
ԵՄ երկրները գազի պայմանագրերը կհամաձայնացնեն Եվրահանձնաժողովի հետ

Եվրախորհրդարանն ընդունել է օրենք, որի համաձայն բոլոր երկրները պարտավոր են համաձայնեցնել Եվրահանձնաժողովի հետ էներգետիկայի վերաբերյալ միջպետական համաձայնագրերը: Այդ մասին հայտնում է Europolitics-ը: Բոլոր գործող համաձայնագրերը նույնպես պետք է ներկայացվեն Եվրահանձնաժողովին, որը կստուգի ԵՄ մրցակցային օրենսդրության հետ համապատասխանությունը: Հակասությունների հայտնաբերման դեպքում պայմանագրերում շտկումներ կիրականացվեն:
Արդյունքում պայմանագրերը երեք տարին մեկ պետք է փոխանցվեն Բրյուսել: Ընդ որում՝ յուրաքանչյուր երկիր կարող է պահանջել ԵՄ-ից խորհրդատվություն՝ նոր համաձայնագրերի կնքման վերաբերյալ:
Ինչպես գրում է «Վեդոմոստի» պարբերականը, վտանգի տակ կարող են հայտնվել ԵՄ և Ռուսաստանի գազի պայմանագրերը: Առաջին հերթին դա վերաբերվում է «Հարավային հոսք» նախագծի շրջանակում մի շարք երկրներին գազի մատակարարման պայմանավորվածություններին: Վերջինիս դեպքում հնարավոր է «Գազպրոմի» կողմից նշված նախապատվությունները հակասեն ԵՄ երրորդ էներգետիկ փաթեթին:
Դրանից ենթադրում է, որ «Գազպրոմը» ստիպված կլինի «Հարավային հոսքին» երրորդ կողմին թույլատրել: Ռուսական գազի մոնոպոլիստը ձգտում է նախագիծը դուրս բերել ԵՄ Երրորդ էներգափաթեթից (ավելի վաղ նման կարգավիճակ էր ստացել «Հյուսիսային հոսքը», բայց անհաջող):
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Եվրահանձնաժողովը պաշտոնապես «Գազպրոմի» նկատմամբ սկսել է հակամենաշնորհային հետաքննություն: Եվրոպական պաշտոնյաները մեղադրում են կոնցեռնին օրենքների խախտման, գազի անարդար գների նշանակման և անկախ մատակարարների կողմից գազի գնման գործընթացին խոչընդոտելու մեջ: «Գազպրոմն» էլ, իր հերթին, նման գործողությունները համարում է գների էժանացման քաղաքական ճնշման տարբերակ: