«Ձմեռ պապիկ» Սասունցի Դավիթի փոխարեն. ինչպես հեռացնել Նիկոլին, Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը գրում է. ««Ձմեռ պապիկ» Սասունցի Դավիթի փոխարեն. ինչպես հեռացնել Նիկոլին

Երկու պարզ ճշմարտություն է թևածում Հայաստանում՝ գյուղերից քաղաքներ, խոհանոցներից զրուցարաններ ու սրճարաններ, տաքսիներից համալսարաններ ու սոցիալական ցանցեր:

1.) Նիկոլը կորցրել է ժողովրդի վստահությունը: Անվերադարձ:

2.) Բայցև չկա որևէ այլ գործիչ, ում շուրջ մարդիկ կհամախմբվեին ու Նիկոլին կպարտադրեին առաջին ճշմարտությունից բխող իրենց կամքը:

Հարցն այն չէ, որ հայ ժողովրդի արգանդը չորացել է՝ չկա այն մեկ գործիչը, ում հետևից ժողովուրդը կգնար: Վստահ եմ, որ կան նման 100-ավորները: Բայց նրանք փաստացի չկան:
Ինչու՞:

Խորքային պատճառը էպոխան է:

Մի կողմից ժողովուրդը իներցիայով ու պատմա-առասպելական մտածողությամբ դեռ ցանկանում է, որ գա, պատկերավոր ասած, մի նոր ու անխոցելի Սասունցի Դավիթ, ով բոլորի սրտով կլինի, իրենց կհամախմբի ու կհեռացնի Նիկոլին: Ինչպես փաստացի Նիկոլն էր 2018 թ. ժողովրդական ընկալումներում:

Մյուս կողմից մենք ապրում ենք շարունակվող տեղեկատվական հեղափոխության էպոխայում, երբ բացարձակ հանրային հեղինակություններ արդեն չկան՝ հատկապես քաղաքական: Պարզ ասած, 21-րդ դարի սոցցանցերով քաղաքական կյանքում բացարձակ հեղինակություններ այլևս հազիվ թե լինեն՝ սասունցիդավիթներ դժվար թե ծնվեն կամ դառնան: Ու ոչ միայն Հայաստանում:

Ինչու՞:

Որովհետև սոցիալական ցանցերը կերել են քաղաքական բոլոր հեղինակություններին:

Սոցիալական ցանցերն ու քաղաքական հեղինակությունները դարձել են միմյանց բացառող բաներ:
Ամենուր:

Ցանկացած հանրային-քաղաքական գործչի հարյուր հազարավոր օգտատերեր՝ իրական, թե ֆեյք, շատ արագ վերածում են վարկաբեկված, խոցելի ու հեղինակազրկված մարդու: Առավել ևս, եթե դրանում շահագրգռված են մեծ ռեսուրսների տիրապետող ու քաղաքական շահեր ունեցող խմբերը՝ նախևառաջ իշխանությունը, բայց նաև ներքին ու արտաքին այլ դերակատարները: Մեզանում այս պնդումն ապացուցող ժողովրդական մի միտք է շրջանառվում. անգամ Քրիստոսը գար, մեկ շաբաթում սոցցանցերի հայ օգտատերերը նրան կվարկաբեկեին ու կրկին կխաչեին:

Ուշադրություն դարձրեք՝ գնալով ավելի ու ավելի հաճախ են մարդիկ դիմում արհեստական բանականությանն անգամ ամենապարզ քաղաքական իրողությունները գնահատելու խնդրանքով: Ու այդ գնահատականներն էլ ընկալվում են որպես ճշմարտություն, եթե այն գեներցված է անկողմնակալ արհեստական բանականության կողմից: Մինչդեռ, եթե լրիվ նույն գնահատականը ներկայացվեր որևէ քաղաքական գործչի կողմից, այն անմիջապես կասկածի տակ կդրվեր, իսկ հեղինակը կվարկաբեկվեր:

Ստացվում է բավականին պարադոքսալ ու առաջին հայացքից անլուծելի թվացող պատկեր. Նիկոլին մեր ժողովուրդը չի վստահում, բայցև իր ձեռքով սոցցանցերում վարկաբեկում ու ոչնչացնում է այն պոտենցիալ սասունցիդավիթներին, որոնց ինքն այդչափ սպասում է: Բնականաբար, առանց այդ ուղիղ կապը տեսնելու:

Որտե՞ղ է լուծումը:

Հնարավոր երկու լուծումները, երևի, հետևյալն են.

1.) Կամ ժողովրդին առաջարկվում է ոչ թե Սասունցի Դավիթ, ում շատ արագ կվարկաբեկեն, այլ սասունցիդավիթների հավաքական: Չէ՞ որ, երբ ժողովուրդն ասում է Սասունցի Դավիթ, նրան ի վերուստ վերագրում է մեկ բան՝ առասպելական ուժ ու անսակարկելի կամք՝ կյանքի կոչելու իրենց երազանքը: Նույն ուժն ու կամքը խորքային ժողովուրդը վերագրում է նաև համախմբված ու միասնական բռունցք դարձած միավորին՝ այս դեպքում սասունցիդավիթների հնարավոր հավաքականին:

2.) Կամ մեր էպոխայի ընձեռած քաղաքական տեխնոլոգիաների օգնությամբ, ինչը լրիվ հնարավոր է, գծագրվում է իշխանափոխության այնպիսի մի ծրագիր, որտեղ պայմանական Սասունցի Դավիթը մեջտեղ է գալիս դեկտեմբերի 15-ին, բայց «Ձմեռ պապիկի» կերպարով, ում բոլորն այդ մեկ ամսում սիրում ու սպասում են: Իսկ գործն արվում-ավարտվում է մինչև հունվարի 13-ը, որից հետո Ձմեռ պապիկն ինքնաբերաբար դառնում է խոցելի, ժամկետանց ու չսպասված: Դեկտեմբերի 15 – հունվարի 13 պայմանական կարճ հատվածում իշխանության ու նրա շահընկերների համար շատ բարդ է ժողովրդի աչքում վարկաբեկել «Ձմեռ պապիկին», քանի որ նա այդ կարճ ընթացքում, միևնույնն է, սիրված ու սպասված պերսոնաժ է:

Այսինքն, իշխանափոխության այնպիսի մի ծրագիր, որտեղ ժողովրդի սպասած Սասունցի Դավիթը մեջտեղ է գալիս «Ձմեռ պապիկի» տեսքով ու ժամանակային այնպիսի կարճ միջակայքում, որտեղ նրան իշխանությունն ու դաշնակից արտաքին/ներքին դերակատարները չեն հասցնում ու չեն կարողանում մրոտել, վարկաբեկել ու փչացնել:

Հնարավո՞ր է իշխանափոխության նման ծրագիր մշակել:

Այո, հնարավոր է»:

Տեսանյութեր

Լրահոս