Բաժիններ՝

Չունե ՞ս լավ կրթություն. չես կարող լավ արդյունավետություն ունենալ

«Արդյունաբերությունն ու կրթությունն իրարից սնվում են, դու չես կարող լավ արդյունաբերություն ունենալ, եթե չունես լավ կրթություն: Քո տված կրթությունը չի կարող լինել շատ ուժեղ, եթե քո արդյունաբերությունը ծանր կշիռ չունի: Դասախոսներն ու պրոֆեսորները որտե՞ղ պետք է տեսնեն ժամանակակից տեխնոլոգիաներ, ժամանակակից արտադրական միջավայր և ենթակառուցվածք, եթե այդ ամենը չկա: Ուրեմն դու պետք է արտասահմանյան դասախոսների ներգրավես կրթական գործընթացում, որպեսզի ինչ-որ կերպ կարողանաս կրթել քո ուսանողներին, որը հետագայում ներդրում կլինի արդյունաբերության մեջ: Մենք հենց այդպես ենք անում (խոսքը Հայաստանի ամերիկյան համալսարանի մասին է.- Լ.Մ.): Այդ երկուսն էլ կարևոր են, սակայն Հայաստանում մեկը մյուսին ասես ներքև է քաշում: Ճիշտ է, ընդհանուր առմամբ, ներկայումս կրթության մեջ կարծես թե ուզում ենք տեսնել որոշակի դրական տեղաշարժեր, սակայն ցանկալիից մենք դեռ հեռու ենք»,- այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի ճարտագիտության ֆակուլտետի Ճարտարագիտական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Արտակ Համբարյանը:

Ա. Համբարյանի խոսքով, սակայն, դա մեր երկրի զարգացման թիվ 1 խնդիրն է: «Կրթությունը, սակայն, պետք է կոմպետենտ լինի, իսկ դա նշանակում է, որ դասախոսները կյանքից կտրված չպետք է լինեն:

Նրանք պետք է տեսած լինեն տեխնոլոգիաները, պետք է հասկացած լինեն ամենաժամանակակից գործիքներն ու միջոցները և ներգրավված լինեն նաև հետազոտական աշխատանքների մեջ»,- ասաց Ա. Համբարյանը:

Հարցին, թե գիտության և ընդհանրապես արդյունաբերության ոլորտում առաջիկա տարիներին Հայաստանում փոփոխություններ կլինե՞ն, և ի՞նչ ապագա է մեզ սպասվում, Ա. Համբարյանը պատասխանեց. «Եթե մենք գիտակցենք, ապա ինչ-որ դրական փոփոխություններ կլինեն, բայց ներկայիս տեմպերը բնավ բավարար չեն, ակնհայտորեն բավարար չեն: Մենք անկախ ենք արդեն, 20 տարի է, ինչ մենք անկախության մեջ ենք, և այդ տեմպերը, որ ցույց են տալիս` բավարար չեն:

Կարդացեք նաև

Այսինքն` 10 անգամ, 100 անգամ ավելի լուրջ վերաբերմունք է պետք կրթության և ընդհանրապես նորարարության նկատմամբ, քանի որ մենք չենք կարող մրցել, օրինակ՝ Չինաստանի հետ մասսայական արտադրության ոլորտով, սակայն կարղ ենք մրցել բազմաթիվ այլ բաներով, որոնք աճող ոլորտներ են, և հետագայում կարող են մասսայական արտադրանք դառնալ»,-ասաց Ա. Համբարյանը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի ճարտագիտության ֆակուլտետի Ճարտարագիտական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Արտակ Համբարյանի հետ հարցազրույցը ամբողջությամբ կարող եք ընթերցել վաղվա «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս