Աշխատանքային միգրացիայի նոր կանոններ՝ Վրաստանում. ինչ սահմանափակումներ են գործելու
«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ստորագրած հրամանագրի համաձայն՝ կառավարությունն արգելել է մշտական բնակության իրավունք չունեցող օտարերկրյա քաղաքացիներին աշխատել որպես առաքիչ, տաքսու վարորդ և էքսկուրսավար։ Հրամանագրով հաստատվել են աշխատանքային ներգաղթյալներին և ինքնազբաղված օտարերկրացիներին աշխատանքային թույլտվություն տրամադրելու կանոնները։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ հրամանագրի՝ Վրաստանում մշտական բնակության թույլտվություն չունեցող ցանկացած օտարերկրացի, որը ցանկանում է աշխատել որպես առաքիչ, վարորդ կամ այլ տեսակի ծառայությունների ոլորտում, պետք է ունենա «աշխատանքային թույլտվություն»։
Այս թույլտվության տրամադրման համար պատասխանատու է Զբաղվածության խթանման պետական գործակալությունը, սակայն կառավարությունը կիրառել է քվոտաների մեխանիզմ, և մի քանի հայտնի ոլորտներում քվոտան զրոյական է։
Մասնագիտություններ, որտեղ աշխատանքն արգելված է
Նոր կանոնի 3-րդ հավելվածի համաձայն՝ զրոյական քվոտա է սահմանվել հետևյալ գործունեության համար, ինչը գործնականում նշանակում է այդ տարածքների փակում օտարերկրացիների առաջ.
- Առաքիչների ծառայություն՝ 0 քվոտա
- Ուղևորափոխադրում (տաքսի/տրանսպորտ)՝ 0 քվոտա
- Էքսկուրսավարների ծառայություն՝ 0 քվոտա։
Օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ գործակալությունը պարտավոր է չթույլատրել, եթե մասնագիտությունը քվոտաների ցանկում է, և սահմանաչափը սպառվել է։ Քանի որ առաքիչների և վարորդների քվոտան զրոյական է, թույլտվություն ստանալը դառնում է իրավաբանորեն անհնար։
Սահմանվել է անցումային շրջան Վրաստանում արդեն աշխատողների համար.
Ինքնազբաղներ (առաքիչներ/վարորդներ). կիրառման մեխանիզմը նրանց դեպքում կգործի 2026 թվականի մայիսի 1-ից։
Գրանցված ներգաղթյալներ. տվյալների բազայում արդեն իսկ գրանցվածներին մինչև 2027 թվականի հունվարի 1-ը ժամանակ է տրվել իրենց կարգավիճակի կարգավորման համար։
Այն տարածքներում, որտեղ թույլատրվում է քվոտա (օրինակ՝ լեռնային ուղեկցորդներ՝ 200 մարդ), ծառայությունը վճարվում է.
Ստանդարտ վերանայում (30 օր)՝ 200 լարի;
Արագացված վերանայում (10 աշխատանքային օր)՝ 400 լարի։
Իրակլի Կոբախիձեի ստորագրած նոր հրամանագիրը, որով արգելվում է մշտական կացության իրավունք չունեցող օտարերկրացիներին աշխատել որպես տաքսու վարորդ, առաքիչ կամ էքսկուրսավար, երկրում բուռն արձագանքների և սուր քննարկումների մեծ ալիք է բարձրացրել։ Այս որոշումը հասարակության մի մասն ընկալում է որպես տեղացի աշխատուժի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ քայլ, մինչդեռ մյուս մասը սա համարում է տնտեսական անհեռատեսություն և քաղաքական պոպուլիզմի դրսևորում։
«Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Շոթա Բերեկաշվիլին հայտարարել է, որ օտարերկրացիների՝ որպես առաքիչ և տաքսու վարորդ զբաղվածության սահմանափակումը չի հանգեցնի աշխատուժի փլուզման, քանի որ այս շուկայում առաջարկը մեծ է պահանջարկից։ Նշվածի մասին լրագրողներին նա ասել է «Աշխատանքային միգրացիայի մասին» Վրաստանի օրենքում փոփոխությունների ընդունման վերաբերյալ Պետական զբաղվածության խթանման գործակալության և բիզնեսի ներկայացուցիչների հետ տեղեկատվական հանդիպումից առաջ։
Պատգամավորի խոսքով՝ ներկայիս փոփոխություններն աշխատանքային միգրացիայի մոտեցումը կդարձնեն համակարգված` այդպիսով պաշտպանելով տեղական անձնակազմի իրավունքները։
«Մենք հնարավորություն ունենք կադրեր ներգրավելու այն ոլորտներում, որտեղ աշխատանքային ռեսուրսների պակաս կա, և պաշտպանելու աշխատաշուկան, որտեղ ավելցուկային առաջարկ կա։
Նման համակարգված մոտեցմամբ ճշգրիտ կիմանանք դեֆիցիտային ուղղությունները։ Կփորձենք վերապատրաստել մեր սեփական աշխատանքային ռեսուրսներն այս ուղղություններով և, ի վերջո, երկարաժամկետ հեռանկարում այդ դեֆիցիտային աշխատատեղերը կփոխարինենք մեր սեփական աշխատանքային ռեսուրսներով։
Նախկինում համակարգված մոտեցում չկար, իսկ հիմա այս ամենը մենք դրել ենք ինստիտուցիոնալ շրջանակի մեջ, ինչը, ի վերջո, լավ է մրցակցության համար, լավ է աշխատաշուկայի վերականգնման համար։ Աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի ցուցանիշները կհավասարակշռվեն»,- ասել է Բերեկաշվիլին։
Հիշեցնենք, որ «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ստորագրած հրամանագրի համաձայն՝ կառավարությունն արգելել է մշտական բնակության իրավունք չունեցող օտարերկրյա քաղաքացիներին աշխատել որպես առաքիչ, տաքսու վարորդ և էքսկուրսավար։ Հրամանագրով հաստատվել են աշխատանքային ներգաղթյալներին և ինքնազբաղված օտարերկրացիներին աշխատանքային թույլտվություն տրամադրելու կանոնները։
Չնայած սրան, հասարակության մի մասի կարծիքով՝ այս որոշումը կարող է ունենալ շղթայական բացասական հետևանք. խոշոր միջազգային հարթակները, ինչպիսիք են Glovo-ն, Wolt-ը կամ Bolt-ը, կարող են կանգնել կադրային լուրջ դեֆիցիտի առաջ։
Քաղաքագետները նշում են, որ սա նաև ազդակ է միջազգային հանրությանը, որ Վրաստանն օրեցօր ավելի է մեկուսանում և որդեգրում այնպիսի քաղաքական գործիքակազմ, որը բնորոշ է ոչ թե արևմտյան ազատական մոդելին, այլ ավտորիտար համակարգերին։ Ըստ քաղաքացիների` նշված ծառայությունների գներն արդեն իսկ բարձր են, մարտից դրանք կկրկնապատկվեն ու կեռապատկվեն։
«Էքսպրեսնյուզ» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Իրակլի Մանագաձեի խոսքով՝ սա իսկևիսկ ֆաշիստական որոշում է, որն անպայմանորեն կհանգեցնի տաքսիների թանկացման։
«Մշտական նացիստական արտաքսումների հետևանքով տաքսի ծառայությունների գներն արդեն իսկ բարձրացել են։ Մարտից դրանք կկրկնապատկվեն ու կեռապատկվեն։ Առաքման ծառայությունը նույնպես կթանկանա, իսկ մատուցման ժամանակը զգալիորեն կավելանա… Իրենց քաղաքականության հետևանքով երկրում այլևս երիտասարդ չի մնացել»,- գրել է Մանագաձեն։
Հատկանշական է, որ այս թեմայի շուրջ հնչող տեսակետները հստակ ցույց են տալիս, որ օտարերկրացիների հիմնական հոսքը հենց վարորդի և առաքչի ոլորտներում է։
Չնայած 2025 թվականին թափուր աշխատատեղերի ընդհանուր քանակի 7% անկմանը՝ վարորդների, առաքիչների և էքսկուրսավարների հաստիքների մասով գրանցվել է մոտ 5% աճ։
«Սաքմիանի դիլա»-ի («Գործնական առավոտ») եթերում hr.ge կայքի վաճառքի գծով տնօրենը հայտարարել է, որ նշված հաստիքների գծով կադրերի դեֆիցիտը դեռևս բարձր է, իսկ թափուր աշխատատեղերի կրկնակի հրապարակման դեպքերը՝ հաճախակի։
Ինչ վերաբերում է աշխատանք փնտրողներին, ընկերությունում նշում են, որ կայքում օրական ավելանում է 100-120 նոր թեկնածու, որոնցից 2-3-ն օտարերկրացի են։
«2025 թվականին, 2024-ի համեմատ, թափուր աշխատատեղերի ընդհանուր քանակը նվազել է 7%-ով, սակայն վարորդների, առաքիչների և էքսկուրսավարների ուղղությամբ արձանագրվել է առնվազն 5% աճ։
Չնայած դրան, այս աճը քանակական առումով մեծ չի եղել. տարվա ընթացքում հայտարարվել է մոտ 500 վարորդի, 400 առաքչի և ընդամենը 30 էքսկուրսավարի թափուր հաստիքի մասին։ Կարևոր է նշել, որ այս հայտարարությունները եզակի չեն. ընկերությունները նույն հաստիքներն ամսեամիս վերահրապարակում են, քանի որ դժվարանում են գտնել և պահպանել կադրերին, հատկապես՝ մեծ հոսունության պատճառով։
Վարորդների թափուր հաստիքների մոտ 60%-ը բաժին է ընկնում դիստրիբյուտորական ընկերություններին, որտեղ հաճախ պահանջվում է լրացուցիչ որակավորում, օրինակ՝ C կարգի վարորդական իրավունք։ Մնացած 40%-ը բաշխվում է անձնական վարորդի և տաքսու սեգմենտի միջև, որտեղ կադրերի դեֆիցիտը հատկապես սուր է։ Առաքիչների դեպքում հայտարարությունները հիմնականում տեղադրում են առաքման խոշոր ընկերությունները, թեև ակտիվ են նաև B2B առաքման փոքր սերվիսները։ Այս ոլորտում ևս ընկերություններին հազվադեպ է հաջողվում մեկ հայտարարությամբ գտնել անհրաժեշտ թվով աշխատակիցներ, ինչի պատճառով թափուր տեղերը պարբերաբար թարմացվում են։
2026 թվականի ընթացիկ դրությամբ հայտարարված է մոտ 40 վարորդի, 25 առաքչի և ընդամենը 2 էքսկուրսավարի թափուր հաստիքի մասին։ Էքսկուրսավարների հաստիքները համեմատաբար հազվադեպ են հրապարակվում, քանի որ տուրիստական ընկերությունները կադրերին հիմնականում ընտրում են հանձնարարականների և անձնական կապերի միջոցով։
Ինչ վերաբերում է թեկնածուների բազային, ապա այս պահին կա ավելի քան 150 հազար գրանցված օգտատեր, օրական ավելանում է 100–120 նոր թեկնածու, այդ թվում՝ առնվազն 2-3 օտարերկրացի։ Օտարերկրացի թեկնածուների հիմնական հետաքրքրությունը ևս կապված է հենց վարորդի և առաքչի հաստիքների հետ, ինչը բխում է նրանց որակավորումից։ «Վարձատրությունը նշված է թափուր աշխատատեղերի միայն մոտ 35%-ում, իսկ վարորդների և առաքիչների հաստիքների դեպքում այս պրակտիկան համեմատաբար հազվադեպ է, և հիմնականում միայն խոշոր հարթակներն են նշում հնարավոր եկամտի միջակայքը»,- ասել է hr.ge-ի վեբ-բաժնի վաճառքի տնօրեն Ինգա Շախբազյանը:



