Իշխանության հորիզոնականը
ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև տարբեր գործիչների մակարդակում պարբերաբար տեղի ունեցող «փոխհրաձգությունները» կարծես քաղաքական դաշտը «զբաղեցնելու» խնդիր են լուծում` մինչև նախագահական ընտրությունների նախընտրական շրջանի մեկնարկը վերջնական ճգրտումներ կատարելու նպատակով: Վերջին հաշվով, որքան էլ սուր են, ասենք, ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի` վարչապետին ուղղված հայտարարությունները, և որքան բազմանշանակ` ՀՀԿ-ական Տիգրան Սարգսյանի` դրանց տրված պատասխանները կամ լռությունը, միևնույն է` երկու բևեռների վերին շերտը գոյակցում է հաշտ ու համերաշխ: Որևէ մեկն անձամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին լսե՞լ է ՀՀԿ-ի, առավել ևս՝ նրա նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին ուղղված որևէ թթու խոսք:
Բնականաբար, ոչ: Նույնկերպ` Սերժ Սարգսյանը որևէ անգամ ԲՀԿ-ի կամ Ծառուկյանի հասցեին որևէ «ծուռ արտահայտություն» չի արել` չհաշված վերջին հայտարարությունն այն մասին, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի համար հակառակորդ ու թշնամի կուսակցություն չէ: Երկու կողմերի ավելի ստորին շերտերից ժամանակ առ ժամանակ իրար հասցեի հնչող հայտարարություններն էլ ավելի շատ ամրապնդում, քան թուլացնում են ՀՀԿ-ԲՀԿ ամրությունը սկզբունքային հարցերում: Որքան էլ ՀԱԿ-ը պնդի, որ իր ջանքերի շնորհիվ կարողացել է ԲՀԿ-ին պոկել ՀՀԿ-ից: Ամենասկզբունքային հարցը, բնականաբար, առաջիկա նախագահական ընտրություններն են, որոնցում ԲՀԿ-ն կամ սատարելու է Սերժ Սարգսյանին, կամ՝ չսատարելու և առանձին թեկնածուով հանդես գալու դեպքում, խաղալու է «համակարգի խաղի կանոններով»: Իսկ Հայաստանի իշխանական բուրգը որոշակի տրանսֆորմացիայի է ենթարկվել, որի էությունն իրականում միաբևեռ, սակայն դրսևորման մեջ` երկբևեռ համակարգն է:
Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի առաջադրումն ու սատարումը ՀՀԿ-ի կողմից դրա վառ արտահայտությունն է: Որքան էլ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը դա փորձի ներկայացնել՝ որպես Հայաստանում կուսակցական մենաշնորհի քայքայման արտահայտություն:
«Մեր խնդիրների, չարիքների հիմնական պատճառը քաղաքական մենաշնորհն է… Այս ՏԻՄ ընտրությունները գուցե սկիզբն էին իշխանության այդ տարաձուլման: Երկրորդ մեծ քաղաքում արդեն մի այլ կուսակցության ներկայացուցիչ է»,- այսօր «Ազատություն» ռ/կ-ին ասել է Վարդան Օսկանյանը, ըստ որի՝ Գյումրիում, որտեղ մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն ստացավ առավելագույն թվով ձայները, և ՀՀԿ-ն այլընտրանք չուներ՝ քան ԲՀԿ-ի թեկնածուին աջակցելն է: «Եկեք դա դիտարկենք խորհրդարանական ընտրությունների արդյունքների համատեքստում, որովհետև այնտեղ արդեն ապացուցվել էր, որ կուսակցությունը մեծ հեղինակություն ունի, մեծ աջակցություն ունի, և ում թեկնածությունը, որ կուսակցությունը պաշտպանի, նա էլ կընտրվի»,- ասել է Օսկանյանը:
Նախկին արտգործնախարարը, բնականաբար, շատ լավ է գիտակցում իրերի դրությունը, սակայն ստեղծված իրավիճակն օգտագործում է քարոզչական նպատակներով: Նա մոռանում է Ս. Սարգսյանի հայտարարությունը, որ ինքն է հոդորել Բալասանյանին՝ առաջադրել թեկնածությունը: Բացի այդ, Վ. Օսկանյանի ասածից ստացվում է, որ Հայաստանում ընտրություններն անցնում են արդար և ազատ, քանի որ, ըստ նրա, եթե ՀՀԿ-ն սատարեր մեկ այլ թեկնածուի, կպարտվեր, քանի որ Բալասանյանը միանշանակ հաղթելու էր:
Այդ դեպքում ինչո՞ւ էր պարոն Օսկանյանն այդքան սուր քննադատության ենթարկում անցած խորհրդարանական ընտրությունները, որոնք, նրա կարծիքով՝ զգալիորեն կեղծվել էին: Օսկանյանի այս հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ԲՀԿ-ի կողմից «միասնական կանոններով» խաղալու արտահայտություն:
Մեծ հաշվով, խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ իշխանությունը «ձևի մեջ» որոշակի փոփոխություններ մտցնելով, կարողացավ պահպանել ու ընդլայնել «բովանդակությունը»: Խոսքն այն մասին է, որ չնայած ԲՀԿ-ն մաս չկազմեց կոալիցիային, սակայն բովանդակային առումով մինչընտրական իշխանությունը` ՀՀԿ-ԲՀԿ օրգանական կապով, պահպանվեց ու ընդլայնվեց:
Նաև՝ վերջին ՏԻՄ ընտրություններում: Այդ ամենի արդյունքում՝ Հայաստանում քաղաքական դաշտը լայն իմաստով ամայացավ, և ներկայիս նոմինալ ընդդիմադիրներն էլ կամ ակամա գործում են ՀՀԿ-ԲՀԿ երկբևեռ համակարգի սահմաններում` խփվելով մեկ այս, մեկ այն պատին: Դրանից, սակայն, համակարգը ոչ թե թուլանում, այլ ավելի ամրապնդվում է: Եվ ահա, երբ այս համատեքստում ենք դիտարկում առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի հնարավոր դիրքորոշումը, ապա մեծ հաշվով՝ նույնիսկ էական չէ` ԲՀԿ-ն ուղի՞ղ կսատարի Սերժ Սարգսյանին, թե՞ որևէ թեկնածուի միջոցով: Կարևորն այն է, որ երկու դեպքում էլ այդ քայլն ուղղված է լինելու համակարգի պահպանմանը:
Սովորաբար, հիմնականում ավտորիտար երկրների իրավիճակը բնութագրելիս՝ օգտագործում են «իշխանական ուղղահայաց» արտահայտությունը: Վերջին տարիներին այդպես ընդունված է բնորոշել հատկապես Ռուսաստանի իշխանական բուրգը, որը կառուցված է վերևից ներքև կանոնակարգված, միատարր հիերարխիայի տեսքով: Հայաստանում, սակայն, որպես բովանդակությամբ՝ ավտորիտար, ձևով՝ մի փոքր ժողովրդավար երկիր, «իշխանության ուղղահայացին» փոխարինելու է եկել «իշխանության հորիզոնականը»: Ի դեմս ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի: