Հանճարը

«Առավոտյան 10-ից մինչև երեկոյան հինգը փորձ էր անում` առանց ընդմիջման»,- տոմսարկղի մոտ հերթ կանգնածներից յուրաքանչյուրին պատմում էր տոմսավաճառ կինը: Խոսքը դաշնակահար Եվգենի Կիսինի մասին էր, ով սեպտեմբերի 27-ին, «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում, մենահամերգով հանդես եկավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Թե ինչպիսի համերգ էր դա, ավելի լավ ոչ ոք չէր բնութագրի, քան մեր ժամանակի մեկ այլ մեծագույն երաժիշտ` Սվետլանա Նավասարդյանը. «Համերգին ներկա որևէ մեկը, կարծում եմ, երբևէ չի կարող մոռանալ այդ խորհրդավոր ու մեծ զրույցը աշխարհի, տիեզերքի ու ինքն իր հետ, որ պարգևեց բոլորին Եվգենի Կիսինը»: Համերգը սկսվեց մեկ ժամ ուշացումով, քանի որ Կիսինը դարձյալ փորձ էր անում:

Բոլորը հեղձուկ միջանցքում համբերատար սպասում էին: Դահլիճում յուրաքանչյուր քառակուսի մետրի վրա առնվազն հինգ մարդ կար: Աթոռներ էին տեղադրված անգամ բեմում: Աստիճաններին ասեղ գցելու տեղ չկար: Ազատ էր միայն մեկ աթոռ` դաշնամուրի առջևի աթոռը, որն էլ զբաղեցրեց աշխարհի առաջին դաշնակահարներից մեկը` Եվգենի Կիսինը: Համերգից առաջ բեմ բարձրացավ փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը և հայտարարեց, որ երաժիշտը հայերի մեծ բարեկամն է, բոլոր հնարավոր ատյաններում բարձրացնում է Ցեղասպանության ճանաչման խնդիրը և հրաժարվում է համերգներ տալ Թուրքիայում, քանի դեռ այդ երկիրը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հայդն, Բեթհովեն, Շոպեն և Լիստ: Ծրագրում այս կոմպոզիտորների գործերն էին:

Կարդացեք նաև

Նրան հոտնկայս և անվերջ ծափահարում էր դահլիճը, ծափահարում էին Տիգրան Մանսուրյանը, Սվետլանա Նավասարդյանը, ով նաև բեմ բարձրացավ և ծաղկեփունջ նվիրեց դաշնակահարին:

Ծրագրից դուրս Եվգենի Կիսինը կատարեց Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայից մեղեդին` Սգամբատիի մշակմամբ, և Լիստի գործերից ևս մեկը: Համերգից հետո երաժշտին մոտենալ հնարավոր չէր. հերթն անվերջ էր: Սակայն նա իր երկրպագուների հետ, այդուհանդերձ, հանդիպեց հաջորդ օրը: Այսինքն` երեկ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Այստեղ նրան շնորհեցին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսորի կոչում, մի քանի պատվոգրեր ու մեդալներ հանձնեցին:

Պաշտոնական մասից հետո դաշնակահարի պատվին փոքրիկ համերգ եղավ: 2011թ. Ա. Խաչատրյանի անվան դաշնակահարների մրցույթի հատուկ մրցանակի արժանացած Անահիտ Դիլբարյանը կատարեց Առնո Բաբաջանյանի «Պոեմը», 2-րդ մրցանակակիր Ժորա Սարգսյանը` Ռավել:

Ելույթ ունեցավ Կոմիտասի անվան քառյակը: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը և «Արամ Խաչատրյան» դաշնակահարների մրցույթի երբեմնի 2-րդ մրցանակակիր Սոնա Բարսեղյանը չորս ձեռքով կատարեցին Հարությունյան- Բաբաջանյան` «Հայկական ռապսոդիան»: Բոլոր կատարողներին Եվգենի Կիսինը գովեստի խոսքեր ասաց: Համերգը կատարյալ դարձրեց Սվետլանա Նավասարդյանը` կատարելով Կոմիտաս-Անդրեասյան` «Գարուն ա»:

Համերգից հետո երաժշտասերներն ինքնագիր էին խնդրում դաշնակահարից և լուսանկարվում նրա հետ: Կիսինը չէր մերժում և ոչ մեկին:

Երբ հասավ ինքնագիր վերցնելու իմ հերթը, մի քանի հարց ուղղեցի աշխարհահռչակ երաժշտին:

– Ձեզ դեռևս Հերբերտ ֆոն Կարայանն է կնքել «հանճար»: Եվ այդպես էլ ընդունում են աշխարհում բոլոր երաժիշտները: Ինչպե՞ս եք Դո՛ւք ընկալում այդ փաստը: Ի վերջո, պիտի որ չափազանց բարդ լինի գիտակցելը, որ հանճար ես:

– Ես երբեք չեմ մտածում այդ մասին: Չեմ կենտրոնանում նման մտքերի վրա: Որովհետև, եթե սկսեմ մտածել նման բաների մասին, թերևս խելագարվեմ:

– Կա՞ն երաժիշտներ, ում համերգին երազում եք ներկա լինել այնպես, ինչպես մենք ենք սպասում Ձեր համերգին:

– Լավ արվեստագետները շատ են: Եվ ես ազատ ժամանակ գտնելուն պես նախընտրում եմ հաճախել համերգներ:

– Կա՞ն ստեղծագործություններ, որոնք կատարելու բարդություն ունեք: Ժամանակին ասում էիք, թե բարդ են տրվում հատկապես Բեթհովենի գործերը:

– Հավատացե՛ք` ո՛չ մի ստեղծագործություն հեշտ չի տրվում: Բոլոր գործերը տրվում են մեծ դժվարությամբ, պահանջում են ահռելի աշխատանք:

– Այնպիսի տպավորություն է, որ Դուք կարողացել եք ճանաչել ինչ-որ շատ մեծ, անչափ կարևոր ճշմարտություն:

– Այս պահին ճշմարտությունն այն է, որ այսօր, այս դահլիճում ես լսեցի հայկական հիասքանչ երաժշտություն: Շատ եմ ափսոսում, որ մինչև հիմա այս հրաշալի կոմպոզիտորների գործերին ծանոթ չեմ եղել:

– Դուք չէի՞ք լսել Կոմիտաս:

– Լսել էի մի գործ, սակայն այն, ինչ կատարեց Սվետլանա Նավասարդյանը, չէի լսել: Հրաշալի էր:

Հ.Գ. Եվգենի Կիսինը շտապեց ծանոթանալ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ցուցադրությանը: Ավելի ուշ տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանից տեղեկացա, որ երաժիշտը մեծագույն հետաքրքրությամբ է ուսումնասիրել բոլոր նյութերը: Մինչ այդ նա հայկական երաժշտությանը, պարզվեց, գրեթե ծանոթ չի եղել: Կոմիտասից լսել էր միայն «Կռունկը»: Տիկին Գրիգորյանը նրան է նվիրել Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ձայնասկավառակը և խնդրել, հնարավորության դեպքում, Խաչատրյանի գործերն ընդգրկել իր նվագացանկ:

Տեսանյութեր

Լրահոս