
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հաստատել է 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքի ներումը 317,000 փոխառուի համար, որոնք հաճախել են Art Institutes (ԱՄՆ-ում արվեստի դպրոցների մասնավոր համակարգ): Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարությունում:
Նշվում է, որ այս հաստատությունը կեղծում էր տվյալներ, գիտակցաբար մոլորեցնում էր ուսանողներին և խաբում վարկառուներին՝ դրդելով նրանց խոշոր պարտքեր վերցնել՝ ընդ որում ուսման ավարտին նրանց չապահովելով կարիերայի խոստացված հեռանկարներով:
Բայդենն իր հայտարարության մեջ նշել է, որ վերջին երեք տարվա ընթացքում իր վարչակազմը հաստատել է մոտ 29 միլիարդ դոլարի պարտքի ներում 1,6 միլիոն փոխառուի համար, մինչդեռ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ներվել է ընդամենը 53,500 վարկառուի պարտք:
«Եվ ընդհանուր առմամբ, մենք տարբեր գործողությունների միջոցով հավանություն ենք տվել շուրջ 4,6 միլիոն ամերիկացիու պարտքի մարմանը», – ասել նա: