«Պատերազմն առաջին հերթին վնաս է հասցնելու Թուրքիային»

Հարցազրույց արևելագետ Դավիթ Հովհաննիսյանի հետ

– Պարոն Հովհաննիսյան, նախ` ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը Սիրիայում այսօր` ավելի քան մեկուկես տարի ընթացող հակամարտությունից հետո:

– Իրոք, իրավիճակը Սիրիայում չափազանց ծանր է: Ստեղծվել է մարդկային հսկայական ողբերգությունների մի ծանրագույն վիճակ: Հոյակապ երկիրը, որտեղ տարբեր էթնիկական և կրոնական պատկանելության մարդիկ իրար հետ խաղաղ ապրում էին, հիմա վերածվել է միջկրոնական, էթնիկական բախումների մի դաշտի, ինչն, իհարկե, չափազանց վատ երևույթ է:

Սիրիան միշտ գնահատվում էր կայունության կղզյակ անհանգիստ միջինարևելյան համապատկերում, իսկ հիմա տեսնում ենք, որ Սիրիան դառնում է էպիկենտրոն, որի շուրջ տեղի են ունենում կայունությունը, ամբողջ հսկայական տարածաշրջանի անվտանգությունը հարցականի տակ դնող իրադարձություններ:

Կարդացեք նաև

Իսկ այդ իրադարձություններից վերջինն, իհարկե, կապված է Լիբանանի հետ, որտեղ բոլոր լրատվամիջոցներն անմիջապես սկսեցին մեղադրել Սիրիային այն դեպքում, երբ բացարձակապես պարզ չէ, թե իրականում այդ սպանությունն իրականացնողներն ովքեր են եղել: Լիբանանի ներքին հետախուզության պետը` գեներալ Ուիսսամ ալ-Հասանը, ամենայն հավանականությամբ, Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ ալ-Հարիրիի սպանության մեղավորներից մեկն էր:

Այսինքն` հասկանալի է, որ գեներալի սպանությունը կարող էր կազմակերպված լինել նույն Ռ.ալ-Հարիրիի որդու` Սաադ Հարիրիի կողմից: Բացի այդ, ամենայն հավանականությամբ, չի բացառվում, որ Ուիսսամ ալ-Հասանը սերտ կապեր ուներ ֆրանսիական հատուկ ծառայությունների հետ, նրա գործողություններն ուղղված էին հատկապես ամերիկյան և իսրայելական հատուկ ծառայությունների դեմ, ինչն ինչ-որ չափով, կողմնակիորեն վկայում է դրա մասին:

Այս ամենն ասում եմ միայն այն նպատակով, որպեսզի հասկանալի լինի, որ ամեն ինչ այդպես միանշանակ չէ, ինչպես ներկայացվում է: Նաև հայտնի է, որ սպանվածը շատ սերտ կապեր է ունեցել Հըզբոլլահի անվտանգության համակարգի հետ: Այնպես որ, շատ խառը իրավիճակ է, բայց սա օգտագործվեց, որպեսզի նորից մեղադրեն Սիրիային, այն դեպքում, երբ, իմ կարծիքով, Սիրիան այժմ այդ ռեսուրսները չունի` նման իրավիճակում ինչ-որ բաներ կազմակերպելու Լիբանանում: Այլ հարց է, որ Հըզբոլլահը կարող էր շահագրգռված լինել այս ամենում, չնայած դա էլ նորից հարցականի տակ է, որովհետև Հըզբոլլահը վերահսկում է իրավիճակը Լիբանանում, չափազանց կարևոր ներքաղաքական գործոն է և անվտանգության տեսանկյունից Լիբանանի ամենակարևոր խաղացողն է: Այնպես որ, նորից շատ դժվար եմ պատկերացնում, թե ինչո՞ւ Հըզբոլլահը պետք է փորձեր ապակայունացնել Լիբանանի ներքին իրավիճակը:

Հարցականների մի շարք, որոնց պատասխանները, պարզ է, ինֆորմացիայի ոչ ամբողջական լինելու պատճառով, չկան: Սակայն դա ցույց է տալիս այն միտումը` բոլոր մեղքերում մեղադրել Սիրիային, Իրանին և Հըզբոլլահին:

– Գեներալ ալ-Հասանի սպանությունը կապվում է նրա կողմից այս տարվա մայիսին սիրիական հետախուզության պետի լիբանանյան ռեզիդենտ Միշել Սամահայի ձերբակալության հետ, և նաև կա կարծիք, որ Սիրիան այս սպանությունը կազմակերպել է, որպեսզի ետ պահի Լիբանանի հակասիրիական դիրքորոշում որդեգրելուց, քանի որ դա կբերի Լիբանանում միջկրոնական բախումների: Ինչպե՞ս եք վերաբերվում այս տեսակետներին, և այս դեպքն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Լիբանանի վրա` քաղաքացիական պատերազմի վերսկսման հավանականության առումով:

– Միշել Սամահան սիրիամետ ուժերի ներկայացուցիչն էր, դա հայտնի է, նա Լիբանանի տուրիզմի նախկին նախարարն էր, բայց նա նաև շատ լուրջ դերակատարություն ունեցող մարդ էր Լիբանանի ներքին քաղաքականության մեջ: Իհարկե, ես չեմ կարող ասել, թե սպանությունն ո՞ւմ ձեռքի գործն է, ես կարող եմ միայն հարցականներ դնել: Ինչ վերաբերում է Լիբանանի կողմից հակասիրիական դիրքորոշում ընդունելու վարկածին, կարծում եմ` անհնար է, որ Լիբանանի պաշտոնական իշխանությունները հակասիրիական դիրքորոշում ընդունեն:

Բայց այն, որ Լիբանանի որոշ սահմանամերձ շրջաններ բավական թափանցելի են սուննիական ծայրահեղականների համար, որոնք այդ տարածքներից ներթափանցում են Սիրիա և հատկապես զենք-զինամթերք են տեղափոխում, ակնհայտ է: Այդ սահմանը պահելը շատ դժվար է, ճիշտ է, վերջերս սիրիական ջոկատները լուրջ հարված հասցրեցին Լիբանանում զինյալների դիրքերին, բայց դա ժամանակավոր էֆեկտ կարող է ունենալ. նույնը արեցին Հորդանանի սահմանի վրա, հիմա ավելի դժվար կլինի, որովհետև այնտեղ ամերիկյան ջոկատներ են տեղակայված:

Սակայն նորից պաշտոնական Բեյրութը չի կարող հակասիրիական դիրքորոշում որդեգրել, առավելագույնը չեզոք դիրք կարող է բռնել: Ինչ վերաբերում է այն հարցին` արդյոք սա կբերի՞ Լիբանանում քաղաքացիական պատերազմի, կարծում եմ` դժվար թե, քանի որ լիբանանցիները մեծագույն տառապանքներ տարան վերջին քաղաքացիական պատերազմի ընթացքում և շատ դժվարությամբ կարողացան ձևավորել այն իրավիճակը, որը կայունություն ապահովեց վերջին 20 տարիներին, լիբանանցիները դա շատ գնահատում են: Եթե դրսից փորփրող, խրախուսող ուժերն իրական լծակներ ձեռք չբերեն, որոնք այժմ չունեն, ապա քաղաքացիական պատերազմը քիչ հավանական է:

– Թուրք-սիրիական հարաբերությունների ծայրաստիճան սրումը կհանգեցնի՞ պատերազմի:

– Կարծում եմ, որ պատերազմն առաջին հերթին վնաս է հասցնելու Թուրքիային, որովհետև Թուրքիայի ներքին իրավիճակն այնքան խարխուլ է, որ ցանկացած դիսբալանս կարող է բերել կայունության խախտմանը, և դա ամենամեծ վտանգն է հենց Թուրքիայի միասնականությանը և որպես հզոր պետություն` գոյությանը: Այս առումով հիմնականում քրդական գործոնն են մեջբերում, բայց չպետք է մոռանալ նաև չափազանց կարևոր ալավիական գործոնի մասին:

Հասկանալի է` Թուրքիայի և Սիրիայի սահմանամերձ շրջանները քրդաբնակ են, և պատերազմը կարող է հանգեցնել ընդհանուր քրդական շարժման բռնկման: Բայց նաև կարևոր է ալավիական գործոնը. Թուրքիայում հսկայական քանակությամբ ալավիներ են ապրում` տարբեր տիպի` նաև տարբեր էթնիկական պատկանելության (ալավիներ և ալևիներ). արաբ ալավիները հիմնականում բնակվում են սահմանամերձ Հաթայ շրջանում (Սիրիայի նախկին Ալեքսանդրետի սանջակում), ովքեր շատ զգայուն են այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունենում Սիրիայում, քանի որ իրենց արյունակիցներն են հարվածի տակ: Նույնը տեղի է ունենում Ստամբուլում, որտեղ ալավիները մի քանի պայթյուններ կազմակերպեցին, որոնցով արտահայտեցին իրենց դժգոհությունը թե՛ երկրի ներսում և թե՛ Սիրիայում ալավիների նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականության հանդեպ: Այսինքն` սա նույնպես շատ լուրջ վտանգ է Թուրքիայի ամբողջականության և ներքին կայունության համար:

Այնպես որ, կարծում եմ` թուրքական ղեկավարությունը շատ սթափ կերպով է գնահատում իրավիճակը երկրի ներսում և նաև չափազանց զգայուն է այն վտանգներին, որոնց կարող են հանգեցնել նույնիսկ Սիրիայի դեմ սահմանամերձ գործողությունները: Դա անմիջապես կսրի հարաբերությունները թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի և թե՛ Չինաստանի հետ: Այս երեք երկրներն ամենաանզիջում դիրքորոշումն ունեն Սիրիայի հարցում, ինչն արտահայտվում է հարաբերությունների լարվածության բարձրացմամբ:

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Պուտինի և Թուրքիայի վարչապետ Էրդողանի միջև աղմկահարույց հեռախոսազրույցին, ինչի մասին այդքան խոսվում է վերջին օրերին, ապա նախ` պարզ չէ` իրականում եղե՞լ է այդ հեռախոսազրույցը, թե՞ ոչ: Հասկանալի է, որ ստիպելով վայրեջք կատարել այդ ինքնաթիռին` թուրքական իշխանությունները լուրջ հարված են հասցրել ռուսական ինքնասիրությանը:

Ռուսաստանը ներկայումս նման նվաստացումներ հանդուրժելու պատրաստ չէ, և, անշուշտ, դա բերեց լրացուցիչ լարման: Բայց նաև պարզ է, որ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը թելադրում են բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել Սիրիային: Շնորհիվ ամերիկյան «շատ խելացի» քաղաքականության, ռուսները նորից վերադարձան Միջերկրական ծով և բոլորովին չեն ցանկանա կորցնել այդ դիրքերը: Իսկ Սիրիայի մասնատումը կամ ռեժիմի փոփոխությունը սուննիական ռեժիմով կբերի ՌԴ-ի դիրքերի կորստի:

– Տեղեկություններ կան այն մասին, թե ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո ՆԱՏՕ-ն կարող է պատերազմ սկսել Սիրիայի դեմ, ինչպես նաև Իսրայելը սպասում է ընտրությունների ավարտին, որպեսզի հարված հասցնի Իրանին: Իրանի դեմ պատերազմ կարող է լինել Օբամայի՞, թե՞ Ռոմնիի ընտրվելու դեպքում, հատկապես, եթե հաշվի առնենք վերջինիս ռազմատենչ հայտարարությունները: Թե՞, այնուամենայնիվ, անձերի փոփոխությունից գերտերության քաղաքականությունը չի փոխվում:

– Կարծում եմ` երկու դեպքում էլ լայնածավալ պատերազմը քիչ հավանական է, չասենք` բոլորովին հնարավոր չէ: Իրանի դեպքում պատերազմն անհնար է, որովհետև, կոպիտ ասած, այդքան փող ոչ ոք չունի: Նախկինում մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ Իրանի դեմ պատերազմ վարելը հսկայական ռեսուրսների կուտակման հետ է կապված, ինչն այսօր ուղղակի հնարավոր չէ:

Բայց եթե նման սցենարը հնարավոր դառնա, դա կբերի համաշխարհային այնպիսի լարվածության… Հաշվի առեք, որ շուտով Չինաստանում իշխանությունները փոխվելու են. այն սերունդը, որը 10 տարի ղեկավարում էր երկիրը, իր դիրքերը զիջում է նոր սերնդի, իսկ նոր սերունդը շատ ավելի ագրեսիվ է: Բացի այդ` կանխատեսվում է, որ առնվազն 2025թ. Չինաստանի տնտեսությունը դառնալու է աշխարհում ամենահզորը, ինչը, հասկանալի է, որ կբերի ավելի մեծ լարվածության չին-ամերիկյան հարաբերություններում: Չինաստանը կախված է ածխաջրածնային ռեսուրսներից, և իր տնտեսության դինամիկ զարգացման համար նա անընդհատ ավելի ու ավելի շատ նավթի և գազի պահանջ է ունենում, և ցանկացած աղբյուր, որը կտրվում է իր տնտեսությունից, չափազանց լուրջ հարված է Չինաստանի շահերին:

Եվ պարզ է, որ Չինաստանն Իրանի և Սիրիայի գեղեցիկ աչքերի համար չէ կոշտ դիրքորոշում որդեգրել այս երկրների անվտանգության նկատմամբ, այլ` իր շահերից ելնելով: Խոսքը վերաբերում է ոչ միայն ածխաջրածնային հանքերին, այլ նաև դեպի Պարսից ծոց, արաբական աշխարհ և այլուր տանող տարանցիկ ճանապարհներին, որոնք հսկայական ռազմավարական նշանակություն ունեն Չինաստանի համար:

Այնպես որ, ԱՄՆ-ում այն կենտրոնները, որոնք նախագծում են երկրի քաղաքականությունը, այս ամենը շատ լավ հասկանում են: Կարծում եմ` ՆԱՏՕ-ի համար Աֆղանստանն այն խնդիրն է, որը դեռ շատ տարիներ պետք է պահանջի. և՛ ռեսուրսներ, և՛ մարդկային զինված ուժեր, և՛ քաղաքական դիրքորոշումներ, և այլն: Այսինքն` այս պայմաններում ՆԱՏՕ-ի համար բոլորովին նպատակահարմար չէ մխրճվել միջինարևելյան ճահճի մեջ: Իրենք մեծ հաճույքով նայում են, թե ինչպես է Թուրքիան մխրճվել այդ ճահճի մեջ:

Թուրքիայի բավական նորմալ զարգացման գիծը քանդվում է, և այդ երկրի խնդիրները գնալով շատանում են: Ինչո՞ւ, որովհետև մխրճվեց այդ ճահճի մեջ, որտեղ Թուրքիան դեռ շատ բան է կորցնելու: Այնպես որ, չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ն լրջորեն մտահոգված լինի Սիրիայի դեմ ռազմական գործողություններ ծրագրելով:

– Այսինքն` Թուրքիայի ագրեսիան պայմանավորված է ավելի շատ ՆԱՏՕ-ի հրահրմամբ, քան իր սեփական տարածաշրջանային քաղաքականությա՞մբ:

– Ո՜չ, բնականաբար, իր սեփական շահերով է պայմանավորված: Վերջին շրջանում Թուրքիայի ամբողջ քաղաքականությունն ուղղված է, այսպես ասած, սուննիական միասնական դաշտ ստեղծելուն, որտեղ Թուքիան պետք է առաջնակարգ դեր կատարի, պիտի դառնա այդ սուննիական աշխարհի առաջատարը, ինչը, բնականաբար, պետք է բարձրացներ Թուրքիայի միջազգային կշիռը հսկայական ձևով: Հասկանալի է, որ այդ դեպքում Թուրքիան ամբողջ տարածաշրջանում կդառնար առաջատար պետություն: Ո՛չ Իրանը, ո՛չ Պակիստանը և որևէ այլ պետություն չէին կարողանա մրցել Թուրքիայի հետ:

Բայց պարզ էր, որ այդ ծրագրերը չեն իրականանալու: Միայն գաղափարական հիմք ունեցող էրդողանյան քաղաքականությունը կարող էր չտեսնել այն վտանգները, որոնք կապված են արաբական կամ ավելի լայն սուննիական աշխարհում Թուրքիայի առաջնահերթ դեր գրավելու փորձերի հետ: Իսկ ո՞րն է այդ գաղափարական հիմքը, իսլամական գերիշխանության գաղափարը` սուննիական իսլամիզմը:

Տեսանյութեր

Լրահոս