«Թուրքիան ուշագրավ շարժերի մեջ է». Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Էրդողանը վերջին ութ տարիներին առաջին անգամ հանդիպում է ունեցել ընդդիմության առաջատար ուժի՝ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության նախագահ Օզելի հետ: Եղել է մեկուկես ժամ փակ հանդիպում:

Այս հանգամանքը բավականին ուշագրավ է որոշակի «շղթայի» համատեքստում: Այդ տեղեկությունից ժամեր առաջ Բլումբերգ գործակալությունը տեղեկություն տարածեց, որ Անկարան որոշել է լիովին դադարեցնել առեւտուրն Իսրայելի հետ: խոսքը տարեկան մոտ երկուսուկես միլիարդ դոլարի առեւտրի մասին է, որ կա երկու երկրների միջեւ: Ըստ Բլումբերգի՝ Անկարան որոշել է դադարեցնել թե արտահանումը, թե ներկրումը:

Դրանից առաջ էլ արտգործնախարար Ֆիդանը հայտարարել էր, կարծես թե նախօրեին, որ Թուրքիան միանալու է Նաթանյահուի դեմ Հաագայի դատարան ներկայացված հայցի պաշտպանությանը: Ինչպես հայտնի է, այդ հայցը ներկայացրել է Հարավ-Աֆրիկյան հանրապետությունը:

Եվ այս ամենն էլ այն բանից հետո, երբ Էրդողանը հետաձգեց իր այցը Վաշինգտոն, որ պետք է կայանար մայիսի 9-ին: Իհարկե միարժեք չենք կարող ասել, որ այս իրադարձությունները անմիջականորեն կապված են իրար, բայց բոլոր դեպքերում դրանց հաջորդականությունը իսկապես ուշագրավ է:

Սա նշանակու՞մ է, որ Անկարան ծրագրել է մերձավորարեւելյան մի որեւէ քայլ, որ պահանջում է նաեւ ընդդիմության առաջնորդի հետ համաձայնություն եւ աջակցություն, բարդ է ասել: Բայց, որ հազիվ թե ութնամյա դադարից հետո այդ հանդիպումը պայմանավորված լիներ լոկ հանգամանքով, որ Էրդողանը Օզելի կուսակցությանը պարտվեց ՏԻՄ ընտրությունը, թերեւս այդպես է:

Ընդհանրապես, վերջին ամիսներին Թուրքիայյի համար իրավիճակը քիչ ինչ շեղվել է ավանդական «երկու նժարների միջեւ հարմարավետությունից»: Թուրքիան զգալիորեն կորցրեց նաեւ այսպես ասած միջնորդական կամ նախամիջնորդական դերը ուկրաինական «ճակատում», նկատելիորեն սառել է հարաբերությունը Ռուսաստանի հետ՝ Պուտինը համաձայնության չի գալիս Թուրքիա այցի հարցում եւ հետաձգում է այն փետրվարից:

Արդյո՞ք Էրդողանը որեւէ քայլ է մտածում կամ ծրագրում, որը կունենա «խաղասեղանը շուռ տալու» էֆեկտ, կամ գուցե փորձում է ստեղծել այդպիսի արտաքին տպավորություն եւ սպասել արձագանքների, այլ կերպ ասած՝ դիմում է որոշակի «բլեֆի»»:

Տեսանյութեր

Լրահոս