Պատերազմի 3-րդ օրն է. Իրանը, իմ տպավորությամբ, ունի երկու մարտավարական առաջնահերթություն. Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. «Պատերազմի 3-րդ օրն է:
Ինչպես երեկ խոստացել էի, այսօր ձեզ չեմ ծանրաբեռնել պատերազմական մանրամասներով, որոնք միախառնված են տեղեկատվական քարոզչական կիսաճշմարտությունների հետ:
Փոխարենը կասեմ իմ արձանագրած միտումների մասին, որոնք հեռու են պնդումներ լինելուց.
▪️Պատերազմը երկարում է, որովհետև հարձակվող կողմի` ԱՄՆ և Իսրայելի նախնական պլանը տապալվել է. Իրանը իշխանությունը զրկվել է առաջնորդից, բայց չի տապալվել, իսկ հրահրվող ներքին ապստամբություն դեռ չի ծագել` չնայած առկա օջախներին:
▪️Այաթոլլահ Խամենեի սպանությունը մարտավարական հաջողություն էր, բայց ոչ ռազմավարական հաղթանակ: Տպավորություն է, որ ողջ հույսը դնելով Իրանի իշխանության արագ տապալման վրա ու դա չստանալով` հարձակվող կողմը չունի լիարժեք պատկերացում ավարտի մասին: Դրա համար են հայտնվում տարբեր ու իրար հակասող հայտարարություններ պատերազմը շարունակելու պատրաստակամության ժամկետների մասին: Այլ բառերով` հայտնի չէ ամերիկա-իսրայելյան exit strategy-ն:
▪️Իրանը, իմ տպավորությամբ, ունի երկու մարտավարական առաջնահերթություն. նախ պահել երկրի ներքին կայունությունը (ինչը դեռ ստացվում է), երկրորդ` առավելագույնս մեծացնել պատերազմի տարածքը` ներառելով նոր երկրներ (Կիպրոսի վրա հարվածները նաև դրա մասին են): Ինչքան շատ երկիր թաթախվի, այնքան դա կստիպի շուտ ավարտել պատերազմը, քանի դեռ այն չի վերաճել տարածաշրջանային գլոկալ (glocal) պատերազմի` ներառելով նոր երկրներ, էթնիկ ու կրոնական խմբեր: Սա է իրանական հաշվարկը:
▪️Այսպիսի պայմաններում երեկվա ասածս «հյուծիչ պատերազմը» ավելի իրական է դառնում: Իսկ այստեղ, դարձյալ, մեզ համար կանխատեսելու տարածք չկա: Բացառապես զգոն լինելու ու ցանկացած (այդ թվում` վատ) սցենարի պատրաստ լինելու օրեր են:
Իսկ դա նշանակուկ է սովորել խաղաղ ապրել պատերազմի պայմաններում: Ինչպես կից լուսանկարում է. 2006 թ., Լիբանան, քաղաքացիները հեռուստացույց են նայում ու իսրայելական հրթիռների հարվածները` ուղիղ եթերում»:



