Բաժիններ՝

Հոնի բուժիչ հատկությունները

Հայտնի է հնագույն ժամանակներից, հետքերը հայտնաբերվել են Շվեյցարիայում` ավելի քան 5000 տարվա վաղեմության շինությունում։ Հոնազգիների ընտանիքն ընդգրկում է ավելի քան 30 տեսակներ։ Ունեն տերևաթափ ծառի կամ թփի տեսք, կան բազմամյա խոտաբույսեր, մշտադալար տեսակներ։

Գիտական անվանումն է` Cornus։ Հին Հունաստանում և Հռոմում բույսը շատ հարգի է եղել` պտուղները մշակել և դրել են աղի մեջ, ինչպես ձիթապտուղը։ Տարածված է Սարդինիա կղզում, ուր Cornus բնակավայրի մոտ Ք.ա. 3-րդ դարում ճակատամարտ է եղել Հռոմի և Կարթագենի զորքերի մեջ։

Ըստ ավանդազրույցի` Ռոմուլն իր նիզակով շրջան է ուրվագծում և խրում այն կենտրոնում հողի մեջ։ Աճում է մի հոնի, իսկ ծառի շուրջը տարածվում է չքնաղ Հռոմը։
Հին ժամանակներում հոնը համարել են արյունոտ ծառ, քանի որ աշնանը մատղաշ ծիլերը կարմրում են։

Ըստ մեկ այլ ավանդազրույցի` այս ծառից են պատրաստել Սուրբ Խաչը։ Հոնը եղել է Երուսաղեմում աճող ամենամեծ ծառատեսակը։ Սակայն այն փոքրացրել և վերափոխել են, ճյուղերը կախվել են ներքև, ծաղկի թերթիկները` դարձրել չորս հատ և «խաչել», առէջքները կարմրել են, փշերը` ստացել գամերի տեսք, իսկ պտուղների հյութը` արյան գույն։
Փայտանյութը շատ ամուր է և ճկուն, չմաշվող, դիմացկուն է հարվածային բեռնվածքների հանդեպ։ Հնում պատրաստել են նիզակներ և նետեր, նավակներ, դանակներ, մաքոք, ժամացույցների անվիկներ, կոճակ։

Կարդացեք նաև

Արդյո՞ք այս ծառի բնափայտից է պատրաստված եղել Հայկ նահապետի նետը, որի մեկ զարկը տապալեց Հսկայակազմ Բելին։ Հնագույն ժամանակներից ռազմիկներն ունեցել են իրենց մոտ հոնի լավաշը։ Այն կանխարգելել է դիզենտերիան և լնդախտը։
Լայնորեն կիրառվել է նաև ցարական բանակում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

Բույսը կիրառում են կաշվեգործության մեջ, նուրբ, մոխրականաչավուն ներկանյութ ստանալու համար։

Հոնի արականը կամ սովորականը C. max հնագույն ժամանակներից աճում է մեր հայրենիքում։ ՀՀ բնական պայմաններում տարածված է հյուսիսարևելյան շրջանների, Սյունիքի խառն անտառներում, ծովի մակերևույթից մինչև 1100-1400 մ բարձրության վրա։ Ստվերասեր, ցրտադիմացկուն, երաշտադիմացկուն բույս է, ոչ պահանջկոտ հողատեսակի հանդեպ։

Ոսկեդեղին ծաղիկները հավաքված են վահանաձև ծաղկափթթությունների մեջ, ծաղկում է փետրվարի վերջին-մարտին։ Ծաղկման շրջանը 10-14 օր է։ Մեղրատու բույս է, ծաղկափոշին` վաղ գարնանային մեղվահացի հումքի մատակարար։ Պտղաբերում է 12-րդ տարում (մինչև 30 կգ), հասուն ծառը տալիս է մոտ 100 կգ բերք, ապրում է 120 տարի, հաճախ` մինչև 250։
Բույսի անգլերեն անվանումներից մեկը` Hound tree, կարծես թե ինչ-որ հեռավոր աղերս ունի «հոնի» հետ։ Հայերենում անվանվում է նաև զողալենի` հավանաբար այն տեսակներն են, որոնք ունեն թփանման խոտաբույսի տեսք։

Հնագույն ժամանակներից հայտնի են եղել բույսի բուժիչ հատկությունները։ Օգտագործվում է միայն ժողովրդական բժշկության մեջ։ Բուժահումք են հանդիսանում արմատը, կեղևը, տերևը, պտուղը, նույնիսկ կորիզը։

Պտուղը հարուստ է P-ակտիվություն ունեցող նյութերով (ռուտին) և ասկորբինաթթվով, ինչի շնորհիվ ունի ճնշումն իջեցնող հատկություն։ Հարուստ է կարոտինով, պարունակում է տոկոֆերոլներ (E), ունի հակաօքսիդանտ հատկություն։ Կալիումը և մագնիումն օգտակար են սրտին։

Հոնի պտուղը լավացնում է ախորժակը, սթափեցնում գինովցած մարդուն, որպես կանխարգելիչ միջոց` խորհուրդ է տրվում, եթե կա սնդիկից կամ կապարից թունավորվելու վտանգ։ Պտղի մեջ պարունակվող պեկտինը և բջջանյութը նպաստում են թույների հեռացմանն օրգանիզմից։
Հյութն օգտակար է շաքարային դիաբետի, կարծրախտի (սկլերոզ), մրսածության, գիրության դեպքում, կանխարգելում է ածխաջրերի փոխակերպումը ճարպի։
Պտուղը հարուստ է օրգանական թթուներով` խնձորի, կիտրոնի, սաթի (մինչև 3,5 տոկոս)։ Չինացիները պտղի թուրմով բուժում են ցիստիտը, ականջների աղմուկը, հյութը և օշարակը խորհուրդ են տալիս` որպես օրգանիզմն ամրացնող միջոց։ Հոնի հյութը բուժում է խորը վերքերը, գինու հետ խառնուրդը հեռացնում է իժի թույնը։
Արմատը կամ կեղևը վայրի տանձենու պտղի հետ (1։3) համատեղ եփված` բուժում են լուծը։ Պտղի արմատի կամ կեղևի եփուկը կիրառում են մալարիայի, տենդի, թոքախտի բուժման ժամանակ։

Հոնի և վայրի տանձենու պտուղներից պատրաստված կոմպոտն օգտակար է միզապարկի, երիկամների բորբոքման դեպքում, նվազեցնում է միզաթթվի պարունակությունն օրգանիզմում, նպաստում է մանր քարերի հեռացմանը։

Հոնի և խնձորի թանձր եփուկն ավելացնում է արյունը։

Ցավեր մեջքի հատվածում. Տրորեք պտուղը, տեղադրեք լաթե պարկիկի մեջ, ամրացրեք ցավոտ հատվածին։
Աղմուկ ականջներում. Մանրացրեք հոնի ծառի արմատը, 2 թ/գ 30 րոպե եփեք 200 մլ ջրում (փակ կափարիչի տակ), ավելացրեք 2 ճ/գ երեքնուկ կարմիրի խոտը։ Թրմեք 1 ժամ, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։
Շաքարային դիաբետ. Խառնեք հոնի հյութը ջրի հետ (1։1), խմեք 50-ական մլ, օրը 1-3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։
Հիպերտոնիա. 1 ճ/գ մանրացրած պտուղը (առանց կորիզի) 10 րոպե եփեք 200 մլ ջրում։ Խմեք 100-ական մլ, օրը 2-3 անգամ` սնվելուց 1 ժամ հետո։
Միգրեն. Պատրաստեք և խմեք վերոգրյալ ձևով` 40 գ պտղամիսը։
Թութք, լուծ. 2 ճ/գ պտուղը (կորիզով) 2 ժամ եփեք թույլ կրակի վրա, 500 մլ ջրի մեջ (փակ կափարիչի տակ)։ Քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։ Շարունակեք 2-3 շաբաթ։
Ռևմատիզմ, հոդատապ.1 ճ/գ արմատը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 3 անգամ։

Զգուշացում։ Պտուղը և թարմ հյութը հակացուցված են` ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս