Ընթացիկ շարժերի պայմաններում բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը Հայաստանին թույլ է տվել անվտանգ նավարկել. Միրզոյան
Հայաստանի դիվանագիտությունը, բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունն ընթացիկ շարժերի պայմաններում կամ փոթորկվող ծովերում թույլ է տվել անվտանգ նավարկել և ՀՀ պետականության նավը խաղաղ ջրեր բերել:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Դիվանագետի օրվան նվիրված միջոցառմանը:
«Վերջին տարիները ցույց են տալիս, որ դիվանագիտությունն իսկապես մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անվտանգության ճարտարապետության առանցքային բաղադրիչներից մեկն է: Չափազանցություն չի լինի ասելը՝ մեր առաջին պաշտպանական գիծը: Հենց դիվանագիտությունը, բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունն է, որ ընթացիկ շարժերի պայմաններում կամ փոթորկվող ծովերում թույլ է տվել անվտանգ նավարկել և մեր պետականության նավը խաղաղ ջրեր բերել»,-ասաց Միրզոյանը:
Նա վստահեցրել է՝ այսօր էլ նույն գիտակցմամբ ջանքեր են գործադրում այդ նավը հասցնելու հաջորդ տրամաբանական հանգրվանին, խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը և Հայաստանի շուրջ հանդուրժողականության, համագործակցության, բաց սահմանների միջավայրի ձևավորմանը:
«Սա է այսօրվա հրամայականը՝ խաղաղության ինստիտուցիոնալացմանը զուգահեռ զարգացման օրակարգի վրա կենտրոնանալը, մեր տնտեսական կապերը դիվերսիֆիկացնելը, նոր տնտեսական հնարավորություններ ստեղծելը, մեր նավի համար նոր հորիզոններ բացահայտելը: Ըստ այդմ, այսօր արդեն դիվանագիտությունը միայն անվտանգություն ապահովող վահան չէ, այլև՝ մեր երկիրն առաջ մղող շարժիչ, կողմնացույց»,-շեշտել է ԱԳ նախարարը:
Նա վստահություն է հայտնել, որ դիվանագետներն ինչպես մինչ այժմ են իրականացրել իրենց առջև դրված խնդիրը, հետայսու նոր խնդրին կամ խնդիրներին են մոտենալու:



