Ձեզ Արմեն Դանիելյանն էլ է շատ. վաղվանից նա կորոշի դատավորների ճակատագիրը. վայելե՛ք ձեր լռության ու կամազրկության արդյունքը

Վաղը Դատավորների ընդհանուր ժողովը կընտրի Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դատավոր անդամի: Միակ թեկնածուն Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն է:

Պատկերացնելու համար դատական իշխանության անկախությունը երաշխավորող, ըստ էության համակարգը գլխավորող կառույցի որակազրկման աստիճանը, ևս մեկ անգամ կրկնենք՝ ԲԴԽ դատավոր անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է: Համակարգն ըստ էության բոյկոտել է ԲԴԽ անդամի ընտրությունը:

Հիշեցնենք՝ Ժողովը 2-րդ փորձից է վաղն ընտրելու ԲԴԽ անգամ: Նախորդ Ժողովից առաջ միակ ու ֆավորիտ թեկնածուն՝ Վերաքննիչ դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին, հայտարարություն տարածեց, որում նշեց՝ «Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին: Ինձ համար մեծագույն պատիվ կլիներ դատավորներին տվյալ մարմնում ներկայացնելը, սակայն նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր, որոնք իմ գնահատմամբ ավելի կարևոր են, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալը. հակառակ մոտեցումը կարող էր գնահատվել եսասիրական»:

Ողջ ԲԴԽ-ն հպատակեցրած Կարեն Անդրեասյանը կարող է ցնծալ: Նրան հաջողվել է այնպիսի անողնաշար կառույց դարձնել ԲԴԽ-ն, որ մնացել են Արմեն Դանիելյանի հույսին, ում ներկայությունը ԲԴԽ-ում դեռ մի բան էլ շատ է երբեմնի հեղինակավոր այդ կառույցին:

Կարդացեք նաև

Դժվար թե սա Կարեն Անդրեասյանի նվիրական երազանքը լիներ, որովհետև վերջինս, թերևս, շատ լավ է հասկանում՝ ինչ է նշանակում ԲԴԽ-ում ևս ունենալ Արմեն Դանիելյան, ով, 168.am-ի տեղեկություններով, անձամբ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն է: Բայց ինքն է ստեղծել իր երազանքի ԲԴԽ-ն, ու թերևս հենց Արմեն Դանիելյանն էր պակասում ԲԴԽ-ում, որ այն հասնի իր անլրջության բարձրագույն աստիճանին:

Վաղն Արմեն Դանիելյանը կդառնա ԲԴԽ անդամ, անգամ, եթե միայն ինքը քվեարկի իր օգտին: Ընտրության կարգը մեկնաբանման խնդիր ունի, ու վաղը վստահաբար դատավորները չեն էլ փորձի փրկել օրեցօր կամազուրկ դարձող համակարգի հեղինակության վերջին փշրանքներն ու հարցը հստակ դնել. թեկնածուն կարող է ընտրված համարվել, եթե նրա օգտին քվեարկի քվեարկությանը մասնակցած դատավորների 50%-ից ավելին: Համակարգը դա չի անի, որքան էլ որ վստահաբար Արմեն Դանիելյանն անգամ գրեթե լիովին հպատակեցված դատական համակարգի ձայների 50%-ին մոտ անգամ չկարողանա գալ: Բայց դա արդեն էական չէ:

Վաղը ԲԴԽ անդամ կդառնա մի դատավոր, ով առանց պաշտպանության կողմին լսելու՝ գնում է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու կալանքի հարցի վերաբերյալ, ով առանց անձին պատշաճ ծանուցելու՝ դատական նիստի օր էր նշանակել ու նրա բացակայությամբ՝ կալանավորել, երբ իրականում նա տեղյակ չի եղել, որ իր մասնակցությամբ դատական նիստ պետք է տեղի ունենա, ում ձեռքով գործեր էին մակագրվում, երբ վերջինս կորոնավիրուսով հիվանդ էր, ում անխտիր մակագրվում են բոլոր քաղաքական հնչեղ գործերը, որովհետև աներկբայորեն կատարում է իշխանության ամենանվիրական ցանկությունները:

Վաղը ԲԴԽ անդամ կդառնա մի դատավոր, ում վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերջինս թույլ է տվել էական դատավարական խախտումներ, ում 2012թ. պախարակում էր նրա այսօրվա հովանավոր Նիկոլ Փաշինյանը, ով 2022թ. անգամ կարգապահական պատասխանատվության չենթարկվեց հերթական էական դատավարական խախտումը կատարելու համար:

Ինչպես ասում են, ամեն ինչ օրինաչափ է: Արմեն Դանիելյանն արդեն որոշելու է դատավորների ճակատագիրը… Վարագույր…

Տեսանյութեր

Լրահոս