«ԵԽ ԽՎ-ում Սաֆարովի հարցով քննարկումը կընթանա նույն ոգով, ինչ Եվրոպական խորհրդարանում». Օ Սիմոնս
«Կարծում եմ` Եվրոպական խորհրդարանը բավական խիստ էր Ադրբեջանի կառավարության կատարած քայլի դատապարտման մեջ և պարզ ցույց տվեց, որ դա այն պահվածքը չէր, որը մենք ակնկալում ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպական Միության հայաստանյան պատվիրակության ղեկավար Օննո Սիմոնսը` ի պատասխան հարցին, թե նա ինչպե՞ս է գնահատում Եվրախորհրդարանի` Սաֆարովի գործի վերաբերյալ ընդունած բանաձևը:
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանի հայտարարության մեջ նշված էր, որ Եվրախորհրդարանը «ցավում է» կամ «ափսոսանք է հայտնում» («deplores») Հունգարիայից Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու համար, ոչ թե «դատապարտում է»:
Մեր այս դիտարկմանը Օ.Սիմոնսը պատասխանեց. ««deplore» նշանակում է, որ նրանք (ԵԽ պատգամավորները,- Ա.Ս.) շատ վրդովված են այդ դեպքի կապակցությամբ»: Օ. Սիմոնսին խնդրեցինք պարզաբանել նաև Խորհրդարանի բանաձևում առանձին նշված այն կետը, ըստ որի՝ «ԵՄ-ն պետք է ավելի մեծ դերակատարություն ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում»:
«Վերջերս Եվրամիության հատուկ ներկայացուցիչ պարոն Լեֆորն այցելեց տարածաշրջան: Նա պարբերաբար այցելություններ է կատարում, և Հայաստան այցելելուց հետո նա մեկնեց Ադրբեջան: Նա գործում է՝ որպես միջնորդ երկու երկրների միջև, և պարզ հասկացնել տվեց, որ դա այն պահվածքը չէր, որը մենք ակնկալում ենք Ադրբեջանից: Երբ հարաբերություններն ամբողջովին սառեն, մենք նաև աշխատելու ենք երկու կողմերի միջև վստահություն ստեղծելու ուղղությամբ և օգնելու ենք երկու կողմերին էլ: Այսինքն` ես նկատի ունեմ, որ մենք կարող ենք օգնել, բայց մենք չենք կարող լուծել հիմնախնդիրը»,- ասաց եվրոպացի դիվանագետը:
Եվրոպական խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽ ԽՎ) հաջորդ ամիս նույնպես պատրաստվում է քննարկել Սաֆարովի գործը: Հայաստանն ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենա այդ քննարկումից, և այն Եվրապառլամենտի բանաձևից ինչո՞վ կարող է տարբերվել: Այս հարցին ի պատասխան՝ Օ. Սիմոնսն ասաց. «Կարծում եմ, որ քննարկումը տեղի կունենա նույն ոգով»: