Բաժիններ՝

Մոտակա տասնամյակներին տնտեսական հրաշքների մի սպասեք

Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Դենի Ռոդրիկը համոզված է, որ ինդուստրիալ հատվածը՝ առանց ինստիտուցիոնալ զարգացման, դատապարտված է լճացման։ Դա հատկապես վերաբերում է աղքատ և զարգացող երկրներին։

Պրոֆեսորը «Projrct Syndicate» պարբերականում նշել է, որ առաջիկա տասնամյակների ընթացքում բուռն աճը հնարավոր չէ։

Մեկ տարի առաջ վերլուծաբանները լավատեսությամբ տնտեսական աճ էին կանխատեսում զարգացող երկրներում։ Ի տարբերություն ԱՄՆ-ի և Եվրոպայի, որտեղ լավագույն սցենարը թույլ աճն էր, զարգացող շուկաները պետք է պահպանեին դինամիկ աճի տեմպը` դառնալով համաշխարհային տնտեսության շարժիչ ուժը։

Այսօր լավատեսական կանխատեսումներին փոխարինելու են եկել մտահոգությունները՝ «Մեծ լճացման» առումով։ Եթե Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի կամ Թուրքիայի համար նախկինում կանխատեսվում էր կայուն բարձր աճ, ապա վերջին վիճակագրական տվյալները խոսում են չափազանց ցածր տեմպի մասին։ Լավատեսությունը վերացել է՝ իր տեղը զիջելով կասկածներին։

Կարդացեք նաև

Այս ամենի արդյունքում ավելի է հիմնավորվում այն տեսակետը, որ որոշ երկրների տպավորիչ աճը ոչ թե օրինաչափություն էր, այլ բացառություն։

Հասկանալու համար, թե ինչու այդպես ստացվեց, անհրաժեշտ է ևս մեկ անգամ հարցնել՝ իսկ ի՞նչ է «տնտեսական հրաշքը»։ Բացառությամբ մի քանի ոչ մեծ երկրների, որոնք հաջող կերպով օգտագործեցին իրենց հարուստ բնական ռեսուրսները, մյուս բոլոր ամենահաջողված տնտեսությունները պարտական են ինդուստրիալիզացիային։

Արևելյան Ասիայի, այդ թվում՝ Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Սինգապուրի, Թայվանի և Չինաստանի հաջողության գաղտնիքն այն է, որ այստեղ կարողացան աշխատանքային ռեսուրսները գյուղատնտեսությունից տեղափոխել կազմակերպված արդյունաբերական գոտիներ։

Արդյունաբերությունը թույլ է տալիս արագ հասնել զարգացած երկրներին, քանի որ համեմատաբար հեշտ է կրկնօրինակել և կիրառել արտասահմանյան տեխնոլոգիան անգամ ամենաաղքատ երկրներում։ Դենի Ռոդրիկը գրում է, որ, իրենց հաշվարկներով, արդյունաբերությունը թույլ է տալիս կրճատել զարգացած երկրների հետ տարբերությունը տարեկան 3% արագությամբ՝ անկախ քաղաքական վիճակից, պետական կարգից և աշխարհագրական դիրքից։

Սակայն բարձր արտադրողականություն ունեցող ընկերություններին անհրաժեշտ է գերազանց ինստիտուցիոնալ կազմակերպվածություն և բարձր որակավորում ունեցող անձնակազմ։ Այդ ամենը զարգացած երկրներում ձևավորվել է երկար ժամանակի ընթացքում։ Աղքատ երկիրը կարող է հեշտությամբ մրցակցել Շվեդիայի հետ որևէ արտադրության հարցում։ Սակայն նրան հարկավոր կլինեն տասնամյակներ՝ Շվեդիային հասնելու համար ինստիտուտների որակի տեսակետից (տնտեսության կառուցվածք, պետության կողմից որակյալ ծառայությունների մատուցում, խտրականության բացակայություն, սեփականության իրավունքների պաշտպանություն, արդար դատաիրավական համակարգ, և այլն)։

Հարվարդի պրոֆեսորը սրանով ցանկանում է ասել, որ երկարաժամկետ զարգացման համար անհրաժեշտ է ոչ միայն ինդուստրիալիզացիա, այլև ինստիտուցիոնալ հնարավորությունների զարգացում, որն անհրաժեշտ է աճը պահպանելու համար։ Զարգացող և աղքատ երկրներին պակասում է հենց զարգացած ինստիտուցիոնալ համակարգը։ Ըստ Դենի Ռոդրիկի՝ առանց արդյունաբերական հեղափոխության՝ տնտեսական հզոր ճեղքումը հնարավոր չէ, իսկ առանց մարդկային կապիտալի մեջ ներդրումների՝ աճը դատապարտված է լճացման։

Ռոդրիկը նշում է, որ ժամանակի ընթացքում ստուգված դեղատոմսերն այսօր չեն աշխատում, ինչը պայմանավորված է արտադրական-տեխնոլոգիական փոփոխություններով և գլոբալ իրավիճակով։ Առաջին հերթին, արտադրության բոլոր մակարդակներում այսօր անհրաժեշտ են բարձր որակավորված կադրեր՝ քիչ աշխատատեղերի պարագայում։ Այսպիսով, ինդուստրիալիզացիայի նոր ալիքի համար երկրներն այլևս աշխատանքային մեծ ռեսուրսների կարիք չունեն։

Եվ երկրորդ, գլոբալիզացիան ու, առաջին հերթին, Չինաստանի վերելքը սրել են մրցակցությունը ողջ աշխարհում, ինչը զգալիորեն բարդացնում է սկսնակների կյանքը։ Ու թեպետ չինական աշխատուժը գնալով թանկանում է, Չինաստանը, ըստ Ռոդրիկի, շարունակում է լուրջ մրցակից մնալ ցանկացած երկրի համար։

«Արդյունաբերական արտադրությունը շարունակում է աղքատ երկրների համար մնալ որպես վերելակ, սակայն այդ վերելակն այլևս արագ չի շարժվում և շատ չի բարձրանում։ Աճն այժմ մեծապես կախված է մարդկային կապիտալում, ենթակառուցվածքներում և արդյունավետ կառավարման համակարգերում կատարվող ներդրումներից։ Իսկ դա նշանակում է, որ աճը, լավագույն դեպքում, կլինի դանդաղ ու դժվարին»,- եզրափակում է պրոֆեսորը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս