«Պայքարել մի քանի մանդատների համա՞ր, թե՞ նվազագույնի հասցնել ներընդդիմադիր պայքարը». Սերժ Սարգսյան
Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե այս ընթացքում որևէ քաղաքական ուժ այցելե՞լ է իրեն՝ նախընտրական բանակցություններ վարելու համար, ասաց՝ այցելողներ եղել են, բայց թե ովքեր՝ չի բարձրաձայնի։
Հաջորդ հարցին՝ արդեն որոշում կա՞ առաջիկա ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, Սերժ Սարգսյանը պատասխանեց.
«Ոչ, դեռևս չունենք, և դա զարմանալի չէ, որովհետև առաջին հայացքից հեշտ բան է, էլի՝ մասնակցում ենք, կամ չենք մասնակցում։ Բայց երբ մտնում ենք էության մեջ, այդտեղ երկվություն կա՝ պայքարել մի քանի մանդատների համա՞ր, թե ՞ ստեղծել շատ ավելի բարենպաստ պայմաններ՝ նվազագույնի հասցնելով ներընդդիմադիր պայքարը, դրանով իսկ փորձել հաջողություն ստեղծել այն ուժերի համար, ովքեր հավակնում են հաղթել»։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Երկրորդ և Երրորդ նախագահների քաղաքական թիմերի միջև վերջին շրջանում ակտիվացած «փոխհրաձգությունը», Սերժ Սարգսյանը պատասխանեց.
«Չեմ կարծում, թե ներընդդիմադիր պայքարը սաստկացել է։ Ուղղակի կարծում եմ՝ ջրերը զուլալվում են, մենք այստեղ որևէ խնդիր չունենք։ Բոլոր նրանք, նկատի ունեմ քաղաքական ուժերին, ովքեր կփորձեն մեր հաշվին «աչոկ» հավաքել, իբր մեր շանսերը նվազեցնելու համար, ակնհայտ է, որ իրենց ասվելու է ճշմարտությունը։ Եվ եթե իրենք փորձում են ուրիշին ինչ-որ բան վերագրել, ապա ճշմարտությունը կլսեն, բոլորն էլ կլսեն»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



