«Անկանխատեսելի կարող է լինել. Տարածաշրջանային ցանկացած ապակայունացում կարող է խնդիր առաջացնել հարևան երկրների համար». Արևելագետ
Արևելագետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանի խոսքով՝ դժվար է հստակ որևէ բան ասել Իրանի դեմ ամերիկա-իսրայելյան կողմի հարձակումների հանգուցալուծման մասին, քանի որ այս ամենը ցանկացած պահի կարող է շատ անկանխատեսելի ընթացք ստանալ։
«Անկախատեսելի կարող է լինել, նկատի ունենալով այն, թե ինչ են առաջարկել իսրայելա-ամերիկյան կողմը՝ որպես հանգուցալուծում։
Տարածաշրջանային ցանկացած ապակայունացում, բնականաբար, կարող է նաև խնդիր առաջացնել հարևան երկրների համար, աստեղ խոսքը վերաբերում է մի երկրի, որը Հայաստանի Հանրապետության անմիջական հարևանն է։ Բացի այդ, Իրանի հետ մենք ունենք բազմաշերտ հարաբերություններ, սկսած համագործակցությունից՝ ընդհուպ տարբեր հարցերի շուրջ ընդհանուր դիրքորոշման ձևավորում։ Այս առումով, իհարկե, իրավիճակը խնդրահարույց է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գոռ Գևորգյանը՝ խոսելով Իրանի դեմ Միացյալ Նահանգների ու Իսրայելի հարձակման և դրա հնարավոր հետևանքների մասին տարածաշրջանի, մասնավորապես՝ Հայաստանի վրա։
Ըստ նրա՝ անպայման պետք է հաշվի առնել Իրանի Իսլամական Հանրապետության տեղն ու դերը մեր տարածաշրջանում։ Իրանը բնակչության մեծ ռեսուրս ունեցող, տնտեսական, ռազմական որոշակի կարողություններ ունեցող երկիր է։
«Այդ ամենի համատեքստում նման ռազմական էսկալացիան շատ վտանգավոր կարող է լինել տարածաշրջանի համար։
Չեմ կարծում, թե այս պահին Ադրբեջանը կարող է իրավիճակն օգտագործել և որոշակի գործողությունների գնալ Հայաստանի դեմ։ Այստեղ առաջին հերթին Միացյալ Նահանգներն է զսպման գործոնը։ Ենթադրաբար, հաշվի առնելով արտաքին քաղաքականության այն ավանդույթները, որոնք նման դեպքերում սովորաբար կիրառում են Միացյալ Նահանգները և առհասարակ նման կարգավիճակ ունեցող երկրները, դա ռազմական ճակատների կամ նոր բախման օջախների բացման բացառումն է։ Այս առումով պետք է հղում կատարենք այս հանգամանքին, թեպետ՝ երբեք մի ասեք երբեք։
Ամեն դեպքում կարծում եմ՝ պաշտոնական Վաշինգտոնն Ադրբեջանի դեմ զսպման մեխանիզմ հանդիսանում է կամ կարող է հանդիսանալ։ Պետք է ավելի զգոն լինենք, որովհետև այս պահին ունենք այն, ինչ ունենք»,- ընդգծեց Գոռ Գևորգյանը։
Հիշեցնենք, որ այսօր Իրանի դեմ պատերազմի երրորդ օրն է, փետրվարի 28-ի վաղ առավոտյան Միացյալ Նահանգներն, Իսրայելի հետ միասին, հարձակվեցին Իրանի վրա։ Սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդը, այս պահին Հորմուզի նեղուցը փակ է։ ԱՄՆ նախագահ Թրամփն էլ հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը կարող է տևել 4 շաբաթ։
Նշենք նաև, որ նախորդ տարվա ամռանն Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումները տևեցին 12 օր։



