Բաժիններ՝

Միկոյանի արձանը պատրաստ է, իսկ Արեյանն ասում է՝ դեռ նախագիծը չկա

Այսօր ես տեսա նրան՝ ընկեր Միկոյանին: Նրա` 1,60 սմ-անոց բրոնզակոփ կիսարձանը  (полуфигура)  կանգնած էր Երևանի «Կռազի պարկում»: Ձուլարանի մետաղյա ու ծանր դռներն այնքան արագորեն փակվեցին, որ տեսախցիկը չկարողացավ ֆիքսել հերոսին: Բայց հերոսը կա: Նա կանգնած էր բազում «Կռազ»  մեքենաների կմախքների  հարևանությամբ, Երևանի արվարձանային աղքատության շունչը կրող մի թաղամասում  բացված  ձուլարանում:

mikoyan-2

Անաստաս Միկոյանի արձանի  վրա աշխատել են երեք հոգի՝ ձուլող  վարպետը, բանվորը և տեխնիկական աշխատանքներին հետևող քանդակագործը: Մինչ նրանք  առավոտյան վերջին աշխատանքներն էին կատարում  արձանի վրա, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը նույն պահին Ազգային ժողովում հայտարարում էր. «Թե արձանը երբ կտեղադրվի` հայտնի չէ, չեմ կարող ասել: Ֆինանսավորման աղբյուրը ևս պարզ չէ, էսքիզային նախագիծ դեռ չկա»:

Արձանի պատրաստման աշխատանքներին հետևող քանդակագործ Գագիկ Ստեփանյանը, արձանը լուսանկարելու մեր համառ պնդումներին զիջելով՝  ամբողջ այդ ընթացքում հեռախոսով փորձում էր արձանը լուսանկարելու թույլտվություն ստանալ, սակայն հեռախոսի մյուս ծայրում (այդպես էլ չիմացանք նրա զրուցակցի անունը)  անդրդվելի  մնացին:  «Դու գործ չունես»,-ասում էին Գագիկ Ստեփանյանին:  «Ես իսկապես գործ չունեմ,  ինձ  միայն խնդրել են, որ արձանը տեխնիկապես անթերի լինի: Իմ գաղափարը չի եղել նման արձան սարքել, ոչ էլ մտքովս անցել է»,-ասաց Գ. Ստեփանյանը:

mikoyan-3

– Պարոն Ստեփանյան,  ես տեսա արձանը և զգացի միայն  մի բան՝ խորհրդային  մոնումենտալ պրոպագանդայի  շունչը:    

-Արձանի մասին միայն կարող եմ ասել՝ գրագետ արձան է: Խորհրդային Միությունում անգրագետ արձան չէր կարող դրվել: Իսկ սա արդեն այն ժամանակ դրված արձանի կրկնօրինակն է: Ակադեմիական ոճով սարքված  և ճշգրտորեն նման իրեն:

Իսկ պե՞տք էր նման արձան մեր քաղաքում:

-Ավագանու որոշումը կա: Իսկ մեր քաղաքում այնպիսի արձաններ կան, որոնց մոտով ես չեմ անցնում, ամաչում եմ:

Ինչո՞ւ ի վերջո համաձայնեցիք հետևել աշխատանքներին: Գիտե՞ք, որ աղմուկ կա արձանի տեղադրման շուրջ:

-Ճիշտն ասած՝ շատ տեղյակ չեմ, եթե իմանայի, որ այսքան աղմուկ կլիներ…

Մտավորականությունը դեմ է Երևանում նման արձան դնելուն:

-Ամբո՞ղջ մտավորականությունը: Չեմ կարծում: Իսկ հիմնավորո՞ւմ են՝ ինչո՞ւ: Միկոյանի արած լավ գործերի մասին ոչ ոք չի խոսում: Ինձ իր մասին գիրք տվեցին, որ  նկարը համեմատեմ, նաև իր մասին կարդացի այդ գրքում, ահագին լավ բաներ է արել:

mikoyan-4

– Որքա՞ն գումար  է ծախսվել արձանի վրա:

– Տեղյակ չեմ, ճիշտն ասած, ես անձամբ շահագրգռվածություն չունեմ այդ հարցում:

– Չգիտե՞ք էլ՝  որտե՞ղ  է դրվելու:

– Անկեղծ որ ասեմ՝ գաղափար չունեմ,  հնարավոր է՝ կենտրոնում, հնարավոր է՝ իր անունը կրող փողոցում:

– Իսկ մտահոգություն չունե՞ք, որ Ձեր անունը կկապվի այս արձանի հետ:

– Ոչ, մտահոգություն չունեմ, քանի որ ես չեմ ստեղծագործության հեղինակը: Ես ինքս Իսրայել Օրի քանդակած մարդ եմ, Ջերմուկում է գտնվում:   Իսկ հիմա մեծ երազանքս է  Նժդեհ քանդակել, Արամ Մանուկյան քանդակել…

– Դաշնակցակա՞ն  եք:

– Ոչ մի կուսակցության անդամ չեմ, չեմ էլ եղել, կոմսոմոլ էլ չեմ եղել:

mikoyan-5

– Ուրիշ  ի՞նչ պատվերներ եք ունենում:

– Քանդակագործությունը, առհասարակ, մեծ կայսրություններին բնորոշ արվեստ է: Խորհրդային կայսրությունը փլվեց, պատվերներն էլ քչացան կամ չկան: Եվ առհասարակ, խաղաղության պայմաններում են լինում պատվերներ: Մեր ունեցած խաղաղությունը դեռ լիակատար չէ…

– Իսկ ե՞րբ պատրաստ կլինի արձանը:

– Պատրաստ է…

ԱՆՈՒՇ ԹՐՎԱՆՑ

Հ.Գ.Ձուլող-վարպետ Սամվելը (լուսանկարում) մեր հարցին, թե որքա՞ն բրոնզ է ծախսվել արձանի համար, պատասխանեց. «Ձեր ինչի՞ն է պետք՝ քանիկիլոգրամ բրոնզ է ծախսվել: Երևանում շատ արձաններ եմ ձուլել, բայց ոչ մեկի մասին դեռ չէին հարցրել՝ քանի՞  կգ բրոնզ է ծախսվել»:

Կիսարձանը, պատվանդանի հետ միասին, լինելու է 1,70 սմ, իսկ պատվանդանը, հավանաբար, կլինի սև գրանիտից…  Իսկ դուք, պարոն Արեյան, ասում եք՝ էսքիզային  նախագիծը դեռ  չկա…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս