Ինչպե՞ս շահել կառավարության սիրտը
ՀՀ կառավարությունը հինգշաբթի օրվա իր նիստում արդեն հավանություն է տվել «Էկոտոմատո» ՓԲԸ ներկայացրած՝ Կոտայքի մարզի Գողթ համայնքում ջերմատան կառուցման և զարգացման ներդրումային ծրագրին։ Թե ի՞նչ է նշանակում՝ «հավանություն տալ», չի պարզաբանվում։ Փոխարենը՝ կառավարության կայքում տեղադրված պաշտոնական հաղորդագրության մեջ մի առանձին ենթաբաժին նվիրված է այս ընկերության ծրագրերին ու ակնկալվող արդյունքներին։
«2011 թվականից գործող ընկերության ջերմատնային տնտեսությունում աճեցվում են Հոլանդիայից բերված բարձրորակ վարդեր, որոնց հիմնական մասն արտահանվում է Ռուսաստան, Վրաստան, Բելառուս և Շվեդիա։ Վարդերը մատչելի գներով իրացվում են նաև Հայաստանում։ Հավանություն ստացած ծրագրով նախատեսվում է գործող ջերմատան հարակից տարածքում մեկ-երկու տարում կառուցել ևս երեք հեկտար ջերմատուն և 2.5 անգամ ավելացնել վարդերի արտադրությունը և արտահանումը»։
Սակայն հաջորդ որոշման պարզաբանման մեջ արդեն նշվում է, թե ինչ է նշանակում՝ «հավանություն տալ»։ «Գործադիրը համաձայնություն է տվել Գողթի գյուղական համայնքի ղեկավարի` համայնքի սեփականությունը հանդիսացող ավելի քան 3.5 հա անջրդի, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար ոչ պիտանի հողամասը կադաստրային արժեքով «Էկոտոմատո» ՓԲԸ-ին ուղղակի վաճառքի ձևով օտարելու առաջարկությանը։ Ծրագրի իրականացման համար կկատարվի 3-4 մլրդ դրամի ներդրում, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարելավվի Գողթի բնակչության սոցիալական դրությունը»,- նշված է կառավարության կայքում։
Իսկ որոշման տեղեկանք-հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերության կողմից շահագործվող ջերմատնային տնտեսությանը կից առկա են անջրդի, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար ոչ նպատակահարմար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնց վրա ժամանակակից ջերմատների կառուցումն առավել արդյունավետ օգտագործման եղանակն է: «Նշված տարածքում ջերմատնային տնտեսություն կառուցելու նպատակով անհրաժեշտ է հողամասն ուղղակի վաճառքի ձևով` կադաստրային գնով օտարել «Էկոտոմատո» փակ բաժնետիրական ընկերությանը»։
Նշենք, որ նախորդ տարվա կեսերին ՀՀ կառավարությունը որոշել է «Էկոտոմատո» ՓԲԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թ. հունիսի 25-ը։
Իսկ «ՎՏԲ-Հայաստան բանկը» բոլորովին վերջերս ընկերությանը ֆինանսավորում է տրամադրել՝ նոր ծաղկային ջերմոցների տնտեսության շինարարության և «Dalsem» հոլանդական ընկերությունից սարքավորումների ձեռքբերման նպատակով: Սա էլ զարմանալի է, քանի որ հայաստանյան բանկերը սովորաբար 1 տարվա պատմություն ունեցող (կամ, ինչպես իրենք են ասում, start-up բիզնեսներին չեն վարկավորում)։
Եթե այս ամենին էլ գումարենք այն, որ ՀՀ բարձրագույն իշխանությունը՝ նախագահից սկսած, այցելել է «Էկոտոմատո», ապա ակնհայտ է դառնում, որ հատուկ ուշադրություն է դարձվում այս ընկերությանը։
Նման «ջերմոցային պայմանները» ստիպում են մտածել. որ ջերմոցներով զբաղվող այս ընկերության ետևում մեկը կանգնած է։ Սակայն որոշակի աղբյուրներից մեզ հայտնեցին, որ ընկերությունը, որպես այդպիսին, «տանիք չունի»։ Բաժնետերերի թվում են հայ և հոլանդացի ներդրողներ։ Կարճ ասած, ստացանք այն տպավորությունը, որ պետությունն իրոք որոշել է այս ընկերությանն օգնել, քանի որ արտահանող ընկերությունները (այն էլ՝ դեպի Եվրոպա) առանց այն էլ քիչ են։ Այլ կերպ ասած, գոնե ցուցադրելու համար, բացառության կարգով կարելի է աջակցություն ցույց տալ «նեղ կրուգից» դուրս գտնվող գործարարներին։ Նաև լավ PR է կառավարության համար։
Չենք ասում, որ այս տարբերակը պետք է հալած յուղի տեղ ընդունել. չի բացառվում, որ ընկերությունն իսկապես ունի «հզոր մեջք»։ Սակայն չի բացառվում նաև հակառակը։ Պարզապես հայաստանյան իրականությունն է այդպիսին. քչերն են հավատում, որ պետությունը կարող է իրական աջակցություն ցույց տալ մասնավոր, ոչ խոշոր, նորաստեղծ ու «տանիք չունեցող» բիզնեսին։ Մինչդեռ պետության կողմից նման վարքագիծը պետք է սովորական լիներ։