«Ես իմ տեսահոլովակները եթերով հաճախ ցուցադրելու կարիք չունեմ»

168.am-ի զրուցակիցն է Օլգա Այվազյանը, ով մասնագիտությամբ լինելով բանասեր-լրագրող, արդեն 10 տարի է` աշխատում է երաժշտության ոլորտում՝ որպես ստեղծագործող և կատարող:

– Բացի գիշերային ակումբներից, ուրիշ որտե՞ղ կարելի է լսել Օլգա Այվազյանին:

– Չեմ կարող ասել, թե Երևանում ունեմ համերգների շատ հրավերներ, բայց պարտադիր մասնակցում եմ բոլոր բարեգործական համերգներին: Չնայած դրան՝ դրսում մեր պահանջն ավելի մեծ է: Չգիտեմ` ինչո՞վ է դա պայմանավորված:

– Ինչո՞ւ  հաճախ չես երևում եթերում:

Կարդացեք նաև

– Ես այնքան էլ հետևողական մարդ չեմ այդ տեսանկյունից: Ես ունեմ նոր տեսահոլովակ, որը, մեկ ամիս է` պտտվում է տարբեր հեռուստակայաններով: Ես այդքան շատ չեմ կենտրոնանում հեռուստատեսության վրա, որ անպայման իմ տեսահոլովակներն ամեն օր ցուցադրվեն: Ես դրա կարիքը չունեմ:  Թող երևան բոլոր նրանց տեսահոլովակները, ովքեր նոր են հարթում երգարվեստում իրենց ուղին: Ես կարծում եմ՝ նոր ճանաչվելու կամ նոր ուղի հարթելու խնդիր չունեմ: Ես երբեք չեմ տառապել ֆանատիզմով:

– 10 տարի լինելով երաժշտության ոլորտում, հիմա ինչի՞ պահանջ ես զգում:

– Ուզում եմ ունենալ կողակից, ով ինձ կընդունի այնպես, ինչպես որ կամ: Կզբաղվեմ իմ սիրած գործով, կանեմ այն, ինչ մինչ այսօր եմ անում, կշփվեմ իմ ընկերների հետ: Միայն այդ դեպքում ես կլինեմ հոգեպես երջանիկ:

 – Հիմա չունե՞ս այդ ամենը:

– Ունեմ, բայց երբ կողակիցդ խանդոտ տղամարդ է լինում և քո առաջ արգելքներ է դնում, դա արդեն հոգեբանական սթրես է:

– Բնավորությամբ կարիերի՞ստ ես:

– Ոչ, բացարձակապես: Ես ուղղակի ստեղծագործող եմ եղել, ով փորձել է կատարել իր երգերը: Այնպես է ստացվել, որ երգչուհի եմ դարձել, թեև ունեմ երաժշտական կրթություն, բայց մասնագիտությամբ երգչուհի չեմ: Ավարտել եմ բանասիրության և լրագրության բաժինը: Ճիշտ է, լրագրող էլ էի ցանկանում լինել, բայց այնպես ստացվեց, որ ժամանակս տրամադրեցի երգելուն:

– Եթե ընտրության առջև կանգնես,  ի՞նչը կընտրես՝ ընտանի՞քդ, թե՞ կարիերադ:

– Հիմա ես այն տարիքում եմ , որ կողակիցս ինձ չի կարողանա չընդունել այնպիսին, ինչպիսին  կամ. փոխվելու կարիք չունեմ: Գուցե մի ժամանակ գա, որ ես հասկանամ, որ պետք է ժամանակս տրամադրեմ իմ ընտանիքին: Ես կարծում եմ` իմ կողակիցն ինձ չի դնի ընտրության առաջ: Բայց եթե անգամ նման բան էլ լինի` ես կընտրեմ ընտանիքը:

– Ինչպիսի՞ն պետք է լինի քո կողակիցը:

– Դեռահասության տարիքում բոլոր աղջիկներն իրենց կողքին պատկերացնում են թիկնեղ, կապտաչյա, շեկ վարսերով տղամարդու, բայց ասեմ, որ միևնույն է` վերջում քո ընտրյալը տարբեր է լինում քո երազած տղամարդուց: Ինձ համար ավելի կարևոր է, որ դիմացինս ունենա բարձր մարդկային արժեքներ, ոչ թե՝ անթերի արտաքին: Հիմա սիրում եմ ավելի հաղթանդամ, թուխ տղամարդկանց:

 – Ի՞նչը կարող ես ներել, ի՞նչը՝ ոչ:

– Երբեք չեմ ների դավաճանությունը: Ով ուզում է լինի, անգամ՝ հարազատ քույրս և եղբայրս:

– Ի՞նչ չափանիշներով ես ընկերներիդ ընտրում:

– Շատ շփվող եմ, բայց նախընտրում եմ հին ընկերներին: Նրանց հետ ես ապրել եմ իմ կյանքը, նրանք գիտեն իմ մասին ամեն ինչ: Ընկերության մեջ առաջնահերթը պետք է լինի վստահությունը:

– Ի՞նչ սպասենք քեզանից մինչև տարվա վերջ:

– Մինչև տարվա վերջ կունենամ նոր երգ: Իսկ տեսահոլովակը կնկարահանեմ գարնանը: Տարին կփակեմ նոր երգով:

 – Դու ի՞նչ միտք ես տեսնում տեսահոլովակ նկարահանելու մեջ, միևնույն է` մեկ ամիս հետո այն ոչ ոք չի դիտելու:

– Տեսողականն ավելի տպավորիչ է դարձնում երգը: Միայն դա է տեսահոլովակի առավելությունը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս