Բաժիններ՝

«ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ նոր վայրում

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հոկտեմբերի 5-7-ը կանցկացնի «ԴիջիԹեք» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսը, որն ավանդաբար իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Այս տարի այն կանցկացվի «Երևան էքսպո» կենտրոնում՝ «Մերգելյան» ինստիտուտի տարածքում։ Արդեն շուրջ 60 ընկերություն հավաստել է ցուցահանդեսին իր մասնակցության մասին։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ զրուցում ենք «ԴիջիԹեք» ցուցահանդեսում տեղ գտած նորարարությունների մասին։

– Պարոն Վարդանյան, ի՞նչ առանձնահատկություններ է ունենալ «ԴիջիԹեք-2012»-ը։

– 2011թ. «ԴիջիԹեք» ցուցահանդեսում արձանագրվել է մասնակիցների 70%, այցելուների շուրջ 30% աճ։ Կարծում եմ՝ այս տարվա աճն ավելի շատ պայմանավորված է լինելու այցելուների թվով, քան ցուցադրվող կազմակերպություններով։ Թեև ակնկալում ենք նաև ցուցադրվողների աճ՝ մոտ 20%-ի սահմաններում։ Ցուցահանդեսն այս տարի անցկացվելու է Մերգելյան ինստիտուտում բացված «Երևան էքսպո» կենտրոնում, ինչն ավելի հասանելի կդարձնի այն։ Բացի այդ, նորաբաց էքսպո կենտրոնը գտնվում է մի վայրում, որն ամբողջովին շրջապատված է նախկին գիտահետազոտական ինստիտուտների աշխատակիցներով բնակեցված շենքերով, ում համար հատկապես հետաքրքիր է ցուցահանդեսը։ Եվ դա կբերի նրան, որ այս տարի կունենանք 22-24 հազար այցելու՝ նախորդ տարվա 18 հազարի փոխարեն։

Սա կլինի ցուցահանդեսի հերթական հաղթանակը։ Արդեն երկու տարի է՝ «ԴիջիԹեքը» մենք դիտարկում ենք որպես տեխնոլոգիական հայության տոն։ Երեք օրերի ընթացքում տեխնոլոգիական հայությունը հավաքվում է մի տանիքի տակ, նրանք զգում են իրենց մի համախումբ, քննարկում ձեռքբերումներն ու անելիքները, ինչն էապես ոգևորում է՝ նոր ընկերություններ ստեղծելու, նոր արտադրանքներ մշակելու, նոր շուկաներ գրավելու հարցերում։ Մյուս կողմից, Հայաստանի տեխնոլոգիական շուկան բավականին փոքր է, և «ԴիջիԹեքն» այս առումով ավելի շատ տեխնոլոգիական ձեռքբերումների ցուցահանդես է։ Ընկերություններն այստեղ շատ անգամ ցուցադրվում են ոչ թե շուկաներ գտնելու համար, այլ՝ որպեսզի իրենց նվաճումները ներկայացնեն՝ այդպիսով իրենց լուման ներդնելով Հայաստանի ձեռքբերումները ցույց տալու գործում։

Կարդացեք նաև

Մենք ակնկալում ենք, որ «ԴիջիԹեքն» այս տարի նույնպես արտասահմանյան որոշ ընկերությունների համար կլինի հայաստանյան շուկա մուտք գործելու առաջին քայլը, ինչպես ժամանակին դա եղավ «Միցուբիշի էլեկտրիկի», «Նեյշնլ ինսթրումենթս», «Մայքրոսոֆթի» հետ։ Ընկերություններ, որոնք, 2005-ից սկսած, «ԴիջիԹեք» ցուցահանդեսների շնորհիվ մտան հայկական շուկա։ Այս անգամ նույնպես կլինեն միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների նորամուտներ, որոնք կծանոթանան Հայաստանի հետ և իրենց ստորաբաժանումները կբացեն այստեղ։ «ԴիջիԹեքի» ընթացքում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն իր տաղավարում կցուցադրի ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման սցենարներն ու դրանց հետևանքները։ Այս վիզուալ ցուցադրության շնորհիվ իշխանությունները կծանոթանան հնարավոր զարգացումներին և հեռանկարներին, իսկ տեխնոլոգիական համայնքը կտեսնի իր հավաքական ներուժի մեծությունը։

– ԻՏՁՄ-ն, տեխնոլոգիական ոլորտի զարգացման սցենարներից բացի, ի՞նչ է ներկայացնելու իր տաղավարում։

– «ԴիջիԹեքում» մենք իրականացնելու ենք Համակարգչային խաղերի նախագծման և Ռոբոտների բաց առաջնությունների ցուցադրումներ։ Կներկայացնենք ռոբոտաշինության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք կոգևորեն ցուցահանդեսի կրտսեր սերնդի այցելուներին։ Նախապատրաստում ենք ռոբոտ-կոնստրուկտոր, որը կցուցադրվի «ԴիջիԹեքի» ընթացքում։ Նախատեսված է ՀՀ բոլոր դպրոցներում հիմնել ռոբոտաշինության խմբակներ, և այդ ռոբոտ-կոնստրուկտորի շնորհիվ՝ դպրոցական խմբակներում մոտ 6 երեխա կկարողանա զբաղվել ու կատարելագործել գիտելիքները։ Խիստ կարևորում եմ կրթօջախներում ռոբոտաշինության խմբակների հիմնումը։

