Հռոմում ընդունվել է ՄԱԿ-ի ՊՀԾ-ի քառամյա ծրագիրը՝ Հայաստանի վերաբերյալ
Հռոմում 2026 թվականի փետրվարի 25-ին ընդունվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ)՝ Հայաստանի 2026-2030թթ. ծրագիրը:
Այն ուղենիշային է լինելու հաջորդ հինգ տարիների ընթացքում Հայաստանի և ՊՀԾ-ի միջև համագործակցության համար, մասնավորապես՝ Հայաստանում պարենային անվտանգության ամրապնդման, խոցելի խմբերի հումանիտար կարիքների հասցեագրման և արտակարգ իրավիճակների նկատմամբ ՀՀ դիմադրողականության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարության կարողությունների զարգացման գործում:
Ինչպես տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունը, հանդիպմանը ելույթով հանդես է եկել ՀՀ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը, որն իր խոսքում անդրադարձել է երկրի ծրագրային փաստաթղթի հիմնական ուղղություններին՝ ուղղված ՀՀ կայուն զարգացմանը և ապագային միտված համատեղ արձագանքի ապահովմանը:
Այս համատեքստում կարևորվել է, որ փաստաթուղթը լիովին համահունչ է ՀՀ կառավարության քաղաքականությանն ու ռազմավարություններին, ինչպես նաև Հայաստանի` ՄԱԿ-ի կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթի առաջնահերթություններին, մասնավորապես՝ ոչ մի համայնք անտեսված չթողնելու նպատակի իրագործման տեսանկյունից։



