Բաժիններ՝

Չի կարող պատահել

Աշնանային արևոտ օր է, և ամենևին տխուր թեմայով գրելու մտադրություն չունեի, երբ օրվա լրահոսի մեջ տեսա Լուսնի վրա առաջինը ոտք դրած մարդու` ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի հրաժեշտի արարողության մասին տեղեկությունը: «Արմսթրոնգի մոխիրը, ռազմածովային ուժերի ավանդույթի համաձայն, կհանձնվի օվկիանոսին: Արարողությունը կանցկացվի բավականին համեստ: Այնպես, ինչպես փորձել է ապրել Լուսնի մակերևույթ առաջինը ոտք դրած մարդը»:

Նման մասշտաբի մարդու համար ամենաիսկական հուշարձանը, թերևս, միայն Լուսինն է, որն ամեն երեկո կարտացոլվի օվկիանոսի ջրերում:
Մշակութաբանները, ազգագրագետները ունեն գիտական հետազոտություններ և կարող են հիմնավորել` հրաժեշտի ծեսերի անցկացման կարգը որքանո՞վ է բնորոշում` առո՞ղջ է տվյալ ժողովրդի հոգեբանությունը, թե՞ ոչ այնքան: Սակայն, մասնագետ չլինելով էլ, դժվար չէ գլխի ընկնել` մեր թաղման ծեսերը, որպես կանոն, վկայում են, որ հասարակությունը խնդիր ունի (մեր մայրաքաղաքը սկսել է նմանվել «12 աթոռ» ֆիլմի գավառական N քաղաքին:

Այնքան շատ են հարսանյաց տները, գեղեցկության սրահները և սգո ծառայությունները, որ, թվում է` ոչինչ չի փոխվել հեռավոր 1927 թվականից, երբ զարգանում էին այս ֆիլմի գործողությունները. մարդիկ ծնվում են, որ ամուսնանան, սափրվեն և, առանց ժամանակ կորցնելու, մահանան):

Աշխարհում տեղի ունեցող գործընթացները հայաստանյան գյուղերը շրջանցելու սովորություն ունեն: Հետևաբար` կա երկու իրադարձություն, որը կարող է շարժել գյուղացիների հետաքրքրությունը` ընտրությունները և թաղման ծեսերը: Հավաքվում է ողջ գյուղը, անգամ, եթե մահացողն 92-ամյա տատիկ է: Տարեց, չսափրված մարդիկ ծխում են ու զրուցում: Կանայք ներսում, առանց իրենց խնայելու, ողբում են:

Կարդացեք նաև

Վերջերս անձամբ էի ներկա հուղարկավորության արարողության և մինչ օրս տեսածիս ազդեցության տակ եմ: Տպավորությունն այնպիսին էր, թե նկարահանվում ես Կուստուրիցայի ֆիլմում: Հասկանալի է` էպիզոդներում:
Թվում էր` հանգուցյալի հետ անմիջական շփումը, նրան ուղղված բազմաթիվ հարցերը, ընդ որում` պատասխանի համառ սպասումով, այն աշխարհ ուղևորվելուց առաջ մահացածին վերջին ցուցումներ տալը, անզուսպ լացի «դարաշրջանն» ավարտվել է «Խաթաբալա» ֆիլմի լացող պառավներով:Սակայն` ոչ:

«Տեսնո՞ւմ ես` ինչքան մարդ ա եկել: Ասա՛, տեսնո՞ւմ ես: Դու սիրում էիր հյուրեր ընդունել, մարդկանց հյուրասիրել: Դե՛, վեր կաց, բոլորին դիմավորի՛ր, հյուրասիրի՛ր»,- ապսպրում էր հանգուցյալին նրա զարմուհին: Հանգուցյալը, ինչպես և սպասվում էր, որևէ կերպ չարձագանքեց: Կարելի է ասել, անգամ տեղից չշարժվեց: Իսկ հավաքված կանայք շարունակում էին. «Այնտեղ միայն լավ լուրերը կասես, վատ բաների մասին կլռես: Կբարևես այսինչին ու այնինչին»:

Կարճատև պաուզայից օգտվելով` տարեց կանանցից մեկը հանգուցյալի աղջկանից կամացուկ հետաքրքրվեց` բոլոր ցանկացողնե՞րն են արտահայտվել, թե՞ էլի կան խոսք ասողներ: Հաստատական նշան ստանալով, թե տվյալ պահին ասելիք ունեցող չկա, մոտեցավ հանգուցյալին ևգ երգելով սկսեց թվարկել վերջինիս արժանիքները, որոնք, դատելով երգի տևողությունից, քիչ չէին: Նրանից հետո խոսեց ևս մեկը, հետո` էլի մեկը, հետո` դարձյալ մեկը: Ապա բարձրաձայն լաց լինելով` խոսք վերցրեց մահացածի դուստրը` ներկայացնելով արդեն իրենց` զավակների բազում առաքինությունները` մինչև վերջին շունչն իրենց ծնողին միայնակ, անխնամ չեն թողել: Իսկ «անխիղճը» վերցրեց ու մահացավ: Ազգականուհիներից մյուսը ընկուզենու երկար ճյուղով համբերատար քշում էր հավաքված ճանճերին, որոնք անվերջ պտտվում էին հռետորների շուրջ:

Ստուգելու համար` արդյո՞ք զավակներն ինչպես հա՛րկն է սիրում էին իրենց մորը, թե՞ նրանց ողբը դատարկ զնգոց է, տարեց կանանցից մեկը զգուշորեն ստուգեց` նո՞ր են հանգուցյալի կոշիկները, թե՞ հագցրել են` ինչ պատահի: Բոլորի հայացքներն ակնթարթորեն ուղղվեցին նրան. տարեց կինը գլխով հաստատական նշան արեց. կոշիկները նոր էին:
Հանգուցյալի հրաժեշտի արարողության պատահաբար հանդիպել եմ Վենետիկ քաղաքում: Եկեղեցում հավաքվել էին մահացածի հարազատները: Քահանան սգո կարգ էր կատարում: Արարողության ավարտից հետո աճյունը տեղափոխեցին հատուկ նման արարողությունների համար նախատեսված գոնդոլի վրա: Հարազատները լուռ ցավակցեցին միմյանց: Արարողությունն ավարտվեց:

Ընդ որում, աճյունը փակ էր, և ոչ ոք հնարավորություն չուներ անթաքույց հետաքրքրությամբ զննել հանգուցյալին` նկատելու` «շա՞տ է փոխվել», «հե՜չ իրեն նման չի» կամ հարազատներին նյարդայնացնող այլ դատողություններ անել:
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտնականներից մեկն ասաց, թե հուղարկավորության արարողությունն այն ձևով, որը նկարագրեցի վերևում, լրիվ մեր ազգային ավանդույթների տրամաբանության մեջ է: «Ամեն ինչ այնքան փոխվել է, եվրոպականացել: Լավ է, որ պահպանվել է գոնե այս սովորությունը, երբ մարդիկ ի սրտե ցավում են իրենց հարազատի կորստի համար` թող որ երգելով, արտասանելով, խոսելով: Սա մեր ֆոլկլորն է, մեր հարստությունը»:

Իսկ «ֆոլկլորից» առաջ իրականությունն է. գուցե քչերը գիտեն, որ մեր գյուղերում չկան դիահերձարաններ: Յուրաքանչյուր գյուղ ունի մեկ մասնագետ: Սա` լավագույն դեպքում: Այդ մասնագետին բժիշկ անվանելը չափազանցություն է. որպես կանոն` խոսքը տարիքն առած, կյանքի հանդեպ հետաքրքրությունն անդառնալիորեն կորցրած կնոջ մասին է, ով ունի հերձում կատարելու արտոնագիր: Ծառայությունն արժե 30.000 դրամ: Հերձման անուրախ արարողությունը կատարվում է տնային պայմաններում` դրանից բխող բոլոր հետևանքներով:

Հ.Գ.Հասկանալի է, որ նման արարողության ընթացքում միակ ավելորդ մարդը քահանան է…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս