Թեմակալ առաջնորդները «հանգստի են կոչում» Վեհափառին, թեմի քահանաները՝ հնչեցնում նրա անունը և անգամ հիշեցնում «մաքսավորի և փարիսեցու» մասին
Ընդամենը մի քանի օր առաջ Կոտայքի թեմակալ առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը՝ Մայր Աթոռի դեմ դուրս եկած իր մի քանի ծառայակիցներով Մայր Աթոռում էր՝ Վեհափառին հանգստի կոչելու պահանջով:
Այսօր արդեն նրա հանդիսապետությանամբ թեմի առաջնորդանիստ եկեղեցում՝ Կեչառիս վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, մատուցվել է պատարագ, որտեղ, 168.am-ի տեղեկություններով, քահանաները ավանդաբար հնչեցրել են Վեհափառ Հայրապետի անունը:
Ավելին՝ քահանան իր քարոզում պատմել է «փարիսեցու և մաքսավորի» առակը՝ հիշեցնելով, որ պետք չէ պարծենալ, որովհետև ով բարձացնում է իր անձը, կխոնարհվի, ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի:
Ի դեպ, դեռ նախորդ ամիս էինք գրել, որ թեմի քահանաները անհամաձայնություն են հայտնել Առաքել արքեպիսկոպոսի՝ Մայր Աթոռի ու նրա գահակալի հանդեպ որդեգրած դիրքորոշման հանդեպ և անգամ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի ներկայությունը նրանց չէր խանգարել հնչեցնել Վեհափառի անունը նախորդ Պատարագներից մեկի ժամանակ:
Ի դեպ, տեղեկացանք նաև, որ այլ թեմերի այն քահանաները, որոնք Նիկոլ Փաշինյանի պահանջով «խմբագրել» էին Գարեգին Երկրորդի անունը, առանց Փաշինյանի ներկայության՝ հնչեցնում են, ավելին՝ դա արվում է անգամ, այն թեմակալների ներկայությամբ, որոնք Վեհափառին կոչում էին հանգստի, օրինակ, Արարատ քահանա Օրդոյանը՝ Կճոյանի ներկայությամբ:
