Կառավարությունն անտարբեր է հայոց լեզվի խնդիրների նկատմամբ

Ասում է տառաստեղծ, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժման ներկայացուցիչ Ռուբեն Թառումյանը

– Ինչո՞վ է այժմ զբաղվում «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժումը:

– Հայոց լեզուն անաղարտ պահելու համար միշտ էլ աշխատանք կա անելու: Ճիշտն ասած` դեռ պարզ չէ, թե ինչկերպ կարելի է պայքարել այդ ամենի դեմ: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժումը փորձել և փորձում է պահել մայրենիի անաղարտ օգտագործման և դասավանդման բոլոր ուղղությունները: Երբ լեզվի մասին օրենք էր ընդունվում, մենք ամեն բան արեցինք, որ այն չփոփոխվի, կամ գոնե նվազագույն փոփոխություններ կրի: Կարելի է ասել, որ մենք մեր նպատակին ինչ-որ չափով հասանք: Օրենքը որոշակի փոփոխություններ, այնուամենայնիվ, կրեց: Տեղից` մեր լեզվի օրենքը թույլ էր, և այդ 4-5 հոդվածից բաղկացած օրենքն այս պարագայում մեզ համար առավել նախընտրելի էր, քան այն, ինչ այսօր ունենք:

– Ինչի՞ կհանգեցնի օտարալեզու դպրոցների բացումը:

Կարդացեք նաև

– Օտարալեզու դպրոցների բացման թույլատվությունը կհանգեցնի մի շարք խնդիրների: Մի կողմից` դա կբերի նրան, որ հայոց լեզվին կսկսեն առավել վատ տիրապետել, քան այսօր են տիրապետում: Կարող է հասարակության շրջանում շերտավորում առաջանալ, ինչն առաջացել էր Սովետական Միության օրոք, երբ գործում էին ռուսական թեքումով դպրոցները: Այս պարագայում էլ` վերին խավն իր երեխաներին կտանի որևէ լեզվական թեքում ունեցող դպրոց, ինչը, բնական է` վճարովի պետք է լինի: Ռամիկ խավի երեխան կմնա նույն մակարդակին և կգնա հասարակ քաղաքացիների համար նախատեսված դպրոցներ: Դա կբերի նրան, որ կիջնի լեզվի ներկայիս կարգավիճակը:

Մեր շարժումը դեմ էր օտարալեզու դպրոցների վերաբացմանը: Այն ժամանակ ասում էին, թե ռուսական թեքումով դպրոցներն ավարտած երեխաների մակարդակն ավելի բարձր էր, ինչը և ճշմարտություն է: Բայց դա գալիս էր ոչ թե նրանից, որ իբր ռուսաց լեզուն առավել մեծ հնարավորություններ էր ապահովում կրթական ոլորտում, այլև այն ժամանակ հենց այն էր տեղի ունենում, ինչից հիմա մենք վախենում ենք:

Այն ժամանակ ռուսական կրթություն էր ստանում հիմնականում վերնախավի երեխան: Այն ժամանակ էլ հայոց լեզվի վիճակը վատ էր, բայց Սովետական Միությունը հոգ էր տանում գոնե այն մասին, որ բոլոր լեզուները հավասարաչափ զարգանան: Ֆինանսավորվում էին լեզվի բնագավառում կատարվող ուսումնասիրությունները, դրա համար այն ժամանակ փայլուն գործեր արվեցին:Ստեղծվեցին բառարաններ: Իսկ այսօր խրախուսում են երեխաների` օտարալեզու դպրոցներ հաճախումը:

– Ի՞նչ է առաջարկում կառավարությունն այս խնդիրը լուծելու համար:

– Այսօր կառավարությունը չի ֆինանսավորում մեր լեզվում որևէ փոփոխություն մտցնելու կամ ծրագրերը հայերեն թարգմանելու հետ կապված որևէ նախաձեռնություն: Նույնիսկ Microsoft-ի ծրագիրը հայերեն թարգմանելու համար կազմակերպությունն իր գրպանից վճարեց:

Մեր կառավարությունը մատը մատին չի տալիս: Նույն օրինակով, համացանցում առկա հայերեն թարգմանիչները ևս ստեղծվում են այդ կազմակերպության ջանքերով: Հայաստանում ծրագրերի թարգմանություններ կատարող խումբ էր գործում, որին կառավարությունը նման ահռելի աշխատանքներ կատարելու համար չնչին գումար տրամադրեց: Այդ գումարով նման ծրագիր իրականացնելն ուղղակի անհնար էր: Իմ կարծիքով` այն 10-20.000 դոլարը, որ տրամադրել էին թարգմանության համար, ավելի լավ կլիներ տրամադրեին որևէ դպրոց վերանորոգելուն:

Գոնե այդպես ինչ-որ օգուտ կլիներ: Բոլորը մեզ համար ինչ-որ բան են անում, բացի մեր կառավարությունից: Ինչ էլ որ անում են` անձնական կապերի միջոցով են անում` գնում են հերթական վարչապետի մոտ, ասում են` «վիզ» պետք է:

– Ի՞նչ պետք է արվի ներկայիս վիճակը շտկելու համար:

– Պետական ծրագիր պետք է լինի, որը լեզուն զարգացնելու համար միլիոններ կտրամադրի: Ոչ թե ամեն մի վարչապետ գա, հասկանար, թե ինչ է լեզուն, ինչ խնդիրների առջև է այն կանգնած, հետո մյուսը գա ու այդ խնդրից ոչինչ չհասկանալով` գործը կանգնեցնիգ Հետո, այդ վարչապետն էլ անհրաժեշտ չհամարի այդ ծրագրի համար գումար տրամադրելը, ծրագիրը մերժի` պատճառաբանելով, թե բյուջեում գումար չկա: Այնինչ բյուջեն գումար ունի, բայց դրանք, կարող է, ծախսվում են անհասկանալի նպատակներով:

– Ի՞նչ կարող եք ասել միջազգային բակալավրիատի ծրագրի մասին, որն ուզում են կիրառել մեզանում:

– Նախ` ես չեմ հասկանում, թե ի՛նչ վատն էր մեր ավանդական կրթությունը: Այն Սովետական մոդել չէր, գերմանական մոդել էր: Այդ մոդելն օգտագործել էր Ցարական Ռուսաստանը, Սովետական Ռուսաստանը, հետո էլ՛ մենք: Այդ բակալավրիատի ծրագիրը քննադատվել է ԱՄՆ-ում` ապազգայնության համար: Որոշ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ կոչ էին անում արգելել բակալավրիատի գոյությունն ԱՄՆ-ում, որովհետև այն ապազգային շրջանավարտներ է տալիս: Թվում է, թե Ամերիկայում, մի երկիր, որը բաղկացած է տարբեր ազգերի խառնուրդից, չէր կարող խոսվել հայրենասիրության մասին: Բայց` ոչ, գոյություն ունեն մարդիկ, ովքեր իրենց համարում են ամերիկացիներ, ովքեր ցավում են իրենց երկրի համար: Հիմա այդ համակարգը ցանկանում են մեզ մոտ բացել, և կարծես թե կարողանում են իրագործել:

– Մեր բնակչությունն ունի՞ այդ ծրագրի կարիքը:

– Մենք առաջարկեցինք այդ նույն կրթական ծրագիրը, եթե այդքան դրա կարիքը հայ ազգն իսկապես ունի, թարգմանենք հայերեն, և դասավանդումը լինի հայերեն լեզվով: Մենք հարցով դիմեցինք միջազգային բակալավրիատին, թե արդյոք հնարավո՞ր է` իրենց ծրագիրը մեր հանրությանը դասավանդելու համար թարգմանվի հայերեն: Իրենք համաձայնեցին, միայն թե պետք էր վերջնական տարբերակը իրենց հետ համաձայնեցվեր. նրանք որոշակի պայմաններ ունեին: Հայերենի խնդիրները գալիս են դրա կիրառման ոլորտներից, որքան քիչ այն կիրառվի` այնքան շատ կլինեն խնդիրները, և` հակառակը:

Ծրագիր կար, որը թույլ էր տալիս մինչև 7-8-րդ դասարանները մայրենի լեզվով բոլոր առարկաները սովորել, բայց հետո արդեն կենսաբանությունը, ֆիզիկան, քիմիան, երկրաչափությունը երեխաները պետք է սովորեին օտար լեզվով: Ստացվում է` կգա ժամանակ, որ տարրական դասարանների աշակերտների համար գիրք գրող չի լինի: Իսկ ովքե՞ր պետք է ավելի ցածր դասարանների երեխաների համար հետագայում մաթեմատիկայի, քիմիայի կամ այլ առարկաների դասագրքեր գրեն. նրանք, ովքեր օտար լեզվո՞վ էին այդ ամենն անցել, թե՞ մայրենի լեզվի ուսուցիչները:

Տեսանյութեր

Լրահոս