Բաքվի դատարանում կան դրածո «տուժողներ» և «վկաներ», ներգրավված ադրբեջանցի փաստաբանները գործակալներ են. Սիրանուշ Սահակյան

Այս տարվա հունվարի 17-ից Բաքվի ռազմական դատարանում տեղի են ունենում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված գործերով կեղծ դատավարական նիստերը։

Արդեն մի քանի ամիս շարունակվող այդ «դատավարությունների» ընթացքում տարբեր կեղծ վկայություններ են տվել հայ պատանդների ու գերիների դեմ՝ նրանց մեղադրելով չկատարած տարբեր հանցագործությունների մեջ։

Տարբեր առիթներով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանը հայտարարել է, որ այդ դատական նիստերին պետք է ներգրավվեն միջազգային անկախ փաստաբաններ և այդ աբսուրդը պետք է լուսաբանվի միջազգային լրատվամիջոցների կողմից, սակայն այն կտրուկ մերժվել է պաշտոնական Բաքվի կողմից։

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ այդ «դատավարություններն» ընթանում են ադրբեջանական սցենարով և շատ կանխատեսելի ելքով։

Կարդացեք նաև

«Այդ դատավարությունների ընթացքում տեղի ունեցողը մեզ համար անակնկալ չէ, ադրբեջանական գործելակերպ է՝ հաշվի առնելով հայերի նկատմամբ ատելության ու խտրականության խորքային բնույթը։ Այստեղ կեղծ հայտարարությունների և պետական իրական վարքագծի մեջ կա հսկայական խզում, ինչը նկատելի է նաև միջազգային գործընկերների համար։ Մենք այս փուլում դիտարկում ենք այն խնդիրը, որ կան դրածո «տուժողներ» և դրածո «վկաներ»։ Առհասարակ վկան պետք է անմիջական տեղեկություններ ունենա իրադարձությունների վերաբերյալ և տուժողների անմիջական իրավունքները պետք է շոշափվեն ենթադրվող հանցագործություններից։ Սակայն հիմա Բաքվում ընթացող «դատավարություներում» տեսնում ենք «վկաներ», որոնք ոչ միայն անտեղյակ են հայտնի դեպքերից, այլև կոնկրետ փաստերին, որի առնչությամբ վկայություններ են տալիս»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սիրանուշ Սահակյանը։

Ըստ իրավապաշտպանի, ակնհայտ է, որ Բաքվի դատարանում գործ ունենք նշանակված «տուժողների և վկաների» ինստիտուտի հետ։

«Ակնհայտ է, որ Բաքվի հատուկ ծառայողները, չունենալով իրական վկաներ ու տուժողներ, հայտնաբերել են իրենց հետ համագործակցող սուբյեկտներ, նրանց շնորհել են «կարգավիճակ», պատրաստված տեքստեր են տվել, և վերջիններս բարձրաձայնում են ու չեն կարողանում պարզաբանել, թե ինչ առնչություն են ունեցել վերագրվող դեպքերին։ Սակայն, մեծ հաշվով, այդ խնդիրները նրանց չեն մտահոգում, այստեղ գործ ունենք պատվիրված արդարադատության հետ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Սիրանուշ Սահակյանը նաև վստահ է՝ պատվիրված «վկաներն ու տուժողները» իրենց ստանձնած դերը խաղալով՝ աջակցելու են նախապես մշակված արդեն իսկ որոշված դատական ակտերի կայացմանը։ Այս գործընթացը նման տրամաբանությամբ է ընթանում, և Ադրբեջանի դատարաններից որևէ սպասելիք չկա։

«Այս բոլոր խնդիրներն արձանագրվում են, և այդ խնդիրների հետագա բարձրաձայնման միջոցով այդ դատավարությունների ոչ լեգիտիմ բնույթը հիմնավորվելու է դատական գործընթացներով։ Եվ մենք ակնկալում ենք միջազգային ատյանների ակտեր՝ ապօրինի դատավարությունների վերաբերյալ։

Ինչ վերաբերում է միջազգային փաստաբանի ներգրավմանը, նման միջնորդություններ, խնդրանքներ բազմիցս ներկայացվել են տարբեր փաստաբանների կողմից, սակայն մերժվել են։ Սա վերահաստատում է այն մտահոգությունը, որ ներգրավված ադրբեջանցի փաստաբանները ևս պետության գործակալներ են, համագործակցող սուբյեկտներ, որոնք ոչ թե իրացնում են պաշտպանության իրավունքը, այլ սպասարկում են դատախազության շահերն այս շինծու դատավարություններում»,- ընդգծեց Սիրանուշ Սահակյանը։

Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։

Այս պահին Բաքվում գերության մեջ են նաև Արցախի Հանրապետության նախկին երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը,  ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նրանց բոլորին տարբեր ծանր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել, կալանքի ժամկետները մի քանի անգամ արդեն երկարաձգվել են։ Այս պահին ընթանում է շինծու դատական գործընթացը։

Տեսանյութեր

Լրահոս