Եթե մենք կարողանանք բոլոր դպրոցներում նման խմբակներ բացել, ապա շատ մոտ ապագայում այդ խմբակներով անցած մի քանի հազար երեխաներ մուտք կգործեն համալսարաններ, և նրանց այլևս չես կարող հնացած տեխնոլոգիաներով ու մեթոդներով դասավանդել։ Միաժամանակ, այդ խմբակներն արդեն ապագա թիմեր են և ապագա նորաստեղծ ընկերությունների հիմքեր։

– Վերջին մի քանի տարիներին «ԴիջիԹեք» ցուցահանդեսում մեծ տեղ է գրավում նաև ճարտարագիտական ոլորտը։ Այս տարի նո՞ւյնպես ներկայացված կլինի ճարտարագիտական հատվածը։

– Այսօր տարբեր ոլորտներ իրար բավականին մոտենում են։ Մեխանիկայի մեջ են մտնում տեղեկատվական տեխնոլոգիաները, վերջիններս լայնորեն կիրառվում են տարբեր այլ տեխնոլոգիաների մեջ։ Աստիճանաբար սիներգիան մեծանում է։ Թերևս, նաև այդ պատճառով «ԴիջիԹեքը» կոչվում է ոչ թե՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, այլ՝ տեխնոլոգիական ցուցահանդես։ Ինչ վերաբերում է ինժեներական հատվածին, ապա ուրախությամբ պետք է նշեմ, որ այն գնալով ընդլայնվում է, ինչը շատ կարևոր է։

«ԴիջիԹեքի» շրջանակներում մենք ցանկանում ենք նաև նպաստել աշխատուժի զարգացմանը ոլորտում, ինչը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հիմնական խնդիրն է։ Ցուցահանդեսի 3-րդ հարկում կգործի աշխատանքի շուկա, որտեղ տարբեր ընկերություններ կներկայացնեն իրենց թափուր աշխատատեղերը, և աշխատանք փնտրող մարդիկ հնարավորություն կունենան դիմելու։ Հայաստանում նոր միտում է նկատվում. շատ կազմակերպություններ ստեղծում են ինֆորմացիոն տեխնոլոգիաների ստորաբաժանումներ, ինչն իր հետ բերում է համապատասխան մասնագետների պահանջ։

Բացի այդ, բոլոր ընկերություններում էլ կա որակյալ կառավարիչների, շուկայագետների, PR մասնագետների պահանջ, և մենք ցանկանում ենք, որպեսզի աշխատանքի ցուցահանդեսն ընկերություններին օգնի գտնել բարձրակարգ մասնագետների։

– «ԴիջիԹեքին» հիմնականում մասնակցում են երևանյա՞ն կազմակերպություններ։

– Ներկայացված կլինեն ընկերություններ Կոտայքից և Շիրակից։ Մենք հատուկ զեղչային պայմաններ ունենք մարզային ընկերությունների համար։ Ցավոք, այլ մարզերում ոլորտը զարգացած չէ։ Նախնական պայմանավորվածություն կա ՀՀ կառավարության հետ, որ Վանաձորում ևս կառուցվելու է տեխնոպարկ, և ես հուսով եմ՝ մոտ ապագայում մենք «ԴիջիԹեքին» մասնակից կունենանք նաև Վանաձորից։ Զարգացման մարզային կենտրոններ ստեղծելը պետության հիմնական ուղղություններից մեկը պետք է լինի։ Այդ առումով բավականին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Գորիսում, ինչի արդյունքը «ԴիջիԹեքում» մենք կտեսնենք 2-3 տարի անց։

– «ԴիջիԹեքն» այցելուների և մասնակիցների թվով ամենամեծ ցուցահանդեսն է Հայաստանում։ Ո՞րն է հանրության շրջանում այդ մեծ հետաքրքրության պատճառը։

– Կարծում եմ՝ մարդկանց հետաքրքրում է իրենց ապագան։ Նրանք ցանկանում են իմանալ, թե ապագայում ի՞նչ տեխնոլոգիաներ են օգտագործելու կյանքը հեշտացնելու նպատակով, ի՞նչ միջավայրում են աշխատելու։ Մարդիկ մեզ մոտ հակված են տեխնոլոգիական զարգացմանը: Հայաստանը տեխնոլոգիական երկիր է եղել, և դա վերականգնելու ցանկությունն այսօր էլ կա։ Ինֆորմացիոն ձեռնարկությունների միության հիմնական նպատակը նույնպես Հայաստանը՝ որպես բարձր տեխնոլոգիական երկիր, վերականգնելն է։ Այս մեծաքանակ այցելությունները ցույց են տալիս, որ հասարակությունում էլ նույն նպատակը կիսում են։ Այցելելով «ԴիջիԹեք»՝ մարդիկ, ըստ էության, սատարում են այս ուղղության զարգացմանը։ Շատ կարևոր է, որպեսզի պետական այրերն էլ տեսնեն, որ նման զարգացումն արհեստական չէ. կա հասարակական հստակ պահանջ։

 


 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս