետաքրքրում, մեզ շոուն, երաժշտությունն ու կինոն են հետաքրքրում»: Լավ է, որ գոնե ֆիլմն ու թատրոնը տանջանքների միջով գնացին առաջ: Հարց է առաջանում` ինչո՞ւ պետք է հիմար սերիալները հետաքրքրեն, իսկ լուսանկարչությունը` ոչ: Չէ՞ որ պետք է մեծ տեղ հատկացնել լուսանկարչությանը: Լուսանկարչությունը քո միակ փաստաթուղթն է: Դու ինչ անում ես` անցողիկ է, և միայն լուսանկարն է, որ պահպանում է: Միայն լուսանկարը կարող է ասել, թե տասը տարի առաջ ի՞նչ ես արել: Մեկ լուսանկար, և քո ողջ կյանքը կանգնում է:

– Մոտ ապագայում ի՞նչ ծրագրեր ունես:

– Ինձ խոսք էի տվել, որ այստեղ ոչինչ չեմ անելու: Ինձ մոտ ամեն ինչ դրսում էր, ու այնտեղ ավելի ճիշտ է: Դրսում քո արժեքն ավելի ճիշտ է գնահատվում: Այստեղ ցուցադրությունները նույնիսկ արվեստագետների համար են անիմաստ դարձել, որովհետև հետևանք չի լինում: 10 տարի անց, սակայն, որոշեցի նորից ցուցահանդես կազմակերպել: Նշեմ, որ նոյեմբերի 14-ին Ազգային ժողովում կլինի իմ ցուցահանդեսը, որի ժամանակ ներկայացված կլինեն երեք տարվա ընթացքում արված աշխատանքներս:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս