 
                        Իշխանությունը ճանապարհներ է փնտրում Աշոտյանի նկատմամբ թշնամական գործողություններն ակտիվ պահելու համար․ Տիգրան Աբրահամյան
 
                                    Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերաքննիչ դատարանի որոշումը` քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ հանրայնացնելուց անմիջապես հետո, դատախազությունը շտապեց հայտարարել, որ բողոքարկելու են այն:
Արմենը 15 ամիս բանտում էր, շուրջ 11 ամիս էլ տնային կալանքի ռեժիմում` բազմաթիվ սահմանափակումներով, այդ թվում` քաղաքական գործունեության:
Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ընդամենը նրա տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ, սակայն իշխանությունն արդեն ճանապարհներ է փնտրում Աշոտյանի նկատմամբ թշնամական գործողություններն ակտիվ պահելու և մշտական քաղաքական հետապնդման թիրախում պահելու համար:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ խափանման միջոցը փոխվել է, սակայն նրա գործը ո՛չ կարճվել է, ո՛չ էլ վերջինս արդարացվել է:
Քանի այս իշխանությունը կա մեր երկրում քաղբանտարկյալների ցուցակն անընդհատ համալրվելու է և քաղաքական ընդդիմախոսների դեմ հետապնդումները շարունակվելու են:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        