«Ադրբեջանի քայլը շփոթության մեջ դրեց նաև Թուրքիային»

Հարցազրույց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն,
քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի հետ
– Ինչպե՞ս եք գնահատում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոգ Ռասմուսենի ելույթը Երևանում նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

– Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը շատ խիստ էր և համոզիչ, այն ավելին էր, քան սպասվում էր: Բարեբախտաբար, նա նույն ուղերձը հղեց և՛ Երևանում, և՛ Բաքվում: Դա այնքան էլ հեշտ չէր և այնքան էլ սպասված չէր, քանի որ շատ հաճախ խոսքերը տարբեր պետություններում փոխվում են:

Չմոռանանք, որ ՆԱՏՕ-ն ուղղակիորեն ներգրավված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, և ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը չեն անդամակցում նրան: ՆԱՏՕ-ն ուղղակի պատասխանատվություն և պարտավորություն ուներ դատապարտելու այդ դեպքը, և արեց դա: Սա, իհարկե, դեպքը դատապարտող ելույթներից ամենակարևորը չէր, սակայն ինքնին շատ կարևոր էր և վերջինն էր Ադրբեջանի նկատմամբ խիստ քննադատությունների փաթեթի մեջ:Այլ խոսքերով ասած` ՆԱՏՕ-ի արձագանքը կարևոր էր ՀԱՊԿ-ի և ԱՄՆ-ի արձագանքների հետ միասին: Եվ դա ցույց է տալիս, որ Ադրբեջանը փակում է դռները:

– Իսկ Հայաստանի իշխանության քայլերը Սաֆարովի արտահանձնումից հետո ճի՞շտ էին:

Կարդացեք նաև

– Հայկական կողմի քայլերը շատ արդյունավետ էին և ճիշտ:

– Վերջին օրերին շատ է բարձրաձայնվում այն մասին, որ պետք է հրաժարվել Ադրբեջանի հետ բանակցություններից և ճանաչել ԼՂՀ անկախությունը: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հարցին:

– Կարծում եմ, որ սրանով մենք հեռանում ենք գլխավոր խնդրից, քանի որ այժմ Հայաստանի համար ամենակարևորը բոլոր կուսակցությունների միավորումն ու ազգային կարևորություն ունեցող հարցի նկատմամբ միասնական տեսակետի ձևավորումն է: Գլխավոր մեղավորն այսօր Ադրբեջանն է, ոչ թե Հայաստանը: Եվ հետաքրքրական է, որ ԼՂՀ-ի դիրքերն այժմ ավելի են ուժեղացել, ինչը ոչ թե Հայաստանի ձեռնարկած քայլերի շնորհիվ էր, այլ Ադրբեջանի քայլերի արդյունքում:

Բայց դուք շատ կարևոր հարց բարձրացրեցիք, քանի որ պետք է լինեն ավելի շատ քննարկումներ և ռազմավարական ծրագրերի մշակում այնպիսի հարցի շուրջ, ինչպիսին ղարաբաղյան հիմնախնդիրն է: Սակայն մի մոռացեք, որ Լեռնային Ղարաբաղն ինքը պետք է որոշի, թե նա ցանկանում է միանալ Հայաստանի՞ն, թե՞ անկախ լինել, այսինքն` մինչ այժմ նա ոչ մի հստակ դիրքորոշում այդ հարցում չի հայտնել: Բայց, միաժամանակ, մեկընդմիշտ տրվել է մի հարցի պատասխան, որ ոչ ոք այլևս չի հավատում, որ Լեռնային Ղարաբաղը կարող է երբևէ վերադառնալ Ադրբեջանի կազմի մեջ: Եվ սա ամենակարևոր հարցն է այս խորհրդարանական քննարկումների մեջ:

– Պարոն Կիրակոսյան, Սաֆարովի հարցով Վրաստանի արտգործնախարարի հայտարարությունը, որտեղ նա Ադրբեջանի գործողությունը դատապարտելու փոխարեն` կողմերին` Հայաստանին և Ադրբեջանին, ինչ-որ կոչեր էր անում` թույլ չտալ, որ նրանց միջև լարվածությունն «անցնի թույլատրելի սահմանները», ոմանք տարօրինակ համարեցին, իսկ Իրանն ընդհանրապես լռում է այս հարցում:

– Նախևառաջ, ինչ վերաբերում է Վրաստանին, եթե լինենք անկեղծ, պետք է նշենք, որ այնտեղ շուտով ընտրություններ են լինելու, և, բացի այդ, Վրաստանն ունի շատ կարևոր հարաբերություններ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ: Ուստի, ես կարծում եմ, որ Վրաստանին բնորոշ է տարօրինակ և շփոթեցնող ուղերձներ հղելը: Իսկ ինչ վերաբերում է Իրանին, ապա սա ցույց է տալիս Իրանի ներկայիս ղեկավարության տարօրինակ պահվածքը, և նաև ցույց է տալիս, որ Իրանն ավելի շատ ունի Հայաստանի կարիքը, քան Հայաստանը` Իրանի:

Այսինքն` իրանական դիվանագիտության այս քայլը ցույց է տալիս, որ Հայաստանը չպետք է հույս դնի Իրանի վրա: Արդեն իսկ ունենալով լարված հարաբերություններ Ադրբեջանի հետ` Իրանը չի ցանկանա օգտագործել Հայաստանը կամ Լեռնային Ղարաբաղի հարցը, որպեսզի էլ ավելի չսրի հարաբերությունները: Պատճառներից մեկը նաև այն է, որ այս հարցն Իրանի վերահսկողությունից դուրս է:

Բացի այդ, հարկ է նշել, որ, անկախ Սաֆարովի գործից, Իրանը երբեք էլ ներգրավված չի եղել ղարաբաղյան հարցում: Դա Իրանի համար գլխավոր հարցը չէ, նրանք ունեն ներքին և արտաքին այլ սպառնալիքներ: Այսպիսով, Իրանի նման կեցվածքն անակնկալ չէր:
Այժմ ամենակարևոր հարցն այն է, թե ի՞նչ կլինի հետո: Սաֆարովն ազատ է, հարուստ և պարգևատրված: Մարդկային տեսանկյունից սա մի անձնավորություն է, ով ամեն գիշեր քնելու է` գիտակցելով, որ սպանել է մի անմեղ մարդու: Ցանկացած կրոնում Աստված նրան կպատժի, բայց, անկախ Սաֆարովի մարդկային կերպարից, Ադրբեջանը ցույց տվեց իր անկանխատեսելի պահվածքը, և այս առումով Հայաստանը չունի գործընկեր խաղաղության համար:

Ինչպե՞ս կարելի է բանակցել նման պետության հետ: Հարցն այն չէ, թե ի՞նչ պետք է անի Հայաստանը, հարցն այն է, թե ի՞նչ պետք է անի Մինսկի խումբը, քանի որ, եթե սա իրականություն է Հայաստանի համար, ապա Մինսկի խմբի համար սա մարտահրավեր է: Եվ այս տեսանկյունից Ադրբեջանն իրականացրել է դիվանագիտական ինքնասպանություն, և այլևս ճանապարհ չկա այդ սխալն ուղղելու համար:

Սա ևս մի օրինակ է, որ Ղարաբաղը չի կարող ապագա ունենալ Ադրբեջանի կազմում: Ուստի բոլոր մարտահրավերներն ուղղված են Ադրբեջանին, և ոչ` Հայաստանին: Մենք անմեղ ենք և մենք զոհ ենք կրկին: Սաֆարովի գործի շուրջ ստեղծված ճգնաժամում մենք այժմ ավելի ուժեղ դիրքերում ենք գտնվում, քան Ադրբեջանը, սակայն սա ժամանակավոր է: Եվ սա դաս էր Հայաստանի համար այն առումով, որ մենք պետք է սկսենք ավելի լավ ծրագրել մեր ռազմավարությունը:

– Ձեր կարծիքով` Սաֆարովի արտահանձնումն իրոք նպաստե՞ց տարածաշրջանի ապակայունացմանը:

– Տարածաշրջանն արդեն ապակայունացված էր, ընդ որում, ապակայունացվում էր մի կողմից` Ադրբեջանից: Այս դեպքն ուղղակի օգնեց ապացուցելու, որ իրավիճակի ապակայունացնողը միշտ Ադրբեջանն է եղել, և այն պետությունները, որոնք նախկինում չէին հավատում դրան, այժմ գիտեն դա:

Հետաքրքիր է նաև այն, որ Սաֆարովի ճգնաժամը մտահոգում է նաև Թուրքիային: Եվ այս հարցում Թուրքիան փաստորեն ավելի շատ Հայաստանի կողմից է, քանի որ սա շփոթության մեջ դրեց նաև Թուրքիայի ղեկավարությանը, ում համար սա նշանակում էր, որ Ադրբեջանն ուզում է իր ձեռքը վերցնել տարածաշրջանում Թուրքիայի նախաձեռնությունը:
Եվ սա ոչ թե Ադրբեջանի հզորության, այլ թուլության նշանն է, նաև այն պատճառով է, որ շատերն ադրբեջանական կառավարությունում և Բաքվում համաձայն չէին Ադրբեջանի այդ քայլի հետ: Մենք չենք խոսում արտահանձնման մասին, մենք խոսում ենք Ադրբեջանի կողմից մարդասպանին հերոսացնելու, պարգևատրելու և կոչում շնորհելու մասին: Եվ Թուրքիան դեմ էր սրան և ապշած է այս փաստից:

Սա Թուրքիային վատ դրության մեջ է դնում, քանի որ նա չի կարող արդեն ավելին անել տարածաշրջանում, որովհետև Ադրբեջանն է այժմ վերահսկում օրակարգը: Այսինքն` թուրքական իշխանությունները մտահոգված են ոչ միայն Բաքվի այդ աբսուրդային և սխալ քայլից, այլ ավելի շատ այն պատճառով, որ եթե նախկինում այս երկու երկրները շատ ավելի սերտ հարաբերություններ ունեին, և ավագ եղբայրը Թուրքիան էր, այժմ փոքր եղբայրն է նախաձեռնությունն իր ձեռքը վերցրել: Եվ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև այս հակասությունն, անշուշտ, շահեկան է Հայաստանի համար:

Տեսանյութեր

Լրահոս