Էրդողանը խոստովանել է՝ Իրանի հոգևոր առաջնորդն է խափանել «Զանգեզուրի միջանցք» կոչվածը. Փույա Հոսեյնի
Արդեն երրորդ օրն է՝ Մերձավոր Արևելքում՝ մեր անմիջական հարևանությամբ, շարունակվում են պատերազմական գործողություններն Իրանի դեմ՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների հրահրմամբ։ Պատերազմն ընդգրկել է տարածաշրջանի մի զգալի հատվածը, քանի որ Իրանը պատասխան հրթիռային և ռազմական այլ տեսակի հարվածներ է հասցնում ոչ միայն Իսրայելին, այլև հարակից այն երկրների տարածքներին, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ։ Իսրայելը ոչ միայն շարունակում է հարձակումն Իրանի վրա, այլև ի պատասխան, լիբանանյան Հըզբոլլահի հրթիռակոծության՝ ռմբակոծել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը։
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին այսօր՝ մարտի 2-ին, Իրանի դեսպանատանը հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի նահատակությունն իրապես շատ ծանր վիշտ է Իսլամական Հանրապետության և Իրանի ժողովրդի համար, սակայն Իրանի ժողովուրդն ունի այն կամքն ավելի ամուր ոգով շարունակելու պայքարն Իրանի ձգտումների և նպատակների ճանապարհին։ Նրա խոսքով՝ Իրանում իշխանության որևէ վակուում չի առաջացել, և ԻԻՀ Առաջնորդության ժամանակավոր խորհուրդը շարունակում է երկրի կառավարումն այս անցումային ժամանակավոր շրջանում։ Դեսպանի խոսքով՝ այս պատերազմն իրենք չեն ընտրել, իրենց պարտադրվել է այս պատերազմը, այն Իրանի գոյատևման և լինել-չլինելու մասին է, և բոլոր այն ուժերը, որոնք համագործակցում են Իրանի դեմ ագրեսիա իրականացրած պետության հետ, նրանց դեմ դիմադրության հարցում իրենք «կարմիր գիծ» չունեն։

Թեմայի շուրջ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի» տնօրեն, իրանցի փորձագետ Փույա Հոսեյնին։
«Իրանի դեսպանի կարևոր հայտարարություններից մեկն այն էր, որ Իրանի նահատակված հոգևոր առաջնորդն առանձնահատուկ վերաբերմունք ուներ հայ ժողովրդի նկատմամբ։ Տարբեր ժամանակահատվածներում, երբ պատերազմ էր, նա գծեց այդ կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականության համար, և Իրանի զինված ուժերը, նախագահը և այլ պաշտոնյաները հետևում էին իր սահմանած կարմիր գծերի պահպանմանը, նա արգելել էր, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականանա, հանձնարարել էր, որ Իրանն ամեն ինչ պիտի անի, որ այդ դավադիր ծրագիրը խափանվի, և թույլ չի տա հազարամյա Իրան-Հայաստան բարեկամական սահմանները խախտվեն, փակվեն։
Եթե խոսենք փաստով, Էրդողանը՝ Թուրքիայի նախագահը, հարցազրույցներից մեկում կոնկրետ դա նշեց, որ մինչև հիմա Իրանի գործոնն է եղել, որ իրենց չի հաջողվել «Զանգեզուրի միջանցք» իրականացնել։ Դա փաստացի ինքնախոստովանություն է, և Իրանի դերակատարությունը, հատկապես՝ հոգևոր առաջնորդի դերակատարությունը, խափանել այդ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը», – մասնավորապես նշեց իրանցի փորձագետը։

Հիշեցնենք, որ Իրանի դեմ պատերազմի սկսվելու առաջին իսկ ժամերին՝ փետրվարի 28-ի առավոտյան, Իսրայելի և Միացյալ Նահանգների հարվածների հետևանքով զոհվել էին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ հրամանատար) Մոհամմեդ Փափքուրը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլռահիմ Մոսավին, Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին և այլ բարձրաստիճան զինվորական հրամանատարներ։
Ալի Խամենեիի նահատակության հաջորդ օրը՝ մարտի 1-ին, Պահապանների խորհրդի անդամ այաթոլլահ Ալիռեզա Արաֆին ընտրվել է Իրանի ժամանակավոր ղեկավար խորհրդի երրորդ անդամ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի նոր ղեկավար խորհուրդը սկսել է աշխատանքը, մեկ-երկու օրից կընտրվի նոր գերագույն առաջնորդ։ Մարտի 2-ի առավոտյան ԻԻՀ Առաջնորդության ժամանակավոր խորհուրդը, որի կազմում են նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի-Էժեին և Պահապանների խորհրդի անդամ Ալիռեզա Արաֆին, երկրորդ նիստն է գումարել։ Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդին պետք է ընտրի Փորձագետների ժողովը:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



