Կարեն Ջալավյանը` Քյոխը մանրամասներ է պատմում
«44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել է զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս հրամանատարությունից ես խնդրեցի և պահանջեցի հավելյալ ուժեր եւ միջոցներ հատկացնել զորամասն արտաքին աշխարհին կապող Թարթառ գետի վրա տեղակայված երկու երկաթբետոնե կամուրջները պաշտպանելու համար»,- այս մասին ասել է Արցախի հերոս, «Եղնիկներ» զորամասի նախկին հրամանատար Կարեն Ջալավյանը:
Նա որոշ մանրամասներ պատմեց պատերազմից. «Երրորդ օրը ԵԿՄ «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդից մեկ հատուկ նշանակության վաշտ՝ մոտ 100-հոգանոց, տեղակայվեցին Վահե-1 եւ Վահե-2 կամուրջների պաշտպանության համար: Երբ պատերազմի 7-րդ օրը հարեւան զորամասը հակառակորդն ամբողջությամբ գրավեց՝Մատաղիս բնակավայրը ևս, ես իջա, որ տեղում իրավիճակը հասկանամ, զորամասի աջ թևում, որպեսզի հանկարծ շրջափակման մեջ չընկնենք: Վահե-1 անցակետում, որտեղ տեղակայված էր վաշտից մի խումբ, այդ թվում Արման Պետրոսյանը, երջանկահիշատակ Մենուա Հովհաննիսյանը, որ նահատակվեց եւ հետո արժանացավ Արցախի հերոսի կոչման, ես խնդիր առաջադրեցի, որպեսզի խմբի տղաներից հարձակողական գործողությունների համար տղաներ առանձնացնեն:
Ինքն ու Մենուան իրենց համաձայնությունը տվեցին եւ հայտնեցին, որ պետք է համագործակցեն վաշտի հրամանատար Հայկ Մանուկյանի հետ եւ պատասխանը երեկոյան կփոխանցեն: Դա ամսի 2-ի ժամը 5-ն էր, երբ Մատաղիսի զորամասն ամբողջությամբ անծանոթ ճանապարհով հետ էր նահանջում դեպի նոր տեղակայման վայր: Հաշվի առնելով, որ իրենց զորամասին ծանոթ ճանապարհը՝ Մատաղիսից դեպի Մարտակերտ հակառակորդն արդեն վերցրել էր ուղիղ նշանառության տակ, հրթիռահրետանակոծում էր տանկերով, լեռնային, անտառային այլընտրանքային ճանապարհով էր զորքը հետ քաշվում եւ մեծ էր այդ վաշտի տղաների գործունեությունը, որոնք կազմակերպեցին Մատաղիսի զորամասի հետ նահանջը, որովհետեւ անծանոթ տեղամասում, թե՛ սպայական կազմը, թե՛ կամավորները, մոլորվել եւ լճի մի ափով էին գալիս, մի մասը՝ մյուս կողմով: Տղաները առաջանում էին խմբերով:
Ամսի 2-ին պայթեցվեցին այդ երկու կամուրջները, որ հակառակորդն առաջխաղացում չունենա այդ երկու ուղղությամբ, բայց պայթեցումից հետո 7-րդ, 8-րդ օրը, անտառներում մոլորված Մատաղիսի զորամասից զինծառայողներ էին դեպի մեր զորամաս գալիս:
Ամսի 3-ին, երբ կամուրջները պայթեցված էին, անձնակազմի խնդիր ունեինք, ես խնդրեցի վաշտի հրամանատարին, որ վաշտը տեղակայենք առաջնագծին մոտ բնագծում՝ հակառակորդի հետագա գործողությունները զսպելու եւ պաշտպանությունն ամուր կազմակերպելու համար: Վաշտի 100 հոգուց 35 հոգին համաձայնեցին, մասնակցեցին եւ պաշտպանողական, եւ հարձակողական գործողություններին: հարձակողական գործողություններից մեկի ժամանակ 4 հոգու հետ միասին նահատակվեց նաև Մենուան՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի մեծ կորուստներ:
Մինչեւ հոկտեմբերի 24-ը Արմանը խմբի տղաների հետ միասին իմ հանձնարարությամբ ցանկացած կետում, երբ իրավիճակը լարվում էր, ես վստահ էի, որ Արմանի գլխավորությամբ խնդիրները պատվով են իրականացնում:
Ամսի 24-ին հարավ-արեւմտյան ուղղությամբ հակառակորդը առաջնագիծը ճեղքել եւ առաջանում էր դեպի Շուշի, առաջապահ ստորաբաժանումները արդեն գտնվում էին Ավետարանոց բնակավայրում, իսկ այդտեղից դեպի Շուշի ընդամենը օդով 15 կմ է: Վերադաս հրամանատարության կողմից մենք խնդիր ստացանք, որ մեկ վաշտ ուղարկենք Շուշի-Սղնախ ուղղություն: Վաշտի հրամանատար Հայկ Մանուկյանը իր պատրաստակամությունը հայտնեց իր 13 հոգանոց խմբով մեկնելու նշված ուղղությամբ: Արմանը ևս այդ խմբի կազմում մեկնեց: Մինչեւ նոյեմբերի 10-ը, եռակողմ խայտառակ այդ հայտարարության օրը, Արմանը գտնվում էր նշված բնագծում տարբեր ստորաբաժանումների հետ: Ցավո՛ք, չհաջողվեց հակառակորդին վերջնականապես կանգնեցնել, ջախջախել, հակառակորդը տիրեց Շուշիին:
Պատերազմից հետո Արմանը մնաց Արցախում, ծառայեց մեկ այլ կառույցում, իր փորձն ու գիտելիքները փոխանցելու նշված ստորաբաժանման անձնակազմին: Պատերազմից հետո նա պարբերաբար այցելու էր մեզ, բարեկամական կապ էր ստեղծվել իմ ու իրենց միջեւ: Համարձակ էր, վստահ, իսկ դա միշտ պետք է զինվորականի առաջին ուղեկիցը լինի»: