Սուրեն Անտոնյանի վերաբերյալ ՄԻԵԴ-ի 2015թ. վճռի հիման վրա կարգապահական վարույթ կարող էին հարուցել առավելագույնը մինչև 2016թ.
Մայիսի 3-ին Սահմանադրական դատարանում (ՍԴ) կշարունակվի Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի քննությունը, որով վիճարկվում են արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ «Դատական օրենսգրքում» ՄԻԵԴ վճիռների առիթով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավակարգավորմանը հետադարձ ուժ տալու վերաբերյալ կատարված փոփոխության արդյունքում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ նախատեսող նորմին հետադարձ ուժ տալու և կիրառելու սահմանադրականությունը:
Ապրիլի 30-ին դիմող կողմը դիրքորոշում է ներկայացրել հարցի վերաբերյալ, որն իր էությամբ բացահայտում է կառավարության և օրենսդիր մարմնի կողմից իր նպատակներին հասնելու ճանապարհին ոչ միայն Սահմանադրության, այլ նաև միջազգային իրավունքում հանրաճանաչ սկզբունքների անտեսմանը:
Հարցն այն է, որ ՄԻԵԴ-ի վճիռների հիմքով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ նախատեսված է եղել նաև մինչև 2018թ. խմբագրությամբ գործող Դատական օրենսգրքով: Ընդ որում, նախատեսված է եղել ՄԻԵԴ-ի վճռի ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ժամկետ: Այդ իրավակարգավորումը 2018թ. ընդունված «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում չէր ներառվել՝ հաշվի առնելով միջազգային փորձագիտական շրջանակների բացասական կարծիքը, քանի որ նման ձևակերպումը թույլ էր տալիս գնահատել դատավորի կիրառած օրենքի իրավաչափությունը, իսկ մարդու իրավունքների ոլորտում դատական ակտին չառնչվող այլ դրսևորումներն ինքնին ոչ թե կարգապահական պատասխանատվության, այլ դատավորի` պաշտոնի անհամատեղելիության հիմք են:
Հետևաբար՝ դատավոր Սուրեն Անտոնյանի վերաբերյալ ՄԻԵԴ-ի 2015թ. վճռի հիման վրա կարգապահական վարույթ կարող էին հարուցել առավելագույնը մինչև 2016 թվականը, և այդ ժամկետից հետո դատավորը լեգիտիմ ակնկալիք է ունեցել, որ այլևս ենթակա չէ կարգապահական պատասխանատվության:
Մինչդեռ 2022թ. Դատական օրենսգրքում արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած, իսկ հետո Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) տեղափոխված Կարեն Անդրեասյանն իր բիզնես գործընկեր և մտերիմ Գրիգոր Մինասյանի հետ հարուցել և ԲԴԽ է բերել կարգապահական վարույթ, որի ժամկետն արդեն իսկ լրացած է եղել:
Սահմանադրական դատարանը պետք է քննարկի, թե արդյո՞ք չի խախտվել նույն արարքի համար կրկին պատասխանատվության (դատվելու) ենթարկվելու արգելքի միջազգային հանրահայտ սկզբունքը:
Այսինքն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի հետադարձ ուժի սահմանադրական արգելքի հետ միասին Սահմանադրական դատարանը պետք է դիտարկի նաև դիմող կողմի արտահայտած տվյալ դիրքորոշումը, որի վերաբերյալ Ազգային ժողովի ներկայացուցիչն ըստ էության նախորդ նիստի ժամանակ պատասխան չուներ:
Հիշեցնենք, որ 2007-2008թթ. դատական ակտերի հետ կապված ՄԻԵԴ վճիռներով կարգապահական վարույթներ հարուցելու ակտիվ կողմնակիցներից են եղել այս դիմումի քննությանը մասնակցող դատավորներ Վահե Գրիգորյանն ու Սեդա Սաֆարյանը, որոնք դատարաններում ներկայացրել են քաղաքական ընդդիմությանը և հայտնի են ներկայիս իշխանությունների հետ ունեցած և պահպանած սերտ կապերով:
Պետք է նկատել, որ գործող իշխանությունը 2008թ. մարտյան դեպքերին առնչություն ունեցող քրեական գործեր ու կալանքներ տված դատավորներին, դատախազներին, քննիչներին ու ոստիկաններին ոչ թե պատասխանատվության է ենթարկել, այլ շատ արդյունավետ օգտագործում է ներկայիս ընդդիմադիր դաշտը ճնշելու, ցանկալի դատավճիռներ ստանալու գործում: