Բաժիններ՝

Օպերային թատրոնի աշխատակիցները բոյկոտել են «Անուշ» օպերան և միացել «Դեմ ենք» շարժմանը (լուսանկարներ)

Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համընդհանուր դժգոհություն և ընդզվում է` ընդդեմ պարտադիր կենսաթոշակային համակարգի: Այսօր Երևանի Ազատության հրապարակում հերթական բողոքի ցույցն էր` ընդդեմ «պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի, այս անգամ ցույցի կիզակետում Երևանի օպերային թատրոնի աշխատակիցներն էին:

Նրանք բողոքի են դուրս եկել այն փաստից հետո, երբ թատրոնի տնօրինությունն այսօր ուշացումով հատկացրել է աշխատողների աշխատավարձերը`միաժամանակ կատարելով պահումներ` պարտադիր կենսաթոշակային հիմնադրամի համար:

Թատրոնի աշխատակիցները բոյկոտել են «Անուշ» օպերան, որը պետք է կայանար այսօր երեկոյան, և դուրս չեն եկել բեմ` այդպիսով ձախողելով ներկայացումը: Այս կապակցությամբ նրանց էին միացել «Ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության անդամները, ովքեր հայտարարեցին, որ դերասանների կողքին են և պայքարելու են մինչև վերջ:

«Դուրս չեն եկել բեմ այն կապակցությամբ, որ կոպեկներ են տալիս և դա էլ հերիք չէ` պահում են աշխատավարձից»,- ասաց ներկայացման մասնակիցներից մեկը: Ընդ որում, ինչպես նշեց թատրոնի մեկ այլ աշխատակից` նրանց աշխատավարձից պահել են ոչ թե 5, այլ մոտ 10 տոկոս:

Կարդացեք նաև

Իսկ թատրոնի մի քանի դերասաններ և երգիչներ 168.am-ի հետ զրույցում ասացին, թե տնօրինությունը նախորդ նախագահական ընտրություններից առաջ աշխատակիցներին հորդորել է ընտրել նախագահ Սերժ Սարգսյանին` հուսադրելով, թե «ամեն ինչ լավ կլինի», սակայն այժմ հուսախաբ են եղել:

OPera66 OPera44 OPera02

«Եվ, իմիջիայլոց, բոլորն ընտրեցին Սերժ Սարգսյանին, հիմա տեսեք` մարդիկ դա են ասում` եկավ տնօրենը և խնդրեց, որ ընտրեն Սերժ Սարգսյանին, բայց հիմա տեսանք, թե ինչ եղավ»,- ասաց երգչուհիներից մեկը, ով նույնպես չցանկացավ ներկայանալ:

Ավելացնենք, որ թատրոնի աշխատակիցները շեշտեցին, որ իրենցից ոչ բոլորից են կատարվում պահումներ, քանի որ օրենքը չի տարածվում նրանց վրա, սակայն ի նշան համերաշխության` միացել են իրենց կրտսեր ընկերներին:

«Նույնիսկ նրանք, ովքեր ծնվել են 1974 թվականից առաջ, միևնույն է, միացել են այս բողոքին, մենք կանգնած ենք մեր ընկերների կողքին: Եթե մարդ դեմ է, ինչո՞ւ եք պարտադրում և արդեն իրագործում այդ օրենքը»,- ասաց մեներգչուհիներից մեկը:

Մեր հարցին, թե ի՞նչ բացատրություն է տվել թատրոնի ղեկավարությունը` սույն օրենքի կիրառման կապակցությամբ, նա պատասխանեց, թե տնօրինությունը պատճառաբանել է` իբր թե «կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը դեռևս չի գործում, գործելու է մարտի 28-ից, և այդ գումարները պարզապես պահվում են, որևէ տեղ չեն փոխանցվում, և եթե օրենքը կասեցվի, գումարները կվերադարձվեն: «Բայց մեր բողոքը նրա դեմ է, որ այդ օրենքը չհաստատվի,- ավելացրեց մեր զրուցակիցը:- Սա մի քայլ է օպերային թատրոնի կողմից, որը միանում է 74 թվականից հետո ծնված երիտասարդությանը»:

OPera01

OPera

Ինչպես տեղեկացանք, այժմ այս հարցի կապակցությամբ թատրոնում ընթանում է ընդհանուր ժողով: Իսկ մինչ այդ օպերային թատրոնի աշխատակիցները հավաստիացրեցին, որ շարունակելու են գործադուլը, մինչև չվերադարձնեն իրենց աշխատավարձերից պահված գումարները:

Ավելացնենք, որ Ալ. Սպենդիարյանի անվան Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը Կամո Հովհաննիսյանն է, ով նաև Երևանի ավագանու անդամ է` «Հանրապետական» խմբակցությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս