Բաժիններ՝

Փոխարժեքը վնասո՞ւմ է, թե՞ ոչ

ՀՀ ֆինանսների նախարարի երկու տեղակալների՝ Վարդան Արամյանի ու Ատոմ Ջանջուղազյանի տեսակետներն արտաքին պարտքի հարցում միմյանց հակասում են։

Մասնավորապես, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը news.am-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի արտաքին պետական պարտքի կառավարման ռիսկերը բացառապես կապված են փոխարժեքի հետ: Ըստ փոխնախարարի, այդ ռիսկերը պայմանավորված են նրանով, որ ՀՀ պետբյուջեի եկամուտները ստացվում են բացառապես դրամով, իսկ արտաքին պարտքերը մարելու համար անհրաժեշտ է արտարժույթ: Բոլոր դեպքերում, ըստ գլխավոր գանձապետի, ՀՀ արտաքին պարտքը մնում է կառավարելի, ու բոլոր վճարումները ժամանակին կկատարվեն:

Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին նման տեսակետ հայտնել էր ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ դրամի արժեզրկման հետևանքով օրեցօր ավելանում է նաև պարտքի սպասարկման բեռը: Այսինքն՝ Օսկանյանի և Ջանջուղազյանի ասածները, ըստ էության, նույնն են։

Սակայն ֆինանսների նախարարի մյուս տեղակալը՝ Վարդան Արամյանը, այն ժամանակ հակադարձել էր Օսկանյանին՝ պարզաբանելով, որ բյուջեն հոսքերի աղյուսակ է, հետևաբար՝ արտարժույթի փոխարժեքի ազդեցությունը, ինչպես որ ազդում է արտարժույթով ելքերի վրա, այնպես էլ պետք է ազդի նույն արտարժույթով մուտքերի վրա: «Հետևաբար՝ միայն այն փաստը, որ մենք զուտ արտարժութային միջոցներ ներգրավող ենք (արտարժութային մուտքերը գերազանցում են ելքերին),հակառակն է փաստում»,- նշել էր Արամյանը: Նա նաև ավելացրել էր, որ բյուջեի վրա արժեզրկումն անուղղակի ազդեցություն է ունենում նաև ներմուծումից հարկային մուտքերի ավելացման միջոցով, քանի որ հարկման ենթակա ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը կամ հարկման բազան արժեզրկման արդյունքում աճում է` հանգեցնելով ներմուծումից գանձվող հարկերի ավելացման: Եվ, վերջապես, Վ. Արամյանը նշել էր. «Երրորդ, արժեզրկումը ևս մեկ անուղղակի ազդեցություն է ունենում բյուջեի վրա՝ այս անգամ արդեն երկարաժամկետ հատվածում, քանի որ այն հանգեցնում է արտահանման աճի, ինչն էլ նպաստելով տնտեսական աճին` բերում է նաև բյուջեի հարկային մուտքերի ավելացման»:

Ի դեպ, արտաքին պարտքի թեման պարբերաբար ակտիվանում է։ Իշխանությունները թեպետ փորձում են փարատել բոլոր տեսակի մտահոգությունները, սակայն վերջին շրջանում հենց իրենք են անուղղակի ակնարկներ անում այդ թեմայով։ Հիշեցնենք, որ օրեր առաջ արտաքին պարտքի մասին խոսել էր նաև ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ շեշտելով, որ Հայաստանի արտաքին պարտքի մի մասը պետությանը չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս