Առաջնորդություն չկա. մարդիկ չեն ուզում ստանձնել պատասխանատվություն. Դավիթ Անանյան

Հասարակությունը պետք է շատ հստակ գիտակցի՝ այն գործընթացը, որը սկսվել է Կիրանցում, միայն Կիրանցով չի ավարտվելու. սա թշնամու կողմից Հայաստանը կլանելու մի երկարատև գործընթաց է, ուստի, եթե քաղաքական որոշ ուժեր մտածում են, թե պատեհ ժամանակը չէ իշխանություն վերցնելու, մտածում են, թե՝ թող այս իշխանությունը հանձնի, ինչից հետո նոր իրենք կգան և իշխանություն կվերցնեն, թող իմանան՝ այս հանձնման գործընթացը կանգ չի՛ առնելու, թշնամու սկսած այս գործընթացը կավարտվի այն ժամանակ, երբ Հայաստան պարզապես չի լինի։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Անանյանը՝ ընդգծելով՝ այս թշնամական օրակարգի դիմացն առնելու ռեսուրս ունի հայ ժողովուրդը, որը, սակայն, կարիք ունի քաղաքական առաջնորդության։

«Մենք ներուժ ունենք թե՛ պատերամի մեջ մտնելու, թե՛ սեփական այլ միջոցներով պայքար մղելու, բայց ընդդիմությունը չի ցանկանում մտնել բեռի տակ, որը կարող է ենթադրել նաև թշնամու հետ որոշակի լարվածություն, մինչդեռ, եթե ուզում ենք խաղաղություն, պետք է պատրաստվենք պատերազմի»,- ասաց Անանյանը։

Կարդացեք նաև

Նրա մեկնաբանությամբ՝ այն դեպքում, երբ պարզ է, որ Հայաստանի այս իշխանությունն ընտրել է թուրքական բևեռը՝ հրաժարվելով ռուսականից, երբ պարզ է, որ Հայաստանն ընդունում է Եվրոպայի կողմից Թուրքիային տարածաշրջանային ոստիկան կարգելու առաջարկը, ամրապնդվում է կասկածը, որ այս իշխանությունն էությամբ հայկական չէ։

«Մենք գիտենք, որ ոչ վաղ անցյալում հայոց վրիժառուների շարքում թուրքերի հետ կային հայեր, նրանք հայ էին իրենց ծնունդով, բայց ոչ էությամբ»,- ասաց Անանյանը, որի գնահատմամբ՝ այս իշխանության հավաստիացումները, թե այս հանձնումներով կանխելու են պատերազմը Հայաստանի դեմ, իրականության հետ կապ չունեն։

«Կարծում եմ՝ իրական առաջնորդություն չկա, որովհետև մարդիկ չեն ուզում ստանձնել պատասխանատվություն, որովհետև պետականության սիմվոլներ ունենք, բայց իմ կարծիքով՝ մենք պետականություն չունենք»,- ասաց Անանյանը՝ նշելով՝ ստեղծված պայմաններում միակ ինստիտուցիոնալ կառույցը մնացել է եկեղեցին։

«Հետևապես՝ շատ ճիշտ քայլեր է այսօր անում եկեղեցին։ Դա պետականապաշտ քայլ է՝ դրանից բխող գործողություններով։ Հոգևոր դասը չի՛ հավակնում քաղաքական իշխանություն ստանձնելու, բայց իր պարտքն է համարում համախմբել ժողովրդին և ասել՝ ոտքի կանգնեք, պետականություն ենք կորցնում։ Եկեղեցուց այս իշխանությունը սարսափում է ու փորձում պախարակել»,- ասաց Անանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս