«Հայերն ունեն մշակութային և նաև որոշակի քաղաքական առաքելություն կովկասյան և կասպյան տեղաբնիկ ժողովուրդների հանդեպ»
Հարցազրույց իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, դոցենտ Վարդան Ոսկանյանի հետ
– Երևանում հոկտեմբերի 5-7-ը անցկացվեց «Կովկասյան-կասպյան տարածաշրջանի բնիկ ժողովուրդներ» միջազգային գիտաժողովը: Որպես գիտաժողովի կազմկոմիտեի անդամ` ինչպե՞ս եք գնահատում այդ միջոցառման արդյունքները:
– Գիտաժողովը Երևանի պետական համալսարանի շրջանակներում իրանագիտության ամբիոնի և մեզ հետ համագործակցող մի քանի այլ կազմակերպությունների ջանքերով անցկացված հերթական միջոցառումն էր` նվիրված մեր տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդների խնդրին: Եթե նայենք նման գիտաժողովների պատմությանը, ապա մենք 2005-ից ի վեր կազմակերպում ենք պարբերական բնույթ կրող գիտական հավաքներ` նվիրված տարածաշրջանի առանձին ժողովուրդներին:
Մասնավորապես, 2005թ. Երևանում կայացավ «Առաջին միջազգային թալիշագիտական գիտաժողովը», որը, փաստորեն, լուրջ խթան հանդիսացավ թալիշերենի զարգացման, թալիշական ինքնության, մշակույթի և, ընդհանրապես, թալիշ ժողովրդի զարթոնքի համար: Հաջորդ երկու գիտաժողովները կազմակերպվեցին անցյալ տարի. դրանք էին` «Երկրորդ միջազգային թալիշագիտական կոնֆերանսը» և «Զազայագիտական միջազգային գիտաժողովը», որը նվիրված էր Թուրքիայում բնակվող զազաների կամ դլմիկների մշակույթին, պատմությանը և քաղաքական խնդիրներին:
Այս տեսանկյունից` մեր վերջին գիտաժողովն ինչ-որ առումով ուներ նաև ամփոփիչ բնույթ: Այսինքն` մենք ձգտել ենք ապահովել առավելագույն ներկայացուցչականություն տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդներից. գիտաժողովին մասնակցում էին ոչ միայն գիտնականներ Եվրոպայից, Ռուսաստանից, Հայաստանից, Իրանից և այլ երկրներից, այլ նաև կոնկրետ տվյալ ժողովուրդների ներկայացուցիչներ: Մասնավորապես, այստեղ էին թալիշ, լեզգի, ավար գիտնականներ և հասարակական գործիչներ:
Փաստորեն, սա ի ցույց դրեց Հայաստանի գիտական կարողությունների, առանց չափազանցության, հսկայական թափն այս ոլորտում, և մեկ այլ շոշափելի ապացույց էր ԵՊՀ իրանագիտության ամբիոնում առկա գիտական ներուժի: Կարևոր էր այն հանգամանքը, որ տեղի ունեցան բավական հետաքրքիր քննարկումներ` նվիրված ոչ միայն պատմական-մշակութային խնդիրներին, այլ նաև այս ժողովուրդների արդի քաղաքական իրավիճակին: Մասնավորապես, խոսքը գնում է թալիշների, լեզգիների և ավարների, այսինքն` տեղաբնիկ ժողովուրդների այն հատվածների մասին, որոնք բնակվում են Ադրբեջանական Հանրապետության տարածքում:
Եղան բավական հետաքրքիր առաջարկներ` ինչպե՞ս պահպանել տվյալ ժողովուրդների մշակույթը և ինքնությունը, ինչպե՞ս արձագանքել այդ ժողովուրդների հանդեպ Ադրբեջանում պարբերաբար կիրառվող բռնաճնշումներին և ձուլման քաղաքականությանը, ի՞նչ լծակներ կան ընդհանրապես օգնելու նրանց` պահպանելու սեփական ինքնությունը: Սա շատ կարևոր հարց է, եթե մենք հաշվի առնելու լինենք այն հանգամանքը, որ Ադրբեջանը` որպես խորհրդային տարիներին ստեղծված մինի-կայսրություն, իր մեջ արհեստականորեն ներառել է բազմաթիվ տեղաբնիկ ժողովուրդների և վերջիններիս տարածքները:
Փաստորեն, այս հանրապետության պարագայում մենք գործ ունենք արհեստածին մի քաղաքական-վարչական միավորի հետ, որի շրջանակներում, անկախ իրենց կամքից, հայտնվել էին ոչ միայն հայերը, ովքեր, ի դեմս Լեռնային Ղարաբաղի, արդեն այդ կազմավորման մեջ չեն, այլ նաև այլ տեղաբնիկ ժողովուրդներ, որոնք հազարամյակներ շարունակ ապրում են միմյանց հարևանությամբ և իրար հանդեպ չունեն թշնամանք կամ թշնամական վերաբերմունք: Այս տեսանկյունից է, որ մեր վերջին գիտաժողովը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու այն, որ հայերի և տարածաշրջանի մյուս տեղաբնիկ ժողովուրդների միջև չկան որևէ լուրջ տարաձայնություններ, թշնամանքի եզրեր, չկա որևէ անհամաձայնություն սեփական մշակույթների և ինքնության զարգացման ու պահպանության, ինչպես նաև բարիդրացիական հարաբերությունների հաստատման ու ամրապնդման խնդրում:
– Իսկ այս գիտաժողովն ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ նշված ժողովուրդների իրավունքների և ինքնության պահպանման հիմնախնդրի վրա:
– Գիտեք, ընդհանրապես կա կարևոր մի հարց: Դա այն է, որ տվյալ ժողովուրդներն Ադրբեջանի Հանրապետությունում գտնվում են տեղեկատվական վակուումի մեջ, այսինքն` հիմնական խնդիրներից մեկն այս ժողովուրդների համար կենսական նշանակության հիմնահարցերի արծարծումն է Ադրբեջանից դուրս` զանազան ատյաններում, նրանց ձայնը լսելի դարձնելն է միջազգային հանրությանը և տարածաշրջանի մյուս ժողովուրդներին: Շատ հաճախ տեղեկատվական այդ շրջափակման պայմաններում, օրինակ, թալիշները կամ լեզգիները չեն կարողանում իրենց ձայնը հասցնել միջազգային կազմակերպություններին, այդ թվում` մարդու և ազգերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին:
Այս առումով Հայաստանը և ընդհանրապես հայ գիտնականները, հայ մտավորականությունը և հայկական լրատվամիջոցներն ունեն որոշակի առաքելություն մեր տարածաշրջանի պետականազուրկ ժողովուրդների հանդեպ և (եթե կարելի է այդպես ասել) կարող են հանդիսանալ համապատասխան տեղեկատվության փոխանցման խողովակ կամ բարձրախոս վերջիններիս ձայնը միջազգային հանրությանը լսելի դարձնելու գործում: Բացի այս, բազմաթիվ հարցերում հայկական գիտական ընկերակցությունը կարող է օգտակար գտնվել այս ժողովուրդների համար, ինչն ընդունվում է նաև նրանց կողմից:
Այդ մասին մենք գիտաժողովի ընթացքում լսեցինք նաև ելույթներ: Մասնավորապես, հայկական իրանագիտական դպրոցը լուրջ ներդրում ունի թալիշագիտության զարգացման գործում, և մեր դպրոցի գիտական ձեռքբերումները կարող են կիրառվել և արդեն իսկ կիրառվում են թալիշների կողմից: Դա վերաբերում է թե՛ թալիշական այբուբենի խնդրին, թե՛ նրանց պատմությանը և մշակույթին նվիրված զանազան խնդիրների վերհանմանը, թե՛ թալիշերենի քերականությանը և այլ հարցերին:
Նույնը ես կարող եմ ասել նաև տեղաբնիկ այլ ժողովուրդների` լեզգիների և ավարների կապակցությամբ. հայկական գիտական ներուժը կարող է լուրջ նպաստ բերել այս ժողովուրդների մշակույթների պահպանման, հավուր պատշաճի ներկայացման և զարգացման գործին: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ընդհանրապես պատմականորեն հայերս կովկասյան և կասպյան տարածաշրջանում ունեցել ենք մշակույթի տարածողների առաքելություն:
Եթե մենք հիշենք, որ սկսած միջնադարից, օրինակ, Մեսրոպ Մաշտոցը, ստեղծելով հայկական այբուբենը, գրեր էր ստեղծում նաև տարածաշրջանի մյուս ժողովուրդների համար, իսկ հետագայում հայ քրիստոնեական քարոզիչները հասնում էին ընդհուպ մինչև Հյուսիսային Կովկաս`մազքութների և խազարական խաղանի մոտ, ապա կարող ենք վստահորեն պնդել, որ հայերն ունեն մշակութային և, ինչո՞ւ ոչ, նաև որոշակի քաղաքական առաքելություն այս ժողովուրդների հանդեպ, և դա, փաստորեն, իրականացվում է նաև նման միջոցառումներ անցկացնելու միջոցով:
– Իսկ Ադրբեջանում այս գիտաժողովի կապակցությամբ արձագանքներ կա՞ն:
– Ադրբեջանից առայժմ արձագանքներ չկան. ադրբեջանական ԶԼՄ-ներն առայժմ չեն անդրադարձել դրան, բայց հաշվի առնելով մեր կազմակերպած նախորդ գիտաժողովների փորձը` իմ կարծիքով, անպայման կլինեն: Ցավոք սրտի, դրանք, որպես կանոն` չեն առնչվում գիտաժողովում քննարկվող որևէ խնդրի:
Արձագանքները հիմնականում զգացմունքային բնույթի են` հաճախ վիրավորական արտահայտություններ պարունակող և դավադրությունների տեսության համատեքստում, թե` «տեսե՛ք, հայերը կազմակերպում են զանազան միջոցառումներ` միայն և միայն Ադրբեջանական Հանրապետությանը վնասելու համար»:
Իրականում նման բան չկա: Մենք գիտնականներ ենք, և մեր մասնագիտական պարտականություններից մեկն էլ գիտաժողովների կազմակերպումն է, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ, համենայն դեպս, կովկասյան տարածաշրջանում այս խնդիրներով զբաղվում են հիմնականում հայկական գիտական դպրոցները և հայ գիտնականները: Հենց նույն Ադրբեջանում չկա թալիշագիտական կամ ընդհանրապես կովկասագիտական դպրոց, որը կարողանա միջազգային մակարդակով արծարծել որևէ խնդիր կամ զբաղվել այդ խնդրով:
Ցավոք, Ադրբեջանում չկան նաև գիտական դպրոցներ, որոնք կարողանային որպես ընդդիմախոսներ հանդես գալ մեր դեմ: Ադրբեջանական «ընդդիմախոսությունն» իր մեջ հիմնականում պարունակում է, մեղմ ասած, հակագիտական կամ կեղծ գիտական մոտեցումներ և օբյեկտիվորեն չունի հստակ քննադատության առարկա, ուստի և հաճախ չի անցնում կենցաղային վայրահաչության մակարդակից այն կողմ:
– Մենք գիտենք, որ Ձեր նշած գիտաժողովներն ինչ-որ չափով ազդեցին մասնավորապես թալիշ ժողովրդի ինքնագիտակցության բարձրացման վրա, և դրա հետևանքներից մեկը եղավ թալիշ ակտիվիստ, «Թալիշի ձայն» թերթի խմբագիր Հիլալ Մամեդովի ձերբակալությանն Ադրբեջանում: Այս համատեքստում` կայացած վերջին գիտաժողովը կարո՞ղ է բացասական ազդեցություն ունենալ նշված ժողովուրդների վրա, կամ հակառակը` նպաստել նրանց ազգային շարժմանը:
– Ընդհանրապես որևէ գիտաժողով բացասական ազդեցություն չի կարող ունենալ կոնկրետ ժողովրդի վրա, բայց դրական իմաստով, անշուշտ, գիտաժողովն ազդելու է խնդրո առարկա ժողովուրդների ինքնության և ինքնագիտակցության բարձրացման տեսանկյունից: Այլ հարց է, որ Ադրբեջանում թալիշական, լեզգիական կամ այլ ցանկացած ոչ ադրբեջանական ինքնագիտակցության դրսևորում անմիջապես նույնականացվում է անջատողականության հետ: Ենթադրենք, նույն Հիլալ Մամեդովի ձերբակալությունը` բոլորովին անհիմն պատրվակով, պայմանավորված էր լոկ այն հանգամանքով, որ տվյալ անձը հայտնի «Ты кто такой?! Давай досвидания!» երգի` «մեյխանայի» տարածողներից մեկն էր: Այսինքն` Ադրբեջանական Հանրապետությունում զավեշտն այն չափի է հասել, որ սեփական մշակույթը քարոզելու կամ հանրամատչելի դարձնելու համար քեզ կարող են ձերբակալել և մեղադրանք առաջադրել:
«Թալիշի ձայն» թերթի նախորդ խմբագրին էլ` Նովրուզալի Մամեդովին, ում բանտում սպանեցին ադրբեջանական իշխանությունները, առաջադրվել էր մեկ այլ զարմանալի մեղադրանք` թալիշերեն լեզվի քարոզչություն: Արդյոք հնարավո՞ր է մեկին դատապարտել սեփական լեզուն քարոզելու համար: Այսինքն` Ադրբեջանում մենք գործ ունենք բավական զավեշտալի մի իրավիճակի հետ: Ինչ վերաբերում է մեր գիտաժողովի ազդեցությանը կոնկրետ ժողովուրդների վրա, ապա դա կարող է լինել մի քանի ուղղությամբ: Նախևառաջ` դա գիտական խնդիրների վերհանումն է` կապված զանազան ժողովուրդների մշակույթի, լեզվի, պատմության հետ:
Երկրորդը` անշուշտ տեղաբնիկ ժողովուրդների խնդիրն ունի նաև որոշակի քաղաքական լիցք: Ինքը` գիտաժողովը, քաղաքական միջոցառում չէ, զուտ գիտական ձեռնարկ է, բայց տվյալ ժողովուրդների հիմնախնդիրներն ունեն նաև քաղաքական հնչեղություն և պարունակում են քաղաքական տարրեր: Հետևաբար` ցանկացած միջոցառում` նվիրված Արևելյան Այսրկովկասի տեղաբնիկ բնակչությանը, կարող է դիտարկվել նաև ինչ-որ առումով` որպես զուտ քաղաքական գործողություն, ինչն իրականությանը չի համապատասխանում: Այլ հարց է, որ գիտական հավաքը կարող է որոշակիորեն խթանել ինչ-որ քաղաքական կամ հասարակական խնդիրների բարձրաձայնմանը տվյալ միջոցառման ամբիոնից:
Եվ որպես այս գիտաժողովի արդյունք` շատ կարևոր էր դրա մասնակիցների կողմից ամփոփիչ հայտարարության ընդունումը: Համաձայն այդ հայտարարության` Երևանում առաջիկայում ստեղծվելու է կովկասյան-կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդների խնդիրներով զբաղվող համակարգող խորհուրդ, ընդ որում, այն ունենալու է մշտապես գործող մարմնի կարգավիճակ, և ձգտելու է համակարգել ընդհանրապես այս ժողովուրդներին առնչվող բազմապիսի խնդիրներ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է մարդու իրավունքների խախտման դեպքերին, այսինքն` խորհուրդն իրականացնելու է մշտադիտարկում` կապված տվյալ ժողովուրդների իրավունքների ոտնահարման հետ:
Այն ծավալելու է գիտամշակութային լայնածավալ գործունեություն` կապված տվյալ ժողովուրդների մշակույթին, պատմությանը և լեզվին վերաբերող գրականության հրատարակության, գիտական-մշակութային միջոցառումներ անցկացնելու հետ, և բազմաթիվ այլ գործառույթներ, որոնք ի վերջո նպաստելու են տվյալ ժողովուրդների պահպանությանը: Ցանկացած բանական մարդ գիտակցում է, որ մեր հարևանությամբ ապրող շատ տեղաբնիկ ժողովուրդներ վտանգված են. վտանգված է նրանց լեզուն, նրանց մշակույթը և նույնիսկ նրանց ֆիզիկական գոյությունը:
Այս տեսանկյունից` Հարավային Կովկասի և կասպյան տարածաշրջանի այդ յուրահատուկ էթնիկ-մշակութային մոզաիկայի պահպանությունն ունի կարևոր նշանակություն ընդհանրապես համամարդկային լանդշաֆտի բազմազանության հետագա ապահովման տեսանկյունից, իսկ մեզ՝ հայերիս, այս խնդրում պատմական ճակատագրի բերումով վերապահված է լրջագույն դերակատարություն: Որքան շուտ մենք գիտակցենք այս հանգամանքը և որքան համակարգված ու կազմակերպված լծվենք դրա իրագործմանը, այնքան արագ կկարողանանք հասնել մեր տարածաշրջանում ներդաշնակ և խաղաղ գոյակցության ապահովմանը անխտիր բոլոր ժողովուրդների միջև: