«Մշակույթի ոլորտը հոգեվարք է ապրում, այն գրեթե վերանում է». Արա Հայթայան
Ժամանակակից արվեստագետների մասին քիչ է խոսվում: Շատերը նրանց չեն ճանաչում, ծանոթ չեն նրանց ստեղծագործություններին: Արա Հայթայանը մեկն է այն արվեստագետներից, ով լուռ աշխատում է, ով, ինչպես մեզ հետ զրույցի ընթացքում նշեց` փորձում է ապրել արվեստագետի նման:
«Աշխատում եմ տեսնել և սինթեզել այն, ինչ ինձ անհրաժեշտ է: Այցելում եմ ինձ համար կենսական կարևորություն ունեցող վայրեր, բայց հետո վերադառնում եմ այս երկիր՝ տեսածս վերարտադրելու համար: Ինչո՞ւ եմ վերադառնում հենց այստեղ, որովհետև այստեղ հանգիստ է, և ես կարող եմ հանգիստ աշխատել, վերարտադրել իմ ապրումներն ու տեսածը: Իմ աշխատանքի համար Հայաստանն իդեալական երկիր է» ,- ասում է նկարիչը: Նկարչի վերջին այցելած երկիրը եղել է Չինաստանը, որտեղ արվեստագետի այցը ոչ թե ժամանցային էր, այլ աշխատանքային:
Պեկինի Միջազգային 5-րդ բիենալեին այս տարի Հայաստանը ներկայացել է առանձին և հատուկ տաղավարով: Ցուցահանդեսի համադրողն Արա Հայթայանն էր: Հայաստանի արվեստագետները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց արվեստը: Բիենալեին ներկայացված էր 90 երկրից մոտ 600 աշխատանք: Հայաստանից ներկայացված էր 11 արվեստագետի 33 աշխատանք:
«Ցուցահանդեսին Հայաստանն ուներ 3 ներկայացուցիչ: Իհարկե, նման ցուցադրութունների ժամանակ հարկ էր, որպեսզի առավել ամբողջական և ներկայանալի կազմով մեկնեինք, բայց Մշակույթի նախարարությունը, որը տեղյակ էր միջոցառումից և իր հավանությունն էր տվել մասնակցության համար, կարող էր ֆինանսավորել միայն երկու մասնակցի: Ճիշտ է, դա քիչ էր, բայց կարողացանք ներկայանալ: Պեկինի Բիենալեն կարող է դառնալ Արևելքում արվեստային ամենամեծ ֆորումը, որին Չինաստանը հսկայական կարևորություն է տալիս:
Բիենալեի կեսը տրամադրվում է չինական ժամանակակից արվեստին, մյուս կեսը՝ միջազգային, իսկ երրորդ բաժինը հատուկ ցուցահանդեսներն են, որին մասնակցում են չորս երկրներ, որոնք ընտրվում են՝ ըստ իրենց նախագծերի: Յուրաքանչյուր ցուցահանդես ունի իր թեման: Խնդիր է դրվում՝ ցուցահանդեսի միջոցով արվեստային, քաղաքական, էկոլոգիական և այլ խնդիրներ բարձրացնել: Շատ կարևոր է, թե ինչպես է արվեստը, արվեստագետն արձագանքում այսօրվա խնդիրներին, որոնք հետագայում պետք է դառնան իրականություն»,- ասաց նկարիչը: Ա. Հայթայանը ցուցահանդեսին պատրաստվելու համար շատ քիչ` ընդամենը մեկ ամիս և տասը օր ժամանակ ուներ, այն դեպքում, երբ նման ցուցադրություններին, որպես կանոն, պատրաստվում են մեկ տարի ընկած ժամանակահատվածում: Չնայած այդ ամենին, Հայաստանը ներկայացավ, և հայկական տաղավարը լուրջ ուշադրության արժանացավ:
– Պարոն Հայթայան, մշակույթի ոլորտում հայերն այսօր ինչի՞ պակաս ունեն:
– Մի կողմից՝ ունենք շատ լուրջ արվեստագետներ, մյուս կողմից՝ ունենք արվեստը կիրառելու շատ լուրջ կենսագրություն: Եթե վերցնենք միայն վերջին 20 տարին, ապա արվեստը կիրառվում է զուտ քաղաքական առումով: Արվեստի բուն նյութին Հայաստանում, կարելի է ասել, դեռևս չեն մոտեցել՝ որպես բուն առարկա: Եթե վերցնենք միայն 20-րդ դարը, ապա ժամանակին մշակույթն օգտագործվեց քաղաքական նպատակների և քաղաքական միտումների շրջանակներում: Այսինքն՝ այն, ինչ կատարվեց, կատարվեց այդ ամենի շուրջ: Այսօր ունենք հետաքրքիր արվեստագետների խավ, ովքեր փորձեցին այդ սահմաններից դուրս գալ, փորձեցին առհասարակ արվեստ առարկայի հետ ավելի լայն ծիրի մեջ մտնել: Այդ ամենի հետ մեկտեղ` մենք չունենք դրա արխիվացումը, չենք գրանցում ոչինչ՝ գոնե հետագայում իմանալու համար, որ ժամանակին ունեցել ենք դա:
Այսինքն` չկա այն ինստիտուտը, որը դա արխիվացնում է և զբաղվում է դրա ներկայացմամբ: Յուրաքանչյուր երկիր ունի իր կենսագրությունը, և բոլոր արվեստագետները փորձում են իրենց կենսագրությունը տեղավորել այդ նեղ շրջանակի մեջ` բոլոր հնարավոր լեզուներով, որպեսզի զրույցը կայանա: Բայց մենք դրան այնքան էլ մեծ ուշադրություն չենք դարձնում:
– Մշակույթի նախարարությունը տարվա կտրվածքով կազմում է անցկացվելիք մշակութային միջոցառումների ցանկը: Տարբեր միջոցառումներ են արվում ամեն տարի: Ի՞նչ են տալիս այդ միջոցառումները մշակույթին:
– Ես պետք է փորձեմ ավելի իմ ոլորտից խոսել: Տեսնում եմ` մշակութային միջոցառումներ և ֆորումներ են կազմակերպվում, գումարներ են ծախսում, և, թերևս, դա չի բավարարում այդ ոլորտը կենդանի պահելուն: Բայց այն, ինչ պետք է արվեր այս ոլորտի ամենազարգացած ուղղության՝ կերպարվեստի համար, չի արվում: Մեծ ֆորումներ պետք է կազմակերպվեն, որում առանց ժյուրիի, առանց ավելորդ «ցանկապատերի»` դրսի արվեստագետների աշխատանքների հետ միասին կարող են ցուցադրվել հայ արվեստագետների ստեղծագործությունները: Դա չի արվում:
Ընդ որում, այդ նախաձեռնությունը պետք է լինի ոչ թե նկարչի, արվեստագետի կողմից, այլ երկրի կողմից, որպեսզի հասկանանք, թե ինչ է արվել վերջին 10 տարիների ընթացքում: Եթե այս երկու բաները չեն արվում, ուրեմն մենք առհասարակ իրավունք չունենք այս թեմայից խոսելու: Այս ոլորտը հոգեվարք է ապրում, այն գրեթե վերանում է: Եթե այլևս հեռուստատեսությունում չկա արվեստի մասին հաղորդում, չի խոսվում գրքի մասին, ապա այս հարցերը դուրս են: Երկիրը, պետությունը այսօրվա արվեստագետին չի նայում՝ որպես սառույցը կոտրող ուժ, որի միջոցով երկիրը պետք է ներկայանա աշխարհում, և որի հետևից նոր կգան արդյունաբերությունը, տնտեսությունը, և այլն:
– Հաճախ եք ճամփորդում: Չինաստան կատարած վերջին այցելության ընթացքում ի՞նչ տեսաք, որ կցանկանայիք՝ Հայաստանն էլ ունենար:
– Մեծ համակարգի և մեծ ծրագրերի մի շատ մեծ օղակ, որը երկիրն ունի: Մենք ցանկանում ենք հսկել արվեստը, բայց դա չի կարելի: Հսկողության պարագայում արվեստը մեռնում է: Բնակչության` միլիարդի և երկու-երեք միլիոնի տարբերությունը շատ մեծ է: Նրանց կենսական տարածքները շատ մեծ են:
Փոքր-ինչ դժվար է համեմատել այդ երկու երկրներն ու երկու ժողովուրդներին, բայց այն Չինաստանը, որը հիմա է կայանում` իր չինականությամբ իրեն չի բանտում, ի տարբերություն մեզ: Չինաստանն այսօր իր մշակույթը տեսնում է բաց լինելու մեջ, սինթեզների մեջ, այն ամենի մեջ, որը վաղը կոչվելու է չինական: Այնտեղ կա շփման բացություն, ուրիշներից սովորելու ցանկություն:
– Ի՞նչն է պատճառը, որ հայ արվեստագետն այսօր չունի այն ուժն ու վստահությունը, ինչ ուներ 20 տարի առաջ:
– 20-25 տարի առաջվա ուժն ինչ-որ տեղ նաև պայմանավորված էր Խորհրդային Միության տարածքներով: Հայ արվեստագետն իրեն համարում էր այդ տարածքի արվեստագետ և չգիտեր, թե այդ տարածքից հետո ինչ կա:
Հիմա, երբ աշխարհը բաց է, նույն այդ արվեստագետը շատ ավելի բան պետք է ուսումնասիրի, որպեսզի ինչ-որ բան ստեղծի: Այն ժամանակ բաց էին բոլոր տարածքները, իսկ այսօր դա չկա: Փոքրիկ քաղաքում 3-4 արվեստի կենտրոնում իր աշխատանքները տեղավորելով` արվեստագետը կարող է միայն հույս ունենալ, որ կկայանա: Այսօր հայ արվեստագետն իր կայացումը տեսնում է դրսում: Այն կողմնորոշիչները, որ այսօրվա` ֆինանսներ տիրապետող մարդն ունի, թույլ չի տալիս արվեստագետ պահելու: Իրավիճակը փոխվել է: Դու պետք է լինես այնքան աչքաբաց, որ կարողանաս դրսում քեզ դրսևորել, գնորդներ ապահովել, որպեսզի կարողանաս այստեղ գոյատևել: