Քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում սեպտեմբերի 1-ը պատրաստ դիմավորելու համար
Երևանի քաղաքապետարանը շարունակում է առաջին դասարանցիներին գրենական պիտույքներով պայուսակներ նվիրելու ավանդույթը: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներն այս հարցով կարող են չմտահոգվել:
Քանի որ դպրոցներում ընդունելությունը շարունակվում է մինչև սեպտեմբերի 5-ը , ապա Գայանե Սողոմոնյանը դժվարացավ պատասխանել, թե այս տարի սեպտեմբերի 1-ին որքա՞ն առաջին դասարանցի կհաճախի դպրոց, միայն նշեց, որ այս տարվա օգոստոսի 20-ի և նախորդ տարվա սեպտեմբերի 5–ի ցուցանիշը նույնն է՝ 10 000 առաջին դասարանցի: Այսինքն՝ առաջին դասարան հաճախող երեխաների թվի աճի միտում կա:
« Պիտի ասեմ, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է ընդունել Սիրիայից տեղափոխված մեր հայրենակիցներին, ինչպես նաև՝ մանկապարտեզ հաճախող երեխաներին և քաղաքապետի հանձնարարությամբ պատրաստ ենք երեխաներին հնարավորինս աջակցություն ցուցաբերել»,- ասաց Գայանե Սողոմոնյանը:
Նրա տեղակացմամբ, նման դասարան կբացվի Երևանի Ստեփան Շահումյանի անվան դպրոցում. «Այստեղ արդեն իսկ ձևավորված են արևելահայերեն սովորել ցանկացող երեք տարիքային , այդ թվում՝ մեծահասակների խմբեր:
Այս տարի Երևանի քաղաքապետարանն առաջինից չորրորդ դասարանի բոլոր աշակերտների համար ապահովում է անվճար դասագրքեր, ներառյալ՝ օտար լեզվի. «Դասագրքերը, սկսած հինգերորդ դասարանից, արդեն վճարովի են: Իսկ վճարների մասին տեղեկացված են բոլոր ծնողները, դասագրքերի գները փակցված են գրադարաններում, կարող են ծնողները մոտենալ, ստուգել մեկ անգամ ևս: Ծնողներին տրվում է երկար ժամանակ, որպեսզի աստիճանաբար կարողանան վճարել այդ դասագրքերի գումարները: Պարտադրանք՝ անմիջապես վճարելու, չկա որևէ դպրոցի կողմից»:
Մեկ նորություն ևս, որն առնչվում է ուսումնական ծրագրին. այս տարի 9-րդ դասարանի ուսումնական ծրագրից հանվել է «Գծագրություն» առարկան, փոխարենը մտել են «Երաժշտություն» և «Կերպարվեստ» առարկաները 7 –րդ դասարանցիների համար՝ կես ժամով:
Սեպտեմբերի 1-ը՝ ուսումնական տարվա սկիզբը, ՀՀ ոստիկանության համար մի փոքր տարբեր է լինելու: Այս տարի նախատեսված է, որ Ճանապարհային ոստիկանության և ոստիկանության մյուս ստորաբաժանումների կողմից անմիջական հսկողության տակ են վերցվելու բոլոր դպրոցամերձ փողոցները, որտեղ կատարվելու է հերթապահություն՝ նախորդ տարիներին արձանագրված դժբախտ դեպքերը բացառելու կամ երեխաների՝ տուն-դպրոց, դպրոց-տուն ճանապարհն ապահովելու համար:
ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորայր Սարգսյանը, ով ևս ներկա էր ասուլիսին, ասաց. «Ուսումնասիրվելու են բոլոր դպրոցները, թե կահավորվա՞ծ է արդյոք դպրոցամերձ տարածքը երթևեկության կարգավորման համապատասխան միջոցներով, թե՝ ոչ: Եվ ես համոզված եմ, որ մինչև օգոստոսի 30-ը կհասցնեն ապահովել համապատասխան գծանշումներով»,-ասաց նա՝ հավելելով, որ մայրաքաղաքի դպրոցների մերձակա տարածքների 30 %-ն արդեն իսկ կահավորված է համապատասխան տեխնիկական միջոցներով